26.06.2018 | 
Քաղաքականություն
Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ` 26.06.2018 Թ.-Ի «Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՌԵԿՏՈՐ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ`  26.06.2018 Թ.-Ի «Ո՞Վ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՌԵԿՏՈՐ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
2018 թ.-ի հունիսի 26-ին «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել, որտեղ որպես կատարված փաստ են ներկայացվում մի շարք իրադարձություններ, որոնք իբրև տեղի են ունեցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ:

Հրապարակման մեջ խոսվում է 100 երիտասարդ, թոշակառու և գիտական աշխատանք չունեցող դասախոսների, Արամ Սիմոնյանի բնակարանի և բնակարանի դռան, կրճատումների, սպառնալիքների, դասադուլների, հրաժարականների և անգամ բնակարանի դռանը հարվածելու մասին: Չցանկանալով անդրադառնալ հրապարակման մեջ տեղ գտած բոլոր անհեթեթություններին, այնուամենայնիվ, կանդրադառնանք դրանցից մի քանիսին՝

 

1. Հրապարակման մեջ շատ ճիշտ է նշված, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ապրում է բնակարանում: Երևանի բազմաբնակարանային շենքերը նախագծելիս՝ բնակարաններում չեն նախատեսել 100 հոգանոց դահլիճներ: Սովորաբար, բազմաբնակարանային շենքերի բնակարանները նախատեսված են 1-2 ընտանիքի ապրելու համար: Այդ իմաստով, 100, ընդ որում՝ երիտասարդ դասախոսներ, անգամ մեծ ցանկության դեպքում, ֆիզիկապես չէին կարող տեղավորվել Արամ Սիմոնյանի բնակարանում:

 

2. Դասադուլները, սովորաբար, իրականացնում են այն քաղաքացիները, ովքեր սովորում են: Դասախոսները չեն կարող դասադուլ իրականացնել, քանի որ նրանց ուսումն ավարտվել է և նրանք աշխատում են որպես դասախոս: Նրանք գործադուլի, այլ ոչ թե դասադուլի իրավունք ունեն: Բացի այդ՝ դասադուլներ իրականացնում են այն ժամանակ, երբ ընթանում է ուսումնական գործընթացը: Նյութի հրապարակմանը նախորդող 20-25 օրերի ընթացքում ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն ավարտված էր:

 

3. Եթե որևէ մեկին որևէ լուր է հասնում, ապա լուր ստացողն առնվազն պետք է ճշտի լուրի իսկությունը, հակառակ դեպքում՝ լուրն ապատեղեկատվության կարգավիճակ է ստանում: 26.06.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակումն ամբողջությամբ հիմնված է չճշտված լուրերի վրա,  այն ապատեղեկատվություն է: Ավելին, փորձելով ճշտել լուրը, հոդվածագիրը զրուցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, ով չճշտված լուրի գլխավոր դերակատարն էր (ըստ հրապարակման՝  նա հանդիսանում է ռեկտորի ամենահավանական թեկնածուն): Վերջինս ճշտել և հերքել է լուրը: Այսինքն՝ առկա էր չճշտված տեղեկություն, որը ճշտվեց հենց հոդվածի հեղինակի կողմից:

 

4. Եթե որևէ մեկը ցանկանում է խոսել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ապա նրա այդ ցանկությունը հեշտությամբ իրականացվում է: Շփվելու համար կան շատ ժամանակակից և ավանդական տարբերակներ: Օրինակ, հեռախոսային, ինտերնետային, փոստային կապերը: Կան նաև անձնական շփման միջոցներ, որոնք ևս լայն կիրառում ունեն: Հոդվածագիրը նշում է, որ նա փորձել է կապվել Սիմոնյանի հետ հեռախոսային կապի միջոցով և եզրակացնում է, որ վերջինս «համառորեն» չի պատասխանել հեռախոսազանգերին: Այս պարագայում անհասկանալի է հոդվածագրի գնահատականը: Ի՞նչ է նշանակում «համառորեն չպատասխանել հեռախոսազանգերին»: Եթե խոսակցություն տեղի չի ունեցել, ապա որտեղի՞ց կռահեցիք, որ այն տեղի չի ունեցել համառության հետևանքով: Առկա տարբերակներն այդքան շատ են, որ համառության մասին պնդումներն անհեթեթ են:

 

5. 26.06.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման մեջ մեջբերվում են Արամ Սիմոնյանի խոսքերը՝ «որևէ մեկի հացին վայիս չեմ լինի»: Հայտարարում ենք, որ ԵՊՀ ռեկտորի բառապաշարում նման համակցությամբ բառեր և նախադասություն չի եղել և չկա:

 

6. 26.06.2018 թ.-ի  «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման մեջ տեղ են գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթներ: Մասնավորապես, ըստ հոդվածագրի՝ 100 երիտասարդ դասախոսներ, ովքեր ինչ-որ կերպ տեղավորվել են Արամ Սիմոնյանի բնակարանում, սկսել են սպառնալ ու հարվածել բնակարանի դռանը: Սա հանցագործության մասին զանգվածային լրատվության միջոցի բացահայտ հաղորդում է, որը պետք է գնահատվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով:

 

Այսքանը 26.06.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման վերաբերյալ: Հասկանալի է, որ չենք անդրադարձել հրապարակման մեջ տեղ գտած բոլոր անհեթեթություններին, քանզի կարծում ենք, որ դա անիմաստ և անտեղի զբաղմունք է: Կցանկանայինք միայն նշել, որ Երևանի պետական համալսարանը բաց հիմնարկ է, իսկ տեղեկատվություն փնտրողներին տրամադրում է օրենքով չարգելված, իր տնօրինման ներքո գտնվող ցանկացած տեղեկատվություն: Այդ իմաստով, եթե որևէ լրատվամիջոց տեղեկություն ճշտելու կարիք ունի, ապա դիմում է մեզ և ստանում է հուզող հարցերի պատասխանները: Սա է ճիշտ աշխատաոճը:

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: