15.04.2019 | 
Հասարակություն
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՄ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՄ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ» թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, բիզնես ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը և ԿԲ-ի այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները:

Հանդիպման սկզբում ֆակուլտետի դեկան, Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Սարգսյանը ողջունեց բոլորին ու ասաց, որ իրենք Կենտրոնական բանկի հետ համագործակցում են ամենատարբեր ձևաչափերով:



«Համագործակցության ձևաչափն այսօր ունի հստակ թեմատիկա՝ «Կենտրոնական բանկի անկախությունը որպես ՀՀ սահմանադրականության կարևոր նորմ»: Անկախության հիմնահարցի վերաբերյալ մենք ունենալու ենք զեկուցումներ, ներկայացվելու են մեր աշխատանքների արդյունքները»,- ասաց պարոն Սարգսյանը:

Պրոֆեսորը նշեց, որ կատարված հետազոտություններում ամփոփված են գնաճի ժամանակակից տեսությունների զարգացումները: Նա ասաց, որ առանձնակի անդրադարձ կա նաև գնաճային սպասումների տեսությանը: Բանախոսը բարձր գնահատեց կենտրոնական բանկերի հիմնական նպատակների շուրջ ձևավորված միջազգային փորձի վերլուծությունը և ՀՀ կենտրոնական բանկի անկախության մակարդակը:



Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը խոսքը փոխանցեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին, որը ելույթը սկսեց ծրագրի նպատակների մասին խոսքով:



«Դուք գիտեք, որ Կենտրոնական բանկը չափազանց կարևորում է իր աշխատանքների թափանցիկությունը, հրապարակայնությունը և հանրության հետ կապերի արդյունավետությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ տեղի ունենա երկխոսություն ոչ միայն Կենտրոնական բանկի և հանրության, այլև ԿԲ-ի և ակադեմիական հանրության միջև»,- ասաց բանախոսը և շնորհակալություն հայտնեց Հ. Սարգսյանին և իր թիմին կատարած աշխատանքի համար:

Ծրագրի մասնակից, տնտեսագիտության թեկնածու Ժիրայր Մխիթարյանն իր ելույթը սկսեց Կենտրոնական բանկի անկախության մասին ներածությամբ. «Կենտրոնական բանկերի անկախության գաղափարը Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց 1996 թվականին ընդունված Կենտրոնական բանկի մասին օրենքով, որտեղ ասվում էր, որ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է ՀՀ պետական մարմիններից: Հետագայում այս թեզը բարձրացվեց սահմանադրական մակարդակ: Կենտրոնական բանկերի անկախության գաղափարն այն փոքրաթիվ նորմերից է, որը սահմանադրական մակարդակ է ներմուծվել ոչ թե սահմանադրաիրավական, այլ հենց տնտեսագիտական հիմնավորումներից ելնելով»:



Նա նաև ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի անկախության սահմանադրաիրավական էվոլյուցիան, Կուկիերմանի և GMT մեթոդաբանությունների հիման վրա կատարված կենտրոնական բանկերի անկախության գնահատման արդյունքները:

Ելույթով հանդես եկավ նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանը, որը հետազոտության համաղեկավարն էր: Նա ներկայացրեց իրենց վիճակագրական հետազոտությունների մի մասը, անդրադարձ կատարեց Կենտրոնական բանկի անկախության և գնաճի ու ֆինանսական համակարգի կայունության միջև կապի նկարագրությանը:



Բանախոսը, նկատի ունենալով վերլուծության ժամանակ ուսումնասիրվող 144 երկրների օրինակը, նշեց, որ դրանցից 65-ի Սահմանադրության մեջ իրենց կենտրոնական բանկի մասին նշում կա, և միայն 14-ում են նշված կենտրոնական բանկի նպատակնները: Այդ 14 երկրների թվում է նաև Հայաստանը:

Իրենց կատարած վիճակագրական հետազոտության արդյունքում Ռուբեն Գևորգյանը փաստեց, որ ինչքան ավելի անկախ է երկրի կենտրոնական բանկը, այնքան ավելի կայուն է գնաճի ինստիտուտը: Իր ելույթի վերջում պրոֆեսորն ամփոփեց ՀՀ կենտրոնական բանկի անկախությունը միջազգային գնահատումների համատեքստում:



Բանախոսների ներկայացրած թեմաները մեծ հետաքրքրություն առաջացրին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մոտ: Նրանցից մի քանիսը, այդ թվում նաև Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ Բագրատ Ասատրյանը, որը նախկինում զբաղեցրել է ԿԲ-ի նախագահի պաշտոնը, ևս ելույթ ունեցան:

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
Մաթեմատիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Շահինյանի մասին պատմում է նրա որդին՝ ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Շահինյանը:
ԴԵԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր «Սեռական ոտնձգությունները աշխատավայրում․ Հնդկաստանի իրավական ակտերի վերլուծություն» թեմայով հետազոտություն ներկայացրեց Դելիի համալսարանի հետազոտող Անուշ Գասպարյանը: