16.02.2022 | 
Կրթություն
«ԱՇԽԱՏԻ՛Ր ՄԱՐԶՈՒՄ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ
«ԱՇԽԱՏԻ՛Ր ՄԱՐԶՈՒՄ». ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում փետրվարի 15-ին տեղի են ունեցել «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի պաշտոնական մեկնարկն ու տեղեկատվական հանդիպում ծրագրում ներառված կազմակերպությունների և ուսանողների համար:

«Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) իրականացնում է զբոսաշրջության, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող անվճար մասնագիտական դասընթացների ընդունելություն Տավուշի մարզի 15-29 տարեկան երիտասարդների համար։

 

«Տավուշի մարզում մեր ամենախոշոր գործընկերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն է լինելու, որը ոչ միայն համակարգելու է աշխատանքները, այլև յուրահատուկ կապող օղակ է դառնալու ուսանողների և գործատուների միջև: Մինչև ծրագրի ավարտը տվյալ համակարգիչները մնալու են լսարաններում, որոնցից օգտվելու հնարավորություն են ունենալու ծրագրում ընդգրկված երիտասարդները և մյուս ուսանողները»,- ասում է ՀՕՖ-ի ներկայացուցիչ Ամալյա Եղոյանը, հավելելով՝ դասընթացները հաջողությամբ ավարտած երիտասարդները մրցունակ աշխատանք, հայրենի մարզում ապրելու և արարելու հնարավորություն կունենան:

 

 

Ծրագրի իրականացման ընթացքում՝ մինչև 2026 թ., համագործակցություններ են ձևավորվելու ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, երիտասարդների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ։

 

 

Շրջանավարտները ստանալու են մասնակցության կամ ավարտական վկայականներ, իսկ լավագույնները կապահովվեն նաև աշխատանքով:

 

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժ.պ. Անուշավան Մակարյանը, երիտասարդներ, ուսանողներ։

 

 

Հանդիսավոր արարողությունից հետո ծրագրի կազմակերպիչներն արդեն Դիլիջանում համագործակցության պայմանագրեր կնքեցին ծրագրում ներառված գործարարների հետ:

 

«Մեր խնդիրն է նվազեցնել բացն աշխատաշուկայում առկա աշխատուժի հմտությունների և գործատուների կարիքների միջև, ինչպես նաև ձևավորել աշխատաշուկայի զարգացմանը նպաստող  բարելավված ու գործառնական միջավայր»,- նշում է Ա. Եղոյանը:

 

Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ)-ի կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և «Civitta Հայաստանի» հետ համատեղ:

 

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

 

 

 Վարդուհի Զաքարյան

 

 

Այլ նորություններ
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը: