12.03.2019 | 
Հասարակություն
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ «ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ «ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր անցկացվեց տեղեկատվական հանդիպում կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ։

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

«Հայ կրթական հիմնարկության» ծրագրերի համակարգող Տաթևիկ Մուրադյանը հանդիպման սկզբում ողջունեց ներկաներին ու կարճ ներկայացրեց հիմնարկության գործունեությունը: Նա ասաց, որ բացի կրթաթոշակների տրամադրումից՝ «Հայ կրթական հիմնարկություն»-ը զբաղվում է դպրոցաշինությամբ, իսկ Հայաստանում, Արցախում ու Ջավախքում հիմնարկության ջանքերով արդեն իսկ վերանորոգվել ու հիմնանորոգվել է ավելի քան 200 դպրոց:

Խոսելով կրթաթոշակի մասին՝ նա նշեց, որ այն հիմնականում տրամադրվում է ուսման վարձի չափով, եթե վերջինս չի գերազանցում 600 հազար դրամը:
«Հայ կրթական հիմնարկության» ծրագրերին այս տարի կարող են դիմել Երևանի պետական համալսարանի քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության (բացառությամբ՝ կառավարում), մաթեմատիկայի և մեխանիկայի (այս բաժնի դիմումների ՄՈԳ-ը ընդունվում է 12-ից), կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության (բացառությամբ սերվիսի), ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետների, ինչպես նաև ԵՊՀ իրանագիտության, թյուրքագիտության, արվեստաբանության բաժինների (Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն) ուսանողները:



«Պետք չէ հուսահատվել, եթե ձեր ֆակուլտետը կրթաթոշակային այս տարվա ծրագրում ընդգրկված չէ, քանի որ ֆակուլտետների ցանկն ամեն տարի թարմացվում է ԱՄՆ-ի մեր գրասենյակի կողմից»,- ասաց Տաթևիկ Մուրադյանը:

Նա մանրամասն ներկայացրեց կրթաթոշակի համար դիմելու կարգը, այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են, ինչպես նաև կրթաթոշակ ստանալու դեպքում ուսանողի պարտականությունները: Ուսանողները ստացան «Հայ կրթական հիմնարկության» կայքէջի հասցեն, որտեղ առկա է կրթաթոշակային ծրագրին դիմելու հայտադիմումի օրինակը:

«Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2019 թ. սեպտեմբերից 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ),- ասաց Տաթևիկ Մուրադյանը և ավելացրեց,- կրթաթոշակ ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է սովորել բարձր առաջադիմությամբ, մասնակցել կրթաթոշակ ստացած ուսանողների հանդիպումներին, ինչպես նաև տարեկան առնվազն 120 ժամ կամավորական աշխատանքներ իրականացնել որևէ հաստատությունում»:

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
«ՄԵՆՔ ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԻՐԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ ՄԵՐ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՐԵՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՆՈՎՐՈՒԶԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Երկու ժողովուրդ, մեկ քաղաքակրթություն» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ-իրանական հարաբերություններին և Նովրուզին:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՐԻԳՈՐ ԳՈԻՐԶԱԴՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում այսօր համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: