12.12.2021 | 
Գիտություն
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՀԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «COVID-19»-Ի ԴԵՄ ԱԿՏԻՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՇԱՀԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «COVID-19»-Ի ԴԵՄ ԱԿՏԻՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը շահել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն են հակավիրուսային և հակաբակտերային միացությունների ստացումը և հետազոտությունը, մասնավորապես «COVID-19»-ի դեմ ակտիվ դեղանյութերի ստացումը և դրանց դեղաբժշկական հետազոտությունների իրականացումը:

Դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՀՀ ԳԱԱ նախագահ, ԵՊՀ ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ծրագիրը նախկինում իրականացված նախագծերի օրգանական շարունակությունն է, որոնց արդյունքում գիտական խումբը եկել է այն եզրակացության, որ կարելի է գնալ նպատակաուղղված սինթեզների ճանապարհով, այսինքն՝  սինթեզել կոնկրետ նյութեր:

 

«Նախկինում իմ ղեկավարությամբ իրականացրել ենք 7 ծրագիր, որոնց հիման վրա մեզ արդեն մոտավորապես հայտնի են, թե ինչ կարգի նյութեր է պետք սինթեզել, որոնք կցուցաբերեն ճնշող, արգելակիչ ազդեցություն համապատասխան բակտերիաների և վիրուսների վրա»,- նշեց Ա. Սաղյանը:

 

Նա նշեց, որ դրամաշնորհի շրջանակում ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտն աշխատելու է գործընկեր երկու կազմակերպությունների՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Վրաստանի ագրարային համալսարանի համապատասխան լաբորատորիայի հետ:

 

«Աշխատանքը բաղկացած է երեք մասից: Սկզբում պետք է սինթեզենք քիրալային նոր կատալիզատորներ: Նախատեսում ենք սինթեզել այնպիսի կատալիզատորներ, որոնք կառուցվածքային առումով մինչև այժմ նմանակը չեն ունեցել: Այնուհետև նախատեսում է դրանց միջոցով մշակել մեթոդներ, ապա սինթեզել նոր ոչ սպիտակուցային ամինաթթուներ և դրանցից կազմված պեպտիդներ, որոնք հիմնականում կլինեն cys-պրոտեազ և ser- պրոտեազ ֆերմենտների արգելակիչներ»,- նշեց ծրագրի ղեկավարը:

 

Նրա խոսքով, ստացված նյութերի կիրառմամբ կհետազոտվեն հակաբակտերիալ և հակավիրուսային միացությունների ազդեցությունը ճնշող, արգելակող հատկությունները, որոնք հետագայում արդեն ճանապարհ կբացեն նպատակաուղղված նյութեր սինթեզելու համար. «Ծրագիրը եռամյա է: Երրորդ տարում մենք կունենանք արդեն սինթեզված նյութեր՝ օժտված նման ակտիվություններով, որոնք էլ կկարողանանք առաջարկել դեղագործական ընկերություններին»:

 

Աշոտ Սաղյանը տեղեկացրեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կողմից. «Ճապոնիայի մեր գործընկեր կազմակերպությունը մեծապես հետաքրքրված է այս հետազոտություններով: Մինչև ծրագրի ներկայացումը մենք համատեղ մի շարք քննարկումներ ենք իրականացրել: Նրանք շուտով կայցելեն Հայաստան, մեր մասնագետներն էլ կմեկնեն Ճապոնիա, կիրականացնենք փորձի փոխանակում ճապոնական կազմակերպությունների գիտահետազոտական խմբերի հետ»:

 

Նրա փաստմամբ, Ճապոնիան այսօր քիրալային կատալիզատորների ուղղությամբ աշխարհի առաջատար երկիրն է. «Այնտեղ արդեն արտադրության մեջ ներդրված են քիրալային մի քանի կատալիզատորներ: Կարծում եմ՝ շատ արդյունավետ համագործակցություն կստացվի, քանի որ կա կամք, ունենք նյութատեխնիկական բազա, նախադրյալներ և գիտական ներուժ»:

                                  

Ծրագրի հիմնական մասը, Ա. Սաղյանի հավաստմամբ, կատարվելու է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի բազային լաբորատորիաներում, իսկ աշխատանքի մյուս մասը՝ գործընկեր կազմակերպություններում. «Ծրագրի իրագործմանը մեծապես աջակցելու է Ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնը, որը, կարծում եմ, լուրջ ազդեցություն է ունեցել այս ծրագրի ֆինանսավորման գործում: Կենտրոնում ներդրված են գերժամանակակից հետազոտական մեթոդներ, որոնք հնարավորություն կտան բարձր մակարդակով իրականացնելու նախատեսվող հետազոտությունները»:

 

Ծրագրի ղեկավարի խոսքով, բացի նոր նյութերի սինթեզումից՝ շատ կարևոր է դրանց նույնականացումը. «Այսօր ինչպես դեղագործության, այնպես էլ մյուս ոլորտներում քիրալային մոլեկուլները բավականին պահանջված են: Իմ տեղեկություններով, հայտնի բոլոր դեղերի 30-40 %-ը քիրալային մոլեկուլներ են, որոնց նկատմամբ պահանջն ավելի խիստ է: Դրանք սովորաբար կարող են առաջանալ մի քանի իզոմերների ձևով, որոնցից միշտ միայն մեկն է լինում դեղաբանորեն ակտիվ, իսկ մյուսները խանգարում են: Դրա համար պետք է այնպես սինթեզել, որ ստացվի մեկը, բացի դրանից՝ պետք է որոշել դրանց քիրալային օպտիկական մաքրության աստիճանը»:

 

Նրա խոսքով, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, որոնցից է, օրինակ, թալիդոմիդ պատրաստուկի արտադրությունը, որի կիրառումը 4-5 տարի անց միանգամից արգելվել է, քանի որ պարզվել է, որ նյութն օպտիկապես մաքուր չէ, պարունակում է այլ իզոմեր, որը ցուցաբերում էր տերատոգեն հատկություն, ինչը նորածինների մոտ առաջացնում է հրեշածին տարրեր: 

 

«Այս տեսանկյունից կենտրոնը կարևոր է ոչ միայն ԵՊՀ-ի կամ այս ծրագրի համար, այլև ամբողջ Հայաստանի, քանի որ հնարավորություն է ընձեռում իրականացնելու դեղերի որակի հետազոտություն»,- ասաց Ա. Սաղյանը:

 

Նա փաստեց, որ ծրագրի ավարտին գիտական խումբը կառաջարկի համապատասխան ներդրումային ծրագիր՝ ստացված արդյունքներն արդեն դեղագործական ոլորտում ներդնելու համար: 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: