13.04.2017 | 
Գիտություն
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊՆ ԷՐ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊՆ ԷՐ
Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում մեկնարկեց «Լեզվի մշակութային հայեցակերպը» խորագրով երկօրյա գիտաժողովը:

Արդեն ավանդական դարձած գիտաժողովն այս տարի անցկացվում է 4-րդ անգամ, կազմակերպիչն էլ Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնն է: Այս անգամ կազմակերպիչներն իրենց առջև խնդիր են դրել խթանել համալսարանում օտար լեզվի դասավանդման նորագույն մեթոդների կիրառումը՝ հիմնվելով լեզվի և մշակույթի փոխկապակցվածության վրա:

 

Միջմշակութային հաղորդակցմանն ու լեզվի դասավանդման տարբեր ասպեկտներին նվիրված գիտաժողովի մեկնարկը տրվեց Եղիշե Չարենցի անունը կրող դահլիճում: Այնտեղ հավաքված դասախոսներին, ուսանողներին և հյուրերին նախ ողջունեցին ԵՊՀ գիտքարտուղար Մենուա Սողոմոնյանն ու Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

 

«Գիտաժողովին ներկայացված զեկուզումների թեմաները խիստ արդիական են և մեր ուսանողների համար շատ օգտակար: Այս գիտաժողովում միշտ բարձրացվում են հարցեր, որոնք ուղղված են օտար լեզուների ճիշտ ընկալմանը և ուսուցման մեթոդներին: Երևի պատճառներից մեկը, որ Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնը մեր ուսանողների շրջանում մեծ հեղինակություն ունի, հենց այդ կարևոր ուղղություններով զբաղվելն է»,- նշեց պարոն Աբրահամյանը:

 

Մենուա Սողոմանյանն էլ միջմշակութային հաղորդակցությունը մեկնաբանեց իր մասնագիտության՝ միջազգային հարաբերությունների տեսանկյունից. «Ինչպե՞ս են հարաբերվում պետությունները: Հարաբերվում են իրենց ճանաչածի սահմաններում: Իսկ այդ ճանաչողությունը ձեռք է բերվում հաղորդակցության և մասնավորապես միջմշակութային հաղորդակցության միջոցով»:   

 

Գիտաժողովին մասնակցելու էին եկել անգլերենի մասնագետներ տարբեր բուհերից, ուսումնական կենտրոններից, Հայաստանում խաղաղության կորպուսի ներկայացուցիչներ և ուրիշներ: Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնը սերտորեն համագործակցում է նաև Հայաստանի անգլերենի ուսուցիչների ասոցիացիայի հետ, որի ղեկավար Աննա Առաքելյանը ևս ներկա էր գիտաժողովին և ներկաներին պատմեց կազմակերպության հիմնադրման, գործունեության ու առաջիկա անելիքների մասին: 

 

«Մենք ուզում ենք մեր ուսանողների մեջ զարգացնել բազմամշակութային մտածողություն: Մենք ուզում ենք մեր ուսանողներին հանդուրժողականություն սովորեցնել, հանդուրժողականություն այլոց մշակութային արժեքների նկատմամբ՝ առանց սեփական մշակութային ինքնությունից հեռանալու: Այդ պատճառով այս տարի որոշեցինք ծրագրում ավելացնել ևս մեկ թեմա, որի շրջանակներում կքննարկենք հայկական մշակութային ինքնությունը»:  

 

Գիտաժողովի զեկուցումների թեմաները բազմազան էին՝ անգլերենի դասավանդման մեջ տարբեր մեթոդների կիրառում՝ ժամանակակից տեխնոլոգիաների վերառմամբ, հայկական միջավայրում անգլերենի դասավանդում, հաղորդակցման հմտությունների զարգացում և այլն:

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Հոկտեմբերի 18-19-ը ԵՊՀ այցելեցին Գրոնինգենի կիրառական գիտությունների Հենզի համալսարանի (Նիդերլանդներ) պատվիրության անդամները:
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: