27.10.2017 | 
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԳԻՏԱՓԱՌԱՏՈՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԳԻՏԱՓԱՌԱՏՈՆ
Այսօր Մայր բուհում տեղի ունեցավ «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը, որը կազմակերպել էին աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «Ռուսալ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը:

Գիտափառատոնի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ և ուրիշներ:

 

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ով շրջեց տաղավարներով, զրուցեց ուսանողների և ցուցադրությունների այլ մասնակիցների հետ, ինչպես նաև մասնակցեց գիտափառատոնի շրջանակում  անցկացվող դասախոսություններին և գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություններին: 

 

 

 

ԵՊՀ մեծ դահլիճում գիտափառատոնի պաշտոնական բացման արարողությանը բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Ադոլֆ Զալցմանը:

 

«Գիտափառատոնն ունի բնագիտական ուղղվածություն, սակայն վստահ եմ, որ հասարակական և հումանիտար թևի ուսանողները նույնպես հետաքրքրվածությամբ կհետևեն միջոցառման ընթացքին: Հայաստանյան բուհական համակարգում այս աննախադեպ փառատոնի անցկացման նպատակն է երիտասարդների շրջանում սեր արթնացնել դեպի գիտությունը դեռևս աշակերտական նստարանից»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

 

Ըստ կազմակերպիչների՝ փառատոնի շրջանակում հանրապետության տարբեր դպրոցների շուրջ 3.000 աշակերտներ են այցելել Մայր բուհ: Հարկ է շեշտել, որ դպրոցների հետ աշխատանքրը համակարգվել է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:

 

«Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանն էլ ընդգծեց, որ գիտափառատոնի հիմնական նպատակը գիտության տարբեր ճյուղերի գործունեությունն ընկալելի ու մատչելի դարձնելն է հասարակության տարբեր շերտերի, հատկապես ուսանողների և աշակերտների համար:

 

Այնուհետև հեղուկ ազոտում սառեցված խորհրդանշական կարմիր ժապավենի կոտրմամբ ազդարարվեց միջոցառման սկիզբը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի նախասրահում, դահլիճներում և գրադարանի մասնաշենքում տեղադրված տաղավարներում մասնակիցները սկսեցին իրենց ցուցադրությունները:

 

 

Կենտրոնական մասնաշենքում գործում էին «Գյուտարարություն»,  «Գիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ռոբոտաշինություն», «Ալյումինի արտադրություն» բնագավառները ներկայացնող տաղավարներ: «Գյուտարարություն» հատվածում մասնակիցների համար անցկացվում էին միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր, իսկ «Գիտություն» հատվածում՝ տարաբնույթ փորձեր և ցուցադրություններ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով համտեսելու մոլեկուլային խոհանոցի խորտիկները:

 

«Տեխնոլոգիաներ» ոլորտը ներկայացնող տաղավարում ինչպես ուսանողները, այնպես էլ աշակերտները կարողացան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, մտքի ուժով ղեկավարել առարկաները, եռաչափ գրիչների միջոցով ստեղծել ծավալային կառուցվածքներ, սմարթֆոններն օգտագործել որպես մանրադիտակ, ինչպես նաև վարել գիրոսկուտերներ: «Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները հեռակառավարման վահանակների միջոցով «կենդանացնում էին» ռոբոտներին և հետևում արհեստական ինտելեկտի զարմանահրաշ դրսևորումներին:

 

 

«Մենք հանրության ենք ներկայացնում եռաչափ տպագրիչներ և մանիպուլյացիոն ռոբոտներ, որոնց հանդեպ, ի դեպ, մեծ հետաքրքրություն կա: Պետք է նշեմ նաև, որ տպավորված եմ հայ մասնակիցների տաղավարներով, որտեղ ռոբոտները ցատկում են, քայլում և կոնկրետ առաջադրանքներ կատարում: Իսկապես, շատ հաջողված միջոցառում է»,- ասում է «Ռոբոտաշինություն» հատվածի Ռոստովի հարավային դաշնային համալսարանի տաղավարում ժամանակակից սարքավորումներ ներկայացող Ալեքսանդրա Լիսինան:

 

Փառատոնի մասնակից «Arloopa» ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ղազարյանը ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանին ներկայացրեց «ARLOOPA» հավելվածը, որի միջոցով իրական միջավայրում կարելի է տեսնել ինտերակտիվ բովանդակություն:

 

«Դասագրքերը ևս կարող են դառնալ անիմացիաներով և տեսահոլովակներով, ինչը կնպաստի կրթական գործընթացը շատ ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն»,- ընդգծեց Արմինե Ղազարյանը:

 

Նշենք, որ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, որի հիմնադրման 70-ամյակը համալսարանը տոնել է հոկտեմբերին, և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը, ցուցադրություններին մասնակցում էին նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Գիտափառատոնին կամավորների մասնակցությանը մեծապես աջակցել է նաև ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

 

Ցուցահանդեսի աշխատանքներին զուգահեռ՝ ԵՊՀ մեծ դահլիճում անցկացվում էին դասախոսություններ և «Գիտություն 2.0» («Наука 2.0») հեռուստաալիքի գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություններ: 

 

 

Ապագայի բժշկության մասին փառատոնի մասնակիցներին պատմեց բարձրակարգ բժիշկ-թերապևտ, լրագրող Ալեքսեյ Վոդովոզովը: Օգտակար մանրէների և բակտերիաների մասին դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում գործող մանրէաբանական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Շեստակովը: Իսկ ալյումինի արտադրության տեխնոլոգիային և վերամշակմանն արդրադարձավ տեխն. գիտ. թեկնածու, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտյոմ Անդրիասյանը: Փառատոնի հյուրերը մասնակցեցին նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հայկ Իշխանյանի կողմից ներկայացվելիք «Հետաքրքրաշարժ գիտություն» խորագրով ինտերակտիվ դասախոսությանը:

 

Այլ նորություններ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 7-8-ը ԵՊՀ-ում անցկացվեց Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանը: