29.05.2017 | 
Կրթություն
ՉԻՆԱՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
ՉԻՆԱՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի սաները հավաստագրեր ստացան:

2015 թ.-ից սկսած՝ ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնն իրականացնում է չինարեն լեզվի դասընթացներ, որոնց ընթացքում կենտրոնի սաներն ուսումնասիրում են ոչ միայն չինարեն լեզուն, այլև չինական մշակութային արժեքներն ու ավանդույթները:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ, Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Իսրայելյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին, ներկայացրեց կենտրոնի գործունեությունն ու առաքելությունը:

 

«Մեր կենտրոնը չինարեն լեզվով ու մշակույթով հետաքրքրվածներին հետագայում Չինաստանում սովորելու հնարավորություն է ընձեռում: Ներկայումս մենք Պեկինի համալսարաններից մեկում կրթվող շրջանավարտ ունենք, ինչի համար շատ հպարտ ենք»,- ասաց Արթուր Իսրայելյանը և հավելեց, որ օրեցօր չինարեն լեզվի ու մշակույթի հանդեպ հետաքրքրությունն աճում է:  

 

Կենտրոնի սաները, ովքեր, ի դեպ, միայն համալսարանականներ չեն, հայերենով ու չինարենով շնորհակալություն հայտնեցին կենտրոնի ղեկավարությանն ու դասախոսներ Լիլիթ Հակոբյանին և Ասյա Սամվելյանին՝ ոչ միայն չինարեն լեզվի հմտությունները յուրացնելու, այլև չինական մշակույթի և ընդհանրապես Չինաստանի հանդեպ սիրով լցնելու համար:

 

«Չինարեն լեզուն և ընդհանրապես այն ամենը, ինչ կապված է չինական մշակույթի հետ, ինձ համար շատ հետաքրքիր է: Ուրախ եմ, որ ընտրեցի հենց Մայր բուհի կենտրոնը, քանի որ դասախոսները, իսկապես, տվեցին ավելին, քան պարզապես գիտելիքներ»,- ասում է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողուհի, ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի շրջանավարտ Լուսինե Մկրտչյանը:

 

Այնուհետև կենտրոնի տնօրենը հավաստագրեր հանձնեց ոչ միայն կենտրոնի սաներին, այլև դասախոսներին:

 

Հավելենք, որ առաջիկայում կենտրոնի սաները հնարավորություն կստանան ուսումնասիրելու նաև «Երկրագիտություն» առարկան, որի շրջանակում կծանոթանան Չինաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, շրջաններին և դրանց տնտեսությանը:

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: