18.12.2017 | 
Հասարակություն
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան լսարանում տեղի ունեցավ Արաբերենի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի նախաձեռնությամբ: 2011 թ.-ից ամբիոնում ամեն տարի ավանդաբար նշվում է Արաբերենի միջազգային օրը: Այս տարի միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում արաբական երկրների դեսպանները:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը. «Արաբագիտության ամբիոնը հանրապետության այն կրթօջախն է, որտեղ զբաղվում են ոչ միայն արաբերեն լեզվի ուսուցմամբ, այլև արաբ ժողովրդի պատմությամբ, մշակույթի և արաբական պետությունների ուսումնասիրության հարցերով: Արաբագիտության ամբիոնը մեծ նպաստ ունի հայ-արաբական հարաբերությունների ստեղծման և զարգացման գործում»:

 

 

Ցերեկույթի ընթացքում Արաբագիտության ամբիոնի ուսանողները ներկայացրին արաբ հեղինակների բանաստեղծությունները և երգերը: Պատմեցին նաև այն երկրների մասին, որտեղ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ուսանողները  հնարավորություն ունեն լեզվական վերապատրաստում անցնելու:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհավորեց Արաբերենի միջազգային օրվա կապակցությամբ և նշեց, որ ԵՊՀ-ի արաբագիտության ամբիոնը ավանդաբար եղել և շարունակում է մնալ տարածաշրջանում արաբագիտության գլխավոր կենտրոններից մեկը, որի շրջանավարտները կարևոր տեղ են զբաղեցնում և՛ գիտավերլուծական, և՛ քաղաքական, և՛ կրթական կյանքում:

 

«Արաբագիտության ամբիոնը համարվում է Հայաստանում միակ և ամենակարևոր կենտրոնը, որտեղ բարձր մակարդակով է դասավանդվում արաբերենը: Մեր շրջանավարտները արաբերենի փայլուն տիրապետողներն են»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը և կարևորեց այն իրողությունը, որ հենց Արևելագիտության ֆակուլտետի, մասնավորապես Արաբագիտության ամբիոնի մասնագետներն են Հայաստանի գիտավերլուծական դաշտում ձևավորում կարևոր պատկերացումներ արաբական երկրների, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 

 

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ արաբերենին նվիրված շարադրությունների մրցույթ: Հաղթող ուսանողը մեկ ամսով կմեկնի Եգիպտոս՝ վերապատրաստվելու: Մրցույթի 5 մասնակից ուսանողներին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը նվիրեց Երևան-Դուբայ ավիատոմսեր: Մյուս մասնակիցները պարգևատրվեցին այլ նվերներով:

 

Տեղեկացնենք, որ 1995 թ.-ից ԵՊՀ մի շարք ուսանողներ և դասախոսներ արաբական մի շարք երկրներում՝ Սիրիա, Լիբանան, Քուվեյթ, Հորդանան և Եգիպտոս, մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Այսօր հայ ուսանողները մեկնում են ուսանելու Քուվեյթում, Հորդանանում և Եգիպտոսում: Եռամսյա ամառային դասընթացների մասնակցելու հնարավորություն ունեն նաև Մարոկկոյում: 

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՃԱՌԱԳԻՐ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն էր հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: