11.10.2017 | 
Կրթություն
«ՉՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳԻՐՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«ՉՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ԾՐԱԳԻՐՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ մի շարք ուսանողներ մասնակցել են «Չղջիկների միջազգային գիշեր» ծրագրին, որի շրջանակում կազմակերպվել է արշավ դեպի Գնդեվանքի ձոր:

«Չղջիկների միջազգային գիշերն» ամբողջ աշխարհում անցկացվող ամենամյա միջոցառումների շարք է, որն իրականացնում է Եվրոպական չղջիկների պաշտպանության «Agreement on the Conservation of Populations of European Bats» (EUROBATS) կազմակերպությունը: Հայաստանն այս կազմակերպությանն անդամագրվել է 2016 թվականին: «EUROBATS»-ում Հայաստանը ներկայացնում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ասիստենտ Աստղիկ Ղազարյանը, ով արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում կազմակերպում է «Չղջիկների միջազգային գիշեր» խորագրով միջոցառումը:

 

Այս տարի միջոցառման իրականացմանն աջակցել է Կաթնասունաբանների հայկական ասոցիացիան: Ծրագրի նպատակն է ներկայացնել Հայաստանում տարածված չղջիկներին, նրանց վտանգված տեսակները, իմանալ նրանց օգուտը և մասնակցել կենդանական աշխարհի պահպանությանն ուղղված միջոցառումներին:

 

«Նմանօրինակ միջոցառումները օգնում են մեր հասարակությանը պահպանել Հայաստանի հարուստ, բայց միևնույն ժամանակ վտանգված կենդանական աշխարհը: Մասնակիցների շրջանում շատ մեծ է ոգևորությունը, և ծրագիրը կրելու է պարբերական բնույթ»,- մեզ հետ զրույցում նշեց Աստղիկ Ղազարյանը:

 

 

Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 4-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնում: Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներ, ավագ և միջին դպրոցի աշակերտներ: Դասախոսություններով հանդես են եկել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոսներ Աստղիկ Ղազարյանը, Մարի Առաքելյանը և Կաթնասունաբանների հայկական ասոցիացիայի տնօրեն Տիգրան Հայրապետյանը:

 

Հոկտեմբերի 7-8-ը «Չղջիկների միջազգային գիշեր» ծրագրի շրջանակում կազմակերպվել է արշավ դեպի Գնդեվանքի ձոր, որտեղ մասնակից ուսանողները ներկայացրել են իրենց պատրաստած նյութերը չղջիկների տեսակների վերաբերյալ:

 

Ներկաները հնարավորություն են ունեցել նաև ժամանակակից մեթոդներով՝ չղջիկների համար նախատեսված ցանցերով որսալու 4 չղջիկ, ձայնագրելու նրանց ուլտրաձայները և այլն, այնուհետև ոլոր չղջիկները ուսումնասիրությունից հետո բաց են թողնվել:

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: