17.09.2018 | 
Գիտություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼ ԲՋՋԱՅԻՆ ԱԼԵՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՔԱՐՏԵԶԱԳՐԵԼ ԲՋՋԱՅԻՆ ԱԼԵՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Այսօր մեկնարկեց «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը:

Նշենք, որ վերոնշյալ գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ ֆիզիկայի և սոցիոլոգիայի ֆակուլտետների համատեղ ջանքերով: Գիտաժողովին ներկա էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, Ֆիզիկայի  ֆակուլտետի  ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ֆիզիկական էկոլոգիայի միջազգային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Համլետ Բադալյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Գիտաժողովին տարբեր զեկուցումներով հանդես են գալու Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Եվրամիության տարբեր երկրներից, Անգլիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից հրավիրված գիտնականներ:

 

Կազմակերպիչներից Համլետ Բադալյանը գիտաժողովի բացման ելույթում նշեց, որ «Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա և դրա ընկալման ու հանրայնացման խնդիրը» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի նպատակն է ներկայացնել ոչ իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը մարդկանց առողջության վրա, դրա վտանգավորության ընկալումը, ինչպես նաև դրա մասին բնակչության իրազեկման կարևորության խնդիրը:

 

«Այս գիտաժողովի հիմնական խնդիրներից են ոչ իոնիզացնող ճառագայթների վնասակար ազդեցության մեխանիզմների բացահայտումը, ինչպես նաև քննարկման արդյունքում առաջարկներ ներկայացնել այդ ճառագայթների վնասակար ազդեցություններից պաշտպանվելու կամ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ»,- հավելեց նա:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, կարևորելով երկօրյա միջազգային գիտաժողովի անցկացումը, նշեց, որ  այսօր կարևոր ու հրատապ է հասարակությանն իրազեկել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրների վերաբերյալ: «Հայաստանում այսպիսի թեմայով առաջին անգամ է միջազգային գիտաժողով կազմակերպվում, որի նպատակն է բարձրացնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության սոցիալական ընկալումների ու հիմնախնդիրների կարևորության հարցը»,- ասաց նա:

 

 

 

Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է նաև սոցիոլոգիական ուսումնասիրություն իրականացնել՝ պարզելու, թե ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ գիտակցելու էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրները և դիմակայելու դրանց ռիսկերին:

«Հայաստանում վերոնշյալ հիմնախնդիրները խորապես չեն ուսումնասիրվել, մինչդեռ խնդիրները սոցիալական տեսանկյունից շատ կարևոր են: Էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության խնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում, քանի որ ժամանակակից սարքավորումները շատանում են, իսկ դրանց էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց վրա նույնպես ավելանում է»,- ասաց Արթուր Մկրտիչյանը և հավելեց, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու այն եղանակներին, որոնք կօգնենք նվազեցնել էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության բացասական ռիսկերը:

 

«Կանդրադառնանք նաև այն խնդիրն, թե ինչքանով է մեր հասարակությունը գիտակցում էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության վտանգների մասին, ինչքանով է մեր հասարակությունը պատրաստ վերոնշյալ վտանգները և ռիսկերը հաղթահարելու:  Կարծում եմ, որ դեռևս բավականին աշխատանք կա հասարակությանը էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության ռիսկերի մասին իրազեկելու և համապատասխան հասարակական կարծիք ձևավորելու համար»,- ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:

 

Համլետ Բադալյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ներկայացնել մի ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է քարտեզագրել, չափագրել Երևան քաղաքում բջջային ալեհավաքների ազդեցության ոլորտները, ինչպես նաև առաջարկել դրանց մշտադիտարկման վերաբերյալ մեթոդաբանություն:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
Չինաստանի Չենդու քաղաքի հետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են լուսավորության համար նախատեսված արբանյակ՝ «արհեստական լուսին»:
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի լրանում է «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակը։ Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018 թ.-ի հոկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպել են գիտաժողով: