16.06.2020 | 
Հասարակություն
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ». ԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ». ԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Մանկավարժության ամբիոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը հաղթող է ճանաչվել «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգում: Տիկին Ալեքսանյանի հետ զրուցել ենք մանկավարժության, մանկավարժին բնորոշ հատկանիշների, հայաստանյան կրթական ոլորտի ներկայիս վիճակի և դասավանդման ժամանակ կիրառվող մեթոդների մասին:

- Տիկի՛ն Ալեքսանյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է մանկավարժություն ուսումնասիրեք։ Ի՞նչ նպատակներ ունեիք այն ժամանակ։ 

 

 - Մանկավարժությունը հետաքրքրել է ինձ որպես արվեստ, որի կենտրոնում դաստիարակչական ազդեցությունն է, դրա անկրկնելիությունը, սովորեցնելու տաղանդը և, իհարկե, անձի զարգացման անեզր ճանապարհի բացահայտումը։ Հենց այս առեղծվածն էլ գրավել է ինձ՝ բացահայտելու բոլոր այն գործիքները, որոնց միջոցով հնարավոր է մարդու կյանքի կտրման գործում ներդրում ունենալ։ Հատկապես նպատակ էի դրել ուսումնասիրել այն հանգամանքը, թե ինչպես կարելի է դաստիարակչական ազդեցությունների միջոցով դրական փոփոխությունների հասնել մարդկանց կյանքում։ Իսկ դրա համար կարևոր է ի նկատի ունենալ, որ մանկավարժությունը հիմք է ընդունում մարդուն ուսումնասիրող բոլոր գիտությունների ձեռքբերումները, և դրանով էլ ավելի հետաքրքիր են դառնում մանկավարժական գործընթացների միջգիտակարգային հետազոտությունները։ Եվ հենց այդ միջգիտակարգային կրթական հետազոտություններն էլ այժմ իմ գործունեության կենտրոնում են։

 

- Դուք ինչպե՞ս կսահմանեք՝ ի՞նչ է մանկավարժությունը։

 

- Ինձ համար մանկավարժությունը մի սահմանում ունի, որը տվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա Ի․Կանտը․ «Մանկավարժությունն անհրաժեշտություն է և հնարավորություն, որը թույլ է տալիս առավել պակաս կատարելագործված մարդկանց՝ մանկավարժներին, ազդեցություն ունենալ առավել կատարելագործված մարդկանց՝ սաների, վրա»։ Այս ձևակերպումն արտացոլում է մանկավարժության մասին իմ բոլոր պատկերացումները։ Պարզապես, եթե դու որպես մանկավարժ չես գիտակցում, որ գործ ունես նոր սերնդի հետ, որը ստացել է առավել հարուստ պատմամշակութային ժառանգություն ժամանակագրության մեջ և զարգացման ավելի մեծ հնարավորությունների տեր է, ապա չես կարող հաջողությունների հասնել հենց այդ նույն սերնդի հետ կառուցվող դաստիարակչական փոխհարաբերություններում, ուսուցման դրդապատճառների ձևավորման գործում և նրանց զարգացման ուղղորդման գործընթացում։

 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի մանկավարժը։

 

- Իհարկե, կան մանկավարժի մասնագիտական և հոգեբանական բնութագրիչներ, որոնք մանրամասնորեն ներկայացված են մանկավարժության դասագրքերում։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ մանկավարժը պետք է ձգտի կատարելագործման, զարգացման, որպեսզի համապատասխանի անընդհատ զարգացող սերնդին։

Մարդկության պատմությունն ունի մանկավարժի՝ ուսուցչի վառ օրինակներ, որոնք առավել քան խոսուն են։

 

Համաշխարհային պատմության ընթացքում կարևոր դերակատարում ունեցած անձանց անունների կողքին միշտ հնչել են նրանց ուսուցիչների անունները։ Ուսուցիչներ, որոնք կարողացել են մեծ ձեռքբերումների հասցնել իրենց սաներին։

 

Մանկավարժի խնդիրն է բացահայտել սովորողի մեջ ամբողջ ներուժն ու կատարելագործման հնարավորությունները՝ ցույց տալով դա հենց իրեն՝ սովորողին։ Ցավոք, հաճախ է պատահում, երբ հակառակ երևույթի հետ ենք գործ ունենում, և սովորողներին ցույց է տրվում նրանց սխալները և ոչ թե ձեռքբերումները։ Հենց սրանով է պայմանավորված սովորողի վախը սխալվելուց, հիասթափությունը սովորելուց, և անձի զարգացման սահմանափակումները դեռևս դպրոցական տարիներից։  Մինչդեռ սխալվելը պետք է սովորողն ընկալի որպես փորձ ձեռք բերելու ճանապարհ, նոր բան սովորելու հնարավորություն։ Եթե մենք չսխալվենք և չճանաչենք, թե ինչն է սխալ, չենք կարող հասկանալ նաև, թե ինչն է ճշմարիտ։

 

- Զբաղվում եք նաև գիտահետազոտական աշխատանքով։ Կարևո՞ր է, որ դասախոսը սեփական ուսումնասիրություններն իրականացնի։

 

- Միանշանակ կարևոր է։ 21-րդ դարում սովորողների ինքնուրույնության բարձրացման հիմնախնդիրը պահանջում է, որ ուսուցման գործընթացը ստեղծի հնարավորություններ սովորողների հետազոտական-վերլուծական աշխատանքի և ինքնուրույն կշռադատման համար։ Առանց դրա անհնար է այսօր ունենալ մրցունակ շրջանավարտ։

Եվ քանի դեռ հենց ինքը՝ դասախոսը, չի հասել դրան, ուսանողից չենք կարող պահանջել ավելին։ 

 

Իսկ կրթական հետազոտություններն իմ տարերքն են։ Ես ոչ միայն պարզապես զբաղվում եմ դրանով, այլ նաև իմ ուսանողներին եմ սովորեցնում հետազոտություններ կատարել, որովհետև դասավանդում եմ «Հետազոտությունների պլանավորում և մեթոդներ», ինչպես նաև «Կրթական հետազոտությունների գնահատում» դասընթացներն իմ շատ սիրելի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Կրթության կազմակերպում» մագիստրոսական կրթական ծրագրում։ Իսկ թե ինչ ձեռքբերումներ ունեմ այդ ոլորտում, պարզապես նշեմ, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի նախագահության անդամ եմ և ներկայացնում եմ մեր երկիրն այնտեղ։

 

 

- Տիկի՛ն Ալեքսանյան, գիտական Ձեր հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև կրթության համակարգի փոխակերպումներն ու զարգացումները։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ փուլում է այսօր հայաստանյան կրթությունը, ի՞նչ զարգացումների դեպքում այն ավելի արդյունավետ կդառնա։

 

- Հարցը շատ հետաքրքիր և միևնույն ժամանակ բավականին ընդգրկուն։ Հայաստանյան կրթության համակարգն այսօր գտնվում է մեծ խաչմերուկում, որտեղ հատվում են հետխորհրդային իներցիան, եվրոպական ինտեգրման գործընթացներն ու բարեփոխումները, ինչպես նաև ազգայինի պահպանման ձգտումները։ Այս երեք կողմերն էլ այսօր հավասարապես գոյություն ունեն կրթության բոլոր օղակներում։

 

Շատ կարևոր է, որ կրթության կառավարման ոլորտում որոշումների կայացումը հիմնավորված լինի իրականացված կրթական հետազոտությունների արդյունքներով։ Մենք մի իրավիճակում ենք, որտեղ կարևոր փոփոխություններն ուշացել են կամ մնացել են փաստաթղթերի ու հաշվետվությունների էջերին։  

 

Հետաքրքիր համեմատություն կարելի է անել հենց վերջին իրադարձությունների հետ կապված հեռավար ուսուցման համատեքստում։ Երկար ժամանակ կրթության փորձագետները սոցիալական ցանցերի և այլ հնարավոր միջոցներով բարձրաձայնում էին, թե ինչ է նշանակում հեռավար ուսուցում, վիճում էին սահմանումների շուրջ, քննարկում էին դրա հիմքում ընկած մեթոդաբանությունները։ Մինչդեռ ամբողջ երկրով մեկ մեր ուսուցիչները և դասախոսները, ընդունելով իրենց ուսերին մարտահրավերը, իրականացնում էին առցանց ուսուցում ինչպես որ կարողանում էին, ամենատարբեր ու անհավանական միջոցներով։ Սա շատ տիպիկ է ոչ միայն ստեղծված իրավիճակում, այլև առհասարակ։ Պարզապես չկանխատեսված հանգամանքները խտացրին իրադարձությունները, որոնց արդյունքում շատ բան առավել տեսանելի դարձավ։ 

 

Իսկ հետազոտությունների միջոցով կարելի է արագ վեր հանել բոլոր հնարավոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, մշակել քայլեր և անցնել մեթոդաբանություններով հիմնավորված գործողություններ։

 

- Դասավանդելիս ի՞նչ մեթոդներ եք կիրառում Դուք։ Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևն այս գործում։

 

- Դասավանդման մեթոդների ընտրությունը պայմանավորված է դասավանդվող թեմայով։ Ժամանակակից դասավանդման մեթոդներն այնքան բազմազան են, որ մեծ հնարավորություններ են ընձեռում դասավանդողին։ Պարզապես պետք է տեղեկացված լինել և վերապատրաստումների միջոցով կատարելագործվել։

 

Սա կարևոր է, որովհետև ժամանակակից ուսանողը, տիրապետելով տեղեկատվության տեխնոլոգիաներին և լինելով տեղեկատվական հարուստ հոսքերում, ունի ուսուցման իր պահանջները, որին պետք է համապատասխանի դասախոսը։ Այսինքն՝ պետք է դասախոսը կարողանա համադրել լսարանային աշխատանքի մեթոդները տեղեկատվական հարուստ տեխնոլոգիաների հետ, որպեսզի արդյունավետ աշխատի ուսանողի հետ։

 

Իսկ ԵՊՀ-ն միշտ կատարելագործվելու հնարավորություններ է ստեղծում  դասախոսների համար թե՛ Հետբուհական և լրացուցիչ կրթության վարչության կազմակերպած վերապատրաստումների, թե՛ տարբեր միջազգային ծրագրերի ներգրավման միջոցով։ Որպես կարևոր օրինակ՝ ցանկանում եմ նշել Որակի ապահովման կենտրոնի կողմից «ERASMUS+ PRINTeL» նախագիծը, որի շրջանակում դասախոսները մասնակցել են «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում» վերապատրաստմանը եվրոպական առաջատար համալսարաններում և այժմ էլ իրենց փորձն են փոխանցում գործընկերներին։   

 

Իսկ ուսուցման ժամանակակից մեթոդներից կարևորում եմ սովորողների անհատական և խմբային նախագծերը, որոնցով առավել դյուրին է մեկ տեղում համադրել սովորողների ինքնուրույնությունը, համագործակցությունը, որոնողական աշխատանքը, սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը, հետազոտական աշխատանքը։

 

Ուսուցման գործընթացում առանձնահատուկ կարևորություն եմ տալիս ուսանողների ինքնուրույն աշխատանքներին և հետազոտությունների իրականացմանը, ինքնուրույն վերլուծություններին, ինչպես նաև կատարած հետազոտությունների արդյունքների ձևակերպմանն ու ներկայացմանը։ Դա մի յուրահատուկ ճանապարհ է, որ անցնում ենք ուսանողների հետ միասին, ուսանողն ընթացքում ուղղորդումների միջոցով տեսնում է, թե որտեղ է սխալվել, հնարավորություն է ունենում շտկելու, կատարելագործելու և աշխատանքի ավարտին զգում է, թե ինչքան ձեռքբերումներ ունեցավ։

 

Այս համատեքստում հատկապես կարևորում եմ, որ ուսանողը կարողանա գնահատել իր կատարած ինքնուրույն աշխատանքը։ Միայն ուսանողը գիտի, թե ինչքան կարող էր անել կամ ինչ պետք է ստանար, ինչ ստացվեց իրականում։

 

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին և գործընկերներին։

 

 - Կարևոր է, որ և՛ ուսանողները, և՛ դասախոսները գիտակցեն սեփական դերի կարևորությունը ոչ միայն ուսումնական բարձր առաջադիմություն ու վերջնարդյունքներ ունենալու հարցում, այլև կրթության ընդհանուր փոփոխությունների ու միասնական առաջընթացի գործում։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: