11.01.2022 | 
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ՄԵՆՔ ԵՆՔ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԵՊՀ-Ն ՄԵՆՔ ԵՆՔ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արման Գրիգորյանը ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահն է: Հայոց պետականությանը ծառայելու անսահման ձգտումն է նպաստել նրա մասնագիտության ընտրությանը և դարձել առաջիկա անելիքների հիմնաքարը: Արմանը վստահ է՝ կրթություն ստանալու հնարավորությունն ամենամեծ նվերն է, որ կարող է տրվել երիտասարդին: Ա. Գրիգորյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական կյանքի, ծրագրերի ու նպատակների, ինչպես նաև սիրելի բուհի՝ ԵՊՀ-ի դերի ու նշանակության մասին:

Արմա՛ն, կպատմե՞ք Ձեր մասին:

 

- Ես Արման Գրիգորյանն եմ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի չորրորդ կուրսի ուսանող: Մեկ տարի ղեկավարել եմ ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, այժմ զբաղեցնում եմ ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահի պաշտոնը: Անցածս տարիներին հետահայաց նայելով՝ գործունեության բնույթի տեսանկյունից որպես ամենաարդյունավետ շրջան հպարտությամբ կարող եմ առանձնացնել Արցախի պաշտպանության բանակում ծառայածս տարիները:

 

Ինչո՞ւ և ինչպե՞ս եք ընտրել միջազգայնագետի մասնագիտությունը:

 

- ԵՊՀ ընդունվել եմ 2016 թվականին: Ընկերներիս հետ զրույցներում հաճախ ենք արտահայտում այն միտքը, որ երբ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատելու երազանք-նպատակով ընդունվեցինք ԵՊՀ, այլ էր հանրապետությունը, ու թեպետ հարափոփոխ տարածաշրջանում միջազգային իրադրությունը երկար ժամանակ տեղում կանգնած մնալ չէր կարող, այլ էին նաև մեր պատկերացումները հնարավոր փոփոխությունների վերաբերյալ: Այժմ նույնն է մնացել թերևս մեկ բան՝ հայոց պետականությանը ծառայելու մեր անսահման ձգտումը: Ահա և մասնագիտության ընտրության գլխավոր շարժառիթը:

 

Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց ԵՊՀ-ն:

 

- Ընտանիքիս տարբեր սերնդի ներկայացուցիչներ բարձրագույն կրթությունը ստացել են ԵՊՀ-ում: Սխալ կլինի ասել, որ ԵՊՀ ընդունվելու որոշումս եղել է խորքային ուսումնասիրության արդյունքում, բայց չեմ փոշմանում, և եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ապա նորից կընտրեի Մայր բուհը:

 

Ի՞նչ ակնկալիքներ եք ունեցել այստեղ գալիս. արդյո՞ք արդարացվել են դրանք:

 

- Գլխավոր ակնկալիքս եղել է կրթություն ստանալը: Չեմ կարող չնշել, որ ցավոք սրտի, այսօր մենք հաճախ չենք գնահատում կրթություն ստանալու (այն էլ՝ բարձրագույն) հնարավորությունը, որն ընձեռվում է մեզ: Ես չեմ խոսում կրթված մարդու դերի գնահատման մասին. կիրթ մարդը վստահաբար կգտնի իր տեղը կյանքում: Կրթություն ստանալու հնարավորությունն ամենամեծ նվերն է, որ կարող է տրվել երիտասարդին, այնպես որ, եթե ԵՊՀ կամ այլ բուհի ուսանող եք, կրթական գործընթացի ամենադժվար պահերին էլ (հատկապես քննաշրջաններում) մի պահ հիշեք, որ դուք ունեք այդ հնարավորությունն ու ժպտացեք:  

 

Կրթություն ստանալու ակնկալիքս արդարացվել է այնքանով, ինչքանով ինքս ինձ հուսախաբ չեմ արել, իսկ դա ոչ մի քննության միջոցով պարզել չենք կարող. մեր ողջ կյանքն է քննաշրջան, և այդ քննության ամեն մի «հարց» հաղթահարելիս ենք մենք հասկանում, թե որքանով ենք արդարացրել ինքներս մեր ակնկալիքները: Չեմ կարող չնշել, որ պատիվ եմ ունեցել ճանաչելու մեծավաստակ բազմաթիվ գիտնականների, սեղմելու այն մարդկանց ձեռքը, որոնց անունները նախկինում կարդացել էի գրքերում: Մեծ ձեռքբերում էր նաև գաղափարակից բազմաթիվ ընկերներ գտնելը, որոնց հետ վստահաբար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

 

 

Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք միանալ ՈԻԳԸ-ին:

 

- ՈՒԳԸ-ին միացել եմ զինվորական ծառայությունից հետո, ընկերոջս խորհրդով, ուսանողական ակտիվ կյանքից անմասն չմնալու, նորանոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ստանալու և իհարկե գիտական գործունեությամբ զբաղվելու համար: Ինչպես ժամանակը ցույց տվեց, որոշումս միանշանակ արդարացված էր: Հաշվի առնելով, որ համաճարակային պայմաններում ուսանողական մեր տարիներից մեկուկեսն անցկացրինք հեռավար, ՈՒԳԸ-ի թիմակիցներիս և ընկերներիս հաճախ եմ ասում, որ եթե չլինեին այս կառույցը և համալսարանում ծնունդ առած մեր նախաձեռնությունը, հիշելու շատ քիչ բան կունենայինք:

 

Ինչպե՞ս կգնահատեք ուսանողական կյանքն այստեղԻ՞նչ կառաջարկեիք այն լիարժեք դարձնելու համար:

 

- Կարծում եմ՝ ԵՊՀ-ում ուսանողական կյանքը բավականին հագեցած է: Ճիշտ է, օբյեկտիվ գնահատականի համար համեմատություն է պետք, սակայն այլ բուհում ուսանելու փորձ չունեմ: Վստահաբար կարող եմ նշել, որ ուսանողական կյանքի ակտիվությունն այստեղ ինձ բավարարում է: Մենք համալսարանում ենք առաջին հերթին կրթություն ստանալու համար և չպետք է բաց թողնենք առ այդ որևէ հնարավորություն:

 

Ուսանողական կյանքը լիարժեք դարձնելու համար կառաջարկեի ամենից պարզն ու բնականը. յուրաքանչյուր ոք հնարավորինս պատասխանատու կերպով վերաբերի իր ստանձնած պարտականություններին: Բացի դրանից՝ համալսարանում, և առհասարակ նաև համալսարանից դուրս, կարծում եմ, առավել բարձր ու շատ պետք է խոսվի անհատի պարտականությունների, քան լոկ իրավունքների մասին:

 

Ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք ապագայում:

 

- Ծրագիր-նպատակ-երազանք՝ ծառայել հայոց պետականությանը, հանրապետության արտաքին քաղաքականության իրականացմանը, պատիվ ունենալ ներկայացնելու ՀՀ-ն: Տեսնել հզոր Հայաստան. ահա իմ և գաղափարակիցներիս միակ ու նվիրական երազանք-նպատակ-ծրագիրը:

 

Բացի կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուց՝ ի՞նչ այլ դեր ունի ԵՊՀ-ն Ձեր կյանքում:

 

- Ուզում եմ նշել սոցիալական այն կապիտալը, որը կարողացել եմ ձևավորել ԵՊՀ-ում ուսանելուս տարիների ընթացքում: ԵՊՀ-ում ունեցել եմ և հույս ունեմ, որ դեռ կունենամ բազում հիշարժան օրեր: Ինձ համար մեծ ձեռքբերում է  ուսանողական ընկերներիս հետ հիմնած կազմակերպությունը: Հատկապես մեր ֆակուլտետի բազմաթիվ ուսանողներին, վստահ եմ, ծանոթ կլինի «ՀԱՀԵՆ» անունը: Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունը մեր լուսավոր երազանք-նպատակների ճանապարհին մեր կողմից արված թերևս առաջին լուրջ քայլերից մեկն է: Այսօր կազմակերպությունն իրականացնում է պարբերական դարձած արդեն մի շարք հաջողված ծրագրեր՝ «Ազգային դպրոց», «Պոեզիայի համահայկական փառատոն» և այլն:

 

ԵՊՀ-ում հնարավորություն եմ ունեցել ինձ լիարժեք զգալու և երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մասնաբաժինն են ունեցել այդ լիարժեքության ձևավորման գործում: ԵՊՀ-ում հանդիպել եմ նրան (ժպտում է): ԵՊՀ-ն լուսավոր փուլ է իմ կյանքում, որը, հուսով եմ, դեռ երկար չի ավարտվի:

 

Ուզում եմ դիմել բոլոր ուսանողներին. գնահատեք կրթություն ստանալու հնարավորությունը և վերցրեք ԵՊՀ-ից առավելագույնը: ԵՊՀ-ում կրթությունն արդյունավետ է այնքանով, որքանով մեզ է հաջողվում, որքանով կարողանում ենք արդյունավետ իրացնել մեզ ընձեռված հնարավորությունները: ԵՊՀ-ն լավ բուհ է այնքանով, որքանով մենք ենք հոգատար ու սրտացավ վերաբերում նրան, ԵՊՀ-ն ԵՊՀ է իր ուսանողներով, դասախոսական և կազմակերպչական իր անձնակազմով, ԵՊՀ-ն մենք ենք:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: