18.01.2022 | 
Գիտություն, Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:

Գիտության կոմիտեի կողմից անցկացված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեման, ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ, ներկայացրել են նույն ամբիոնի աշխատակիցներ, պրոֆեսոր Ա. Կիրակոսյանը, դոցենտ Ա. Ասատրյանը, գիտաշխատող Ա. Ավետիսյանը, հայցորդ Ա. Ստեփանյանը, ասպիրանտներ Տ. Ղուկասյանը և Ա. Մովսիսյանը:

 

Մեզ հետ զրույցում Ա. Վարդանյանը նշեց, որ ներկայացված նախագիծը նվիրված է գրաֆենային հետերոկառուցվածքներում տաք լիցքակիրների էներգիական ռելաքսացիայի բնութագրերի վրա արտաքին էլեկտրական և մագնիսական դաշտերի, ինչպես նաև տակդիրի օպտոէլեկտրոնային պարամետրերի ազդեցության տեսական ուսումնասիրմանը:

 

Նրա խոսքով, առաջարկվող ուսումնասիրությունը կարևորվում է ոչ միայն գործող, այլև նախագծվող այնպիսի սարքերի կատարելագործման տեսանկյունից, որոնցում հիմնական դեր խաղում է տաք լիցքակիրների համակարգը:

 

 

«Ֆոտոգրգռված լիցքակիրների ջերմացումը («Thermalization») և հետագա հովացումը («Cooling») դիտարկվելու են ինչպես տարբեր տիպի ֆոնոնների, այնպես էլ գրաֆենային պլազմոնների և «պլազմոն-մակերևութային բևեռային օպտիկական ֆոնոն» պոլարիտոնների առաքման հաշվառմամբ: Կիրառական հեռանկարի տեսանկյունից իրականացվող կարևոր գնահատումներից բացի՝ ակնկալվող տեսական արդյունքներն ունենալու են նաև հիմնարար նշանակություն՝ որպես արտաքին դաշտերի տարբեր երկրաչափությունների և ուժգնությունների դեպքում առաջին անգամ ստացված արդյունքներ»,- ասաց Ա. Վարդանյանը:

 

Գիտական խմբի ղեկավարի վստահեցմամբ, ստացված արդյունքների հիման վրա տեսականորեն մշակվելու է գրաֆենային հենքով տաք-լիցքակրային տրանզիստորի լավարկված մոդել, որը գործարկվելու է որպես տերահերցային դետեկտոր:

 

ԵՊՀ պրոֆեսորը նշեց, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև տեսական գիտելիքների լավ պաշար ունեցող երիտասարդ հետազոտողներին փորձարարական ֆիզիկայով զբաղվելու հնարավորություն ընձեռելը. «Այդ նպատակով դրամաշնորհի տրամադրած միջոցներն օգտագործվելու են՝ տեխնիկապես համալրելու մեր հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու նրանց փորձառությունն օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ»:

 

Պահանջների համաձայն՝ խումբը համագործակցելու է օտարերկրյա գործընկերոջ հետ, ինչը ենթադրում է փոխայցելություններ և համատեղ միջոցառումների իրականացում: Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց նախագծի օտարերկրյա գործընկերն է հայտնի փորձարար ֆիզիկոս, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Յա-Հոնգ Քսին (Ya-Hong Xie):

 

«Մեր գործընկերոջ հրապարակած 229 գիտական հոդվածներից շուրջ 50-ը նվիրված են գրաֆենային հետերոկառուցվածքների ստացմանը և ուսումնասիրմանը: Մեր խմբում ընդգրկված հետազոտողները հիմնականում տեսաբան ֆիզիկոսներ են, իսկ օտարերկրյա գործընկերոջ հետ աշխատանքը հնարավորություն է ընձեռելու տեսական հետազոտությունները սերտորեն կապելու հետա­զոտվող համակարգերի գործնական իրականացման և կիրառական հեռանկարի հետ»,- փաստեց գիտական ղեկավարը: 

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
ՄԵՏԱՂ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԹ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԷԼԵԿՐՈՆԱՅԻՆ ՓՆՋՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մետաղ պարունակող միացությունների ազդեցությունը ԴՆԹ-ի կառուցվածքային փոփոխությունների վրա էլեկտրոնային փնջով ճառագայթահարման դեպքում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկն․ Լուսինե Ալոյանի հետ:
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ պատմության և աստվածաբանության ֆակուլտետների կազմակերպած «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխումները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում էին դիվանագիտական ոլորտի բազում աշխատակիցներ, ինչպես նաև գիտական հանրույթի այլ ներկայացուցիչներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից: