06.02.2019 | 
Կրթություն
ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՄԱՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ
ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՄԱՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի և ուսումնական գործընթացի ապահովման բաժնի աշխատակիցներն առցանց ուսուցման կառավարման համակարգում մշակել են ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետների բակալավրիատում դասավանդվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմունքներ» առարկայի ինտերակտիվ դասընթաց:

Դասընթացի կառուցվածքի և նյութերի մատուցման ձևաչափի մասին զրուցել ենք ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար, տեխն. գիտ. թեկնածու Արթուր Ավագյանի հետ:

 

- Պարոն Ավագյան, ինչպե՞ս և ինչո՞ւ է ստեղծվել դասընթացը: Ո՞րն է դրա նպատակը:

 

- Կենտրոնում շարունակաբար իրականցվում են աշխատանքներ տեղեկատվական արդի տեխնոլոգիաների մշակման, ներդրման և գործարկման ուղղությամբ:  Նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակման միջոցով կրթության աջակցումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքում նախագծվել են մի շարք բազմաչափ պարամետրիզացված շաբլոններ: Դրանք կիրառելի են ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական դասընթացներում:

 

Կատարված հետազոտությունների հիման վրա մշակվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմունքներ» համահամալսարանական ինտերակտիվ առցանց դասընթացը, որի նպատակն է մատչելի կրթական ռեսուրսների օգտագործմամբ ստեղծել վիրտուալ հարթակ դասավանդման և ուսումնառության նորարարական տեխնոլոգիաների խթանման և տարածման համար: Այն կնպաստի ուսումնառության ընթացքում ուսանողի ինքնուրույն աշխատանքի չափաբաժնի ընդլայնմանը և ուսուցանվող նյութի յուրացմանը: Բացի դրանից՝ փաստաթղթերի վերամշակման տեխնոլոգիաների շնորհիվ՝ հնարավոր կլինի ներդնել տվյալների վերլուծության տեխնոլոգիաներ, որոնք բազմաթիվ խնդիրներ լուծելիս թույլ կտան հաշվարկելու, վերլուծելու, գրաֆիկական տեսքով ներկայացնելու տարաբնույթ տվյալներ: Դասընթացի շրջանակում նպատակ ունենք նաև ուսանողներին ծանոթացնել ցանցային տեխնոլոգիաներին:

 

- Ո՞ւմ համար է այն նախատեսված:

 

- Դասընթացը նախատեսված է բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև համակարգչային գիտելիքներ ձեռք բերել ցանկացողների համար։

 

- Ինչպե՞ս են մատուցվում դասընթացի նյութերն ուսանողներին:

 

- Համակարգում տեղադրվել են դասընթացի դասախո­սու­թյունները, տեսանյութերը, աշխատանքային ֆայլերը, գործնական առաջադրանքները, դասընթացի հարցերի ցանկը: Յուրաքանչյուր դասի համար կազմվել են նյութն ամրապնդող ստուգողական աշխատանքներ: Նախատեսված են առցանց թիմային նախագծեր և քննարկումներ: Ապահովված է ուսանողների և դասախոսի երկկողմանի անմիջական կապը: Կիրառված են ուսումնական գործընթացի մշտադիտարկման, հետադարձ կապի և խաղարկային բաղադրիչի միջոցներ:

 

- Իսկ ինչպե՞ս է իրականացվում դասընթացի ստուգարքը:

 

- Յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո նյութի յուրացման մակարդակը ստուգվում է ամփոփիչ աշխատանքով՝ առցանց եղանակով: Դասընթացի վերջում ուսանողը հանձնում է ստուգարքային թեստ:

 

- Ի՞նչ առավելություններ ունի դասընթացը:

 

- Մշակված ուսուցման մոդելը ապահովում է մատուցվող նյութի առավելագույն հասանելիություն և թափանցիկություն: Թեմատիկ, գործնական, ինտերակտիվ տեսանյութերը հեշտացնում են նյութի արագ և առարկայական ընկալումը: Ուսանողը թեստի ավարտից անմիջապես հետո տեսնում է արդյունքի վերլուծությունը: Դասընթացը հասանելի է ինչպես «սմարթ» հեռախոսների, այնպես էլ սովորական համակարգիչների վրա:

 

- Որո՞նք են դասընթացի ակնկալվող վերջնարդյունքները:

 

- Ակնկալվում է, որ դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ, որոնք կօգնեն լաբորատոր, գործնական և արտալսարանային առաջադրանքների կատարման ժամանակ: Դասընթացի ավարտին ուսանողը կպատկերացնի գրասենյակային ՏՏ գործիքների օգտագործման բազմաֆունկցիոնալ հնարավորությունները։

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԴՅՈՒՐԻՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալսարանում այսօր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց «Փաստերի ստուգման ուղեցույցը»։
ԵՊՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կազմակերպել էր հանդիպում ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված ԵՊՀ ուսանողների հետ: