08.03.2018 | 
Հասարակություն
55 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԵՊՀ-Ն ԱՐԺԱՆԻ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ»
55 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԵՊՀ-Ն ԱՐԺԱՆԻ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ»
ԵՊՀ կադրերի բաժնի վարիչ Աշխեն Հովսեփյանը 17 տարեկանից աշխատում է համալսարանում: Լավագույն տարիները Մայր բուհում անցկացրած տիկին Աշխենն այս տարի մեկնում է վաստակած հանգստի:

- Տիկի՛ն Աշխեն, ե՞րբ եք առաջին անգամ ԵՊՀ եկել, քանի՞ տարի է, որ այստեղ եք:

 

- ԵՊՀ-ում աշխատանքի եմ անցել 1962 թ.-ի սեպտեմբերի 24-ից: Մեր բաժնում աշխատակից ունենք, ով ծնվել է հենց այդ նույն տարում՝ այդ նույն օրը: Սկզբում անցել եմ աշխատանքի, ապա 1963 թ.-ին ընդունվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ՝ երեկոյան հերթով ու ավարտել 1969 թ.-ին: Առաջին աշխատանքս եղել է որպես մեքենագրուհի, հետո դարձել եմ տեսուչ, ավագ տեսուչ, այնուհետև՝  Կադրերի բաժնի վարիչի տեղակալ, իսկ 1994 թ.-ից մինչ այսօր էլ Կադրերի բաժնի վարիչ: Ստացվում է, որ 17 տարեկանից մինչ այսօր այստեղ եմ, 55 տարի: Առաջին օրվանից էլ շատ սիրեցի համալսարանը: Այստեղ հաճելի էր ամեն ինչ. թե՛ մթնոլորտն էր գրավում, թե՛ կոլեգաները, թե՛ շփումը լավ մարդկանց հետ:

 

- Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

 

- Պատկերացրեք, որ դժվարություններ որպես այդպիսիք չեն եղել: Միայն սկզբում, երբ նոր էի եկել: Այդ ժամանակ դեռ սկսնակ էի ու ոչ պրոֆեսիոնալ. 17 տարեկան և նման հաստատություն: Աստիճանաբար սկսեցի ինքնուս սովորել շատ բաներ ու հարմարվեցի գրասենյակային աշխատանքին: Քիչ-քիչ ընտելացա ու բարձրացա աստիճաններով: Դժվար ժամանակահատված չենք ունեցել: Պարզապես ամեն նորամուծության դեպքում, իսկ ԵՊՀ-ում դրանք շատ են լինում, պիտի աշխատես ինքդ քեզ վրա: Հատկապես մեր աշխատանքի դեպքում պիտի քաջատեղյակ լինես Աշխատանքային օրենսգրքին, զգույշ լինես, սխալներ թույլ չտաս, որովհետև մարդկանց ու նրանց ճակատագրերի հետ գործ ունես:

 

- Ի՞նչ հետաքրքիր դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

 

- Համալսարանում բոլոր դեպքերն ու դեմքերը հետաքրքիր են: Գործ ենք ունենում շատ լավ մասնագետների, դասախոսների ու գիտնականների հետ: Միշտ հպարտացել եմ, որ աշխատում եմ նման մարդկանց հետ, ամենակարևորը՝ քաղաքավարի ու կիրթ: Առանձին հետաքրքիր դեպքեր հիմա չեմ հիշում, բայց այն, որ մեր աշխատանքային առօրյան միշտ հետաքրքիր է եղել, դա հաստատ է:

 

- Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ԵՊՀ-ում  փաստորեն 7 ռեկտոր է փոխվել:

 

- Այո՛, պարոն Սիմոնյանը 7-րդ ռեկտորն է, ում հետ աշխատում եմ: Բոլորը շատ լավ են ղեկավարել համալսարանը: Դա է փաստում բուհի այսօրվա զարգացվածության բարձր մակարդակը: Համալսարանը միշտ քայլել է ժամանակին համընթաց, տեղին ու ժամանակին լուծել սերնդափոխության հարցը ու բաց եղել նորամուծությունների համար:

 

 

- Տիկի՛ն Աշխեն, կպատմե՞ք  Ձեր ընտանիքի մասին:

 

- Ամուսնացել եմ 1970 թ.-ին: Ունեմ երկու երեխա: Տղաս և աղջիկս նույնպես սովորել են համալսարանում: Երկուսն էլ ընտանիք են կազմել և ինձ 3 թոռնիկ պարգևել:

 

- Ինչպե՞ս եք համատեղել ընտանիքն ու կարիերան:

 

- Մեծ դժվարությամբ: Այն ժամանակ ֆիզիոլոգիական արձակուրդը մեկ տարի էր միայն: Այսինքն՝ երբ լրանում էր երեխայի մեկ տարեկանը, պիտի վերադառնայիր աշխատանքի: Շատ մեծ դժվարություններ եմ կրել: Ցավոք, սկեսուրս շուտ է մահացել ու ինձ օգնողներ չեն եղել: Ամեն ինչ արել եմ, որ ոչ մի կողմը չտուժի՝ ո՛չ ընտանիքս, ո՛չ էլ այս բարդ ու պատասխանատու աշխատանքը:

 

- Այս տարի արդեն անցնում եք վաստակած հանգստի, ի՞նչ զգացողություններ ունեք:

 

- Ամենալավ տարիներս անցկացրել եմ համալսարանում և ուրախ ու հպարտ եմ, որ դրանք բովանդակալից և հիշարժան են անցել: ԵՊՀ-ին շատ բաների համար եմ պարտական: Այո՛, գնում եմ հանգստի, իմ ուժերով վաստակած հանգստի: Իհարկե, չեմ պատկերացնում կյանքն առանց համալսարանի, բայց հանգստի կարիք իսկապես ունեմ: Շատ գոհ և շնորհակալ եմ բոլորին: ԵՊՀ-ն այն օրրանն է, որ յուրաքանչյուր ոք կերազեր այստեղ աշխատելու մասին:

 

 - Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր դեռ նոր են գալու այստեղ աշխատանքի:

 

- Նվիրումով ու ջանասիրությամբ մոտեցե՛ք գործին, ներդրե՛ք ձեր ուժն ու կորովը, որ ամեն ինչ լավ ստացվի, բացթողումներ չլինեն: ԵՊՀ-ն արժանի է հավատարիմ աշխատակիցների:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: