11.05.2018 | 
Հասարակություն
«1988 ԹՎԱԿԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՎԵՐՋՆ ԷՐ, ԻՍԿ ՍԱ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՍԿԻԶԲՆ Է».ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆ
«1988 ԹՎԱԿԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՎԵՐՋՆ ԷՐ, ԻՍԿ ՍԱ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ՍԿԻԶԲՆ Է».ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆ
ԵՊՀ փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Ոսկանյանը մեզ հետ զրույցում խոսել է հիպիական շարժման, մարքսիզմի և վերջին իրադարձությունների մասին:

Հույսի մասին

 

Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ հեղափոխությունը միշտ էլ անում են երիտասարդները, որովհետև երիտասարդները շատ ավելի եռանդուն են և մեծ հույսեր են կապում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ուսանողներն առավել ակտիվ են, կյանքից առավել քիչ հիասթափված, բնականաբար նրանք ավելի շատ են հավատում, որ իրենց նախաձեռնությունները կյանքի կկոչվեն:

 

1988 թվականի շարժման ժամանակ մի բելգիացու հարցրել են՝ ինչո՞վ են տարբերվում մեր ցույցերը ձեր ցույցերից, որոնք դուք անում եք Եվրոպայում: Նա պատասխանել է կարճ և դիպուկ՝ «Too much hope» (հույսը չափից շատ է): Այս իմաստով երիտասարդությունը բավականին ոգևորված է: Բայց այն, ինչ կատարվում է առանձին դեպքերում, իհարկե, տպավորիչ է:

 

Դրանցից մեկը 1968 թվականին առավել կոնկրետ Ֆրանսիայում և Գերմանիայում տեղի ունեցած եվրոպական ուսանողական շարժումներն էին:

 

 

Երիտասարդությունը դժգոհ էին սպառողական հասարակության բնույթից, այսինքն` տիպիկ երիտասարդական մոտեցում էր այն հարցին, որ մարդիկ ապրում են կեղծ կյանքով: Թեև նրանք պատրաստ էին իրենց հագուստների վրա գրել «Make love no war», բայց միտումը մի բանի մասին էր՝ «Դուք կեղծ կյանքով եք ապրում»: Հենց այդ ժամանակ առաջացավ նաև հիպիական շարժումը:

 

Հիպիներն ու մարքսիստները

 

Մենք գիտենք, որ գոյություն է ունեցել ֆրանկֆուրտյան մարքսիզմի դպրոց: Այնտեղ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել Հերբերտ Մարկուզեն: Բնականաբար, նա մարքսիստ էր: Երկար ժամանակ ինձ համար անհասկանալի էր, թե ինչու՞ է Մարկուզեն մարքսիստ, եթե նա հիպիների շարժման մեջ մեծ հեղինակություն ուներ: Ի՞նչ կապ ունեն միմյանց հետ այս երկուսը:

 

 

Բայց հետո տրամաբանությունն օգնեց այդ կապը գտնել. չէ՞ որ Մարքսն ասում էր, որ կապիտալիստական աշխատանքի կազմակերպման ձևն օտարում է մարդկանց իրարից: Հասարակության անդամներն օտարանում են : Եվ որպեսզի մարդը կարողանա իրեն վերադարձնել իր մարդկային բնույթը, պետք է հաղթահարի օտարումը:

 

 

Հիպիները փնտրում էին օտարման հաղթահարման իրենց ձևերը. մերժել կեղծ հասարակությունը, միշտ միմյանց հետ լինել, ապրել մարդկային նորմալ կյանքով:

 

Շարժումներն ու ուսանողական մաքսիմալիզմը

 

Կա մի շատ հայտնի ֆիլմ՝ «Զաբրիսկյան կետ» անվամբ, որը նկարահանվել է 1970 թվականին և պատմում է հենց այդ շարժումների մասին: Գլխավոր հերոսուհին վերջում նայում է մի դղյակի և ատելությամբ լցվելով այդ հղփացած կյանքի հանդեպ՝ կարծես թե մտովի պայթեցնում է դղյակը: Այսինքն` պայթում է բարեկեցիկ կյանքը, որի հիմքը կեղծ էր:

 

Բայց այդ մաքսիմալիստական շարժումը հակասության մեջ է մտնում երբեմն իսկապես իրական հնարավորությունների հետ, ինչը և տեղի ունեցավ Գերմանիայում, մի կողմից ուսանողական շարժումն էր, որը կապվում էր մարքսիստական հարցադրման հետ, մյուս կողմից՝ ֆրանկֆուրտյան մարքսիզմի դպրոցը, որի ամենաակնառու ներկայացուցիչն այդ ժամանակ Թեոդոր Ադորնոն էր:

 

Թեոդոր Ադորնոն չի գտնում այն մոդուսը, որով կարելի էր աշխատել ուսանողների հետ: Ուսանողը պայքարում է այն մեթոդներով, որոնք իրեն սովորեցրել էր Թեոդոր Ադորնոն: Արդյունքում ուսանողական այդ շարժումը թշնամանում է իրենց իսկ տեսական առաջնորդների հետ: Այստեղ մենք տեսնում ենք սերունդների հակադրությունը:

 

Իրականում բոլոր տեսաբաններն առաջադեմ հայացքներ ունեցող մարդիկ էին, բայց ուսանողական մաքսիմալիզմը, որը մեծամասամբ բռնկումների առիթ է դառնում, շատ հաճախ տարիքային տարբեր խմբերի կողմից չի ընդունվում:

 

Շարժման առանձնահատկություններ. վախի գործոնի մասին

 

1988 թվականի շարժման ժամանակ Հայաստանի քաղաքացիների մեջ զարմանալիորեն վախ չկար: Այդ տարիների սովետական իրականությունից վախը գնացել էր: Չկային ստալինյան ճամբարները, չկային համատարած հետապնդումները, մարդիկ ապրում էին բարեկեցիկ կյանքով, և նրանք ունեին արժանապատվության զգացում: Եվ հենց այդ շարժումն էր, որ հանգեցրեց 1988 թվականի իրադարձություններին:

 

 

Մարդիկ գնում էին տանկերի և զինվորների դեմ, բախումներ էին տեղի ունենում, որոնց արդյունքում մարդիկ զոհվեցին, բայց միևնույնն է՝ վախ չկար: Հետո այդ ամենը դեգրադացվեց: Բայց սա արդեն այլ պատմություն է:

Անկախ Հայաստանում մարդիկ ավելի շատ էին վախենում: Հատկապես վախենում էին իրենց նյութական հնարավորությունները կորցնելու համար: Մարդիկ գիտեին, որ իրենց կարող են աշխատանքից ազատել, հետապնդել և այլն: Դրա համար բողոքի շարժումները շատ համեստ ձևերով էին ընթանում, որովհետև մարդիկ չէին համարձակվում տնից դուրս գալ և նախընտրում էին լավագույն դեպքում այդ ամենին հետևել առցանց: Գիտեին, որ վերահսկողությունը շատ մեծ է:

 

Այս առումով տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր բան: Աճեց մի սերունդ, որը նորից այդ վախը չունի: Այսօրվա ուսանողը նորից չի վախենում: Նրանք շատ ավելի անկախ են ու բաց՝ աշխարհի առջև, միևնույն ժամանակ, կախվածությունն էլ շատ ավելի քիչ է. աշխատանքից չեն ազատի, նյութական որևէ տույժ չի կիրառվի: Եվ փա՛ռք Աստծո՝ վախենալու ոչինչ տեղի չունեցավ: Այն համարձակությունը, որով նրանք մտան խաղի մեջ, շատ կարևոր էր:

 

 

Շարժման առանձնահատկություններ. անցած ճանապարհի մասին

 

Երկրորդ կարևոր կետն այս ընթացքում ճանապարհ անցնելն էր: Շարժումից առաջ տեղի ունեցան շատ այլ փոքր կամ մեծ մասշտաբի քաղաքացիական շարժումներ ինչպես օրինակ՝ «Մաշտոցի պուրակն» ու «Էլեկտրիկ Երևանը»:

 

Երեկ, երբ ես խոսում էի Մանվել Սարգսյանի հետ, ով շատ ակտիվ մասնակցել է այդ շարժմանը, նա ասաց, որ այս ընթացքում ոչ միայն քաղաքացին հասունացավ, այլ նաև ձևավորվեց և աճեց ոստիկանության համակարգը: Այն նույնպես կրթվեց և հասկացավ, թե ինչ է հնարավոր անել, ինչը՝ ոչ: Այսինքն՝ ոստիկանությունն ու քաղաքացին միասին ճանապարհ են անցել:

 

Ես շատ ուրախ էի, երբ իմ նախկին ուսանողներից մեկը ինձ ասաց՝ տեսա՞ք, որ այն, ինչ սովորեցրել էիք տեսականորեն, այս օրերին մենք կիրառեցինք գործնականում: Դա, իհարկե, շատ տպավորիչ էր:

 

Շարժման առանձնահատկություններ. սկզբի և վերջի մասին

 

Հաջորդ կետը, որ կուզենայի հատուկ շեշտել, այն մասին է, որ տեղի ունեցածը 1988 թ.-ի շարժման շարունակությունն է, որը և՛ այդպես է, և՛ այդպես չէ:

Ի վերջո, ես կհամարձակվեի ասել, որ 1988 թվականն ինչ-որ բանի վերջն էր, իսկ սա ինչ-որ բանի սկիզբն է:

 

Երբ ես այդ օրերին քայլում էի քաղաքում, մտածում էի՝ պատմության մեջ ինչի՞ հետ կարելի է կատարվածը համեմատել, մանավանդ, որ վերջին տարիներին Հայոց պատմություն եմ դասավանդում և առիթներ ունեի համեմատելու համար: Ես համոզվեցի, որ տեղի ունեցածը ոչ մի բանի հետ հնարավոր չէ համեմատել: Չկար պայքար օտար թշնամու կամ արտաքին ուժերի դեմ, բայց կար հասարակությունը վերակառուցելու խնդիր: Սա ինքնուրույն քայլ է:

 

Բացարձակապես չի օգտագործվել հնից վերցրած որևէ սիմվոլ կամ միջոց: 1988-90 թվականներին անընդհատ երգեր էին հնչում ՝«Արդյոք ո՞վքեր են» կամ «Արյունոտ դրոշ», որոնք ունեին պատմական ծագում:

 Այս շարժման ժամանակ այդ ամենը չկար, և խնդիրը ոչ թե ունեցածը ժխտելու կամ մոռանալու մեջ էր, այլ պարզապես դրա կարիքն էլ չկար: Եվ շատ լավ կլիներ, եթե մենք առաջիկա տարիներին տեսնեինք, որ դա ոչ թե պատահական պոռթկում էր, այլ մի նոր սկիզբ:

 

Ցանցայնության մասին

 

Համալսարանը հենց ինքն ուսանողն է: Հասկանալի է, որ հիմա մենք որևէ հեղափոխություն չունենք: Մենք այս պահին կարող ենք միայն արձանագրել ժողովրդի կամքի դրսևորում, ինչ-որ բանի մերժման ցանկություն: Այն, որ վարչապետ կամ պաշտոնյաներ են փոխվել, դեռևս հեղափոխություն չէ: Հեղափոխությունը ողջ հասարակության վերակառուցումն է: Դրա համար պետք է, որ այդ ցանցայնությունը, որով աչքի ընկավ այս պայքարը, լինի ամենուրեք:

 

Ոչ մի վարչապետ ու կառավարություն չեն կարող բոլոր տեղերում առանձին-առանձին ամեն ինչ վերափոխել, եթե տվյալ կազմակերպությունն ի վիճակի չէ վերափոխվելու: Այս շարժումը կփրկվի, եթե այդ ինքնավարության գաղափարն ամենուրեք դրսևորվի:

 

Ուսանողները պետք իմանան, որ իրենք բուհի տերերն են, բայց ոչ թե ամենաթողության, այլ որպես շահագրգիռ ուժ, որակյալ կրթության կերտման հարցում:

Յուրաքանչյուր հիմնարկում պետք է իսկապես լինեն արհմիություններ, որոնք կլինեն ոչ թե տոն օրերին նվեր առնելու համար, այլ կպայքարեն աշխատողի իրավունքների համար: Այսօրինակ արհմիությունների պակաս մենք շատ ունենք:

 

Ամեն ինչ, այդ թվում նաև բուհերը պետք է լինեն ցանցային, այսինքն՝ յուրաքանչյուր բուհ պետք է ունենա իրական ինքնավարություն, իսկ դասախոսների ու ուսանողների ջանքերով պետք է որոշվեն բուհի հետագա անելիքները: Իսկ թվարկածները թղթի վրա արդեն գրված են, դրանք պարզապես իրականացնել է պետք:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՍՕՐ Է». ԹՈՄԱՍ ՄԱՅԵՐ ՀԱՐԹԻՆԳԵՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 15-ից 17-ը տեղի ունեցավ Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի երկրորդ համաժողովը: