08.03.2018 | 
Հասարակություն
ՄՏԵՐՄԻԿ ԶՐՈՒՅՑ ԵՊՀ 96-ԱՄՅԱ ԴՈՑԵՆՏ, ՏԻԿԻՆ ՄԱՐԻԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ
ՄՏԵՐՄԻԿ ԶՐՈՒՅՑ ԵՊՀ 96-ԱՄՅԱ ԴՈՑԵՆՏ, ՏԻԿԻՆ ՄԱՐԻԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ
Հրաչյա Աճառյանի ուսուցիչ Հայնրիխ Հյուբշմանի դերը հայագիտական, մասնավորապես հայոց լեզվի պատմահամեմատական ուսումնասիրության հարցում հնարավոր չէ թերագնահատել:

Հայերենը երկար ժամանակ համարվել է իրանական լեզու՝ զուրկ սեփական հնչյունական համակարգից: Գերմանացի լեզվաբանն առաջինն էր, որ կասկածի տակ դրեց  այս տեսակետը և նախաձեռնեց հնդեվրոպական լեզուների սեփական ուսումնասիրությունը:

 

1875 թ. լույս տեսավ Հյուբշմանի «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որտեղ լեզվաբանը հայերենում առկա հնչյունական օրենքների համաչափության շնորհիվ ապացուցում է, որ վերջինս հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, իսկ պարսկերենին համապատասխանող բառերը պարզապես փոխառություններ են:

  

Այս գիտական հոդվածը հայերենին բերեց նոր հեղինակություն, իսկ լեզվաբաններին՝ հայերենի  վերանայման անհրաժեշտություն:

Հյուբշմանին հայերենով հասանելի դարձնելու  աշխատանքը  պահանջում է նույնքան  նվիրում և պատասխանատվություն, որքան  այդ ուսումնասիրությունները հեղինակելը:

 

96-ամյա Մարիամ Հարությունյանը, ում ակադեմիական կյանքը սկսվեց «Մանուշ Նազարեթովնա»-ով, այդ համարձակ կին լեզվաբանն էր, որ հայերեն  թարգմանեց Հյուբշմանի հայագիտական ուսումնասիրությունները՝ այն  հասանելի դարձնելով հենց մեզ՝ հայերիս:

 

Սեփական  աշխատանքի  կարևորությունը հասկանալով՝ տիկին Մանուշը, բոլորին ոչ պատահաբար, իր զրույցը սկսում է հենց գրքից:

ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ

Գիրքը թարգմանել եմ հատուկ հայագետների համար: Գրքի և ոչ մի օրինակ  չեմ վաճառել: Բոլորը նվիրել եմ  հայագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին: Ամենավերջին գիրքը նվիրել եմ հայագիտության ամբիոնի վարիչին: Հարցրի՝ չե՞ք զարմանում, թե ինչու եմ ձեզ վերջինը տալիս, ասաց ինչո՞ւ, ասացի՝ վախենում էի հայագետների քննադատությունից. արդյո՞ք հայերենս կատարյալ է, թե՞ ոչ, որովհետև միայն գերմաներենը չէ, հարկավոր է նաև հայերենը կատարյալ իմանալ: Հուսով եմ՝ կարողացել եմ իրենց պահանջները բավարարել:

Այս ընթացքում ես միայն մի բանի մասին եմ մտածում՝ մենք Հյուբշմանին շատ ենք պարտական:

 

ԵՊՀ-Ն ԵՎ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Դպրոցում լավ էի սովորում: Բախտս բերեց՝ այդ տարիներին քութեշով հիվանդացա, երկար ժամանակ տանը մնացի՝ պիտի բուժվեի: Մերոնցից ով ժամանակ ուներ, հերթով հետս դաս էր անում: Երբ դպրոց վերադարձա, արդեն դասարանցիներիցս շատ բան գիտեի:

Հայրս  ուսուցչիս ասել էր, որ  ինձ թողնեն նույն դասարանում: Փոքր էի: Տանը հորս հետ չէի խոսում, ասում էի՝ ուրիշների հայրերը խնդրում են, որ իրենց երեխաներին հաջորդ դասարան փոխադրեն, իսկ դու խնդրել ես, որ ինձ նույն դասարանում թողնեն:


Հետո սկսվեց պատերազմը, մի տարի էլ այդ ժամանակ կրճատվեց: Դուրս եկավ, որ փոխանակ տարիքս առնեի ու ավարտեի, գնալով ջահելանում էի: Անձնագիր ստացա միայն երկրորդ կուրսում, երբ առանց քննությունների ընդունվեցի Երևանի պետական համալսարանի արտասահմանյան երկրների գրականության ֆակուլտետ: Մայակովսկու անվան թոշակով կարողանում էի հա՛մ իմ կարիքները հոգալ, հա՛մ ընտանիքիս օգնել: Համալսարանի ասպիրանտ էի: Պաշտպանեցի ժամանակին և միաձայն:

 

ՆԱԽԱՆՁԻ, ՏԱՐԻՔԻ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Միտքս սկսել է շատ այս ու այն կողմ թռնել: Մարդկանց անուններն եմ մոռանում, տարեթվերը: Գործը հասավ նրան, որ   զարմիկիս եմ հարցնում՝ Հրաչ ջան,  չէիր ասի՝  ես որ թվին եմ ծնվել: Հետո, որպեսզի ինքս որոշեմ, թե  քանի տարեկան դարձա, դիմացիս գրված 2018-ից հանեցի  ծնվածս տարեթիվը, ստացա 96 տարի,  հետո ինքս ինձ ասացի՝ չի կարող պատահել, ես այդքան մեծ տարիք չունեմ:


Տարիքս չեմ զգում: Աշխատել եմ հաճույքով, օգնել եմ բոլորին, չի եղել դեպք, որ ես մարդուն մասնագիտորեն կարողանամ օգնել՝ կլինի հոդված, թե դիսերտացիա, ես դա չանեմ: Բայց միշտ չէ, որ ինձ էլ բարությամբ են պատասխանել: Նախանձը շատ է: Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում ներել, երբ որ մեկի մոտ ինչ-որ  բան հաջող է:


Նախանձի զգացումն ինձ ամբողջ կյանքում ծանոթ չի եղել: Ես միշտ փորձել եմ հասնել շատ բաների, բայց ոչ երբեք նախանձել ուրիշի ունեցածին: Մի՞գուցե դրա համար էլ այսքան երկար եմ ապրում: Երբևէ չեմ տանջվել, որ չեմ կարող անել, մտածել եմ՝ կարող եմ և պիտի անեմ:

ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ԹԱՍԻԲԻ ԵՎ ԲԱՐԲԱՌԻ ՄԱՍԻՆ

Գյումրեցիներն ընդունակ են երաժշտության մեջ: Գյումրիի տղաները լավ էին նվագում, օրկեստոր էին կազմել: Մենք ամեն շաբաթ գնում էին սիմֆոնիկ համերգի:


Մարդիկ կարող են մտածել, որ Գյումրին հետամնաց քաղաք է, բայց Լենինականը մեզ համար ամեն ինչ է:


Մեր հարևանները տանը դաշնամուր ունեին: Իրենք ավելի լավ էին ապրում, քան մենք՝ ոչ թե հարաբերություների առումով, այլ նյութապես: Դաշնամուրը տեսա ու որոշեցի, որ ես պիտի ընդունվեմ երաժշտական դպրոց: Տանը դաշնամուր չունեինք, սեղանի վրա էի  պարապում ու գնում էի դասի: Բայց ձանձրանում էի՝ ինչքա՞ն կարող է մարդ սեղանի վրա դաշնամուր նվագել սովորել: Թողեցի դաշնամուրը: Մի օր ինձ ասացին, որ երաժշտական դպրոցի տնօրենն ուզում է քեզ տեսնել: Գնացի, անմիջապես  կանչեց գրատախտակի մոտ և սոլֆեջոյից մի բարդ հանձնարարություն տվեց: Բնականաբար, ոչինչ չգիտեի, մի սիրուն երկու ստացա:


Բայց այն ինչ նա  ասաց, ինձ ապշեցրեց. «Իսկ մենք Ձեզ հետ ինչպիսի՜ հույսեր էինք  կապում»: 10-րդ դասարանում երկրորդ անգամ գնացի երաժշտական դպրոց ընդունվելու. մարդիկ ինձ հետ հույսեր են կապել: Մեկ տարի դասի գնալուց հետ հայտարարեցին՝ Հարությունյան Մարիամն իր պլանը կատարել է 280 տոկոսով:


Կանգնեցի դիլեմայի առջև. երաժշտական դպրոցում մեծ հաջողություն ունեի, դպրոցում էլ լավ էի սովորում, հայրս ասաց՝ երբ էլ լինի թավջութակդ կնվագես, գիտությամբ շարունակիր:


Հարցը մենակ ընդունակությունը չէր, թասիբի հարց էր, և այն իրեն արդարացրեց: Գյումրեցու թասիբը ուրիշ է, ճիշտ այնպես, ինչպես գյումրեցու բարբառը: Օրինակ, երբ մի գյումրեցի մյուսից փող է խնդրում կամ վիճակից է հարցնում, «Է՜՜,- պատասխանում է,- ո՛չ դիր ու լաց, ո՛չ առ ու փախի»: Հոյակապ է, չէ՞: Երբ կամ, որ չգիտես ինչ ասել կամ հարցրել են ինչպես ես, ասում ես՝ էհ՜ ըշտը, որ նշանակում է՝ կամ էլի, գոյություն ունեմ: Այդ մի «Ըշտը»-ն իր մեջ ունի ամեն բան՝ և՛ սրամիտ է, և՛ արտահայտիչ:


ՄԵԾ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ


Մի քանի օր առաջ ինձ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էր այցելել: Երկար դադարից հետո գերմաներեն էի խոսում, զգում էի, որ շատ եմ կարոտել գերմաներենին: Դեսպանին անընդհատ հարցնում եմ՝ լա՞վ եմ խոսում, հո՞ չեմ մոռացել գերմաներենը: Հիմա մենակ մի վախ ունեմ՝ հանկարծ  գերմաներենը չմոռանամ:


ԳԼԽԱՎՈՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ


Կարիքավոր երեխաների գոյության հետ չեմ կարողանում հաշտվել: Ոչ մի երեխա թող կարիքի մեջ չլինի:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: