17.06.2020 | 
Հասարակություն
«ԴԱՍԱԽՈՍԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐՎԻ, ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԼՍԵԼ ՄԻՄՅԱՆՑ». ԴԻԱՆԱ ԳԱԶԱՐՈՎԱ
«ԴԱՍԱԽՈՍԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐՎԻ, ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԼՍԵԼ ՄԻՄՅԱՆՑ». ԴԻԱՆԱ ԳԱԶԱՐՈՎԱ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Դիանա Գազարովան «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից է։ Տիկին Գազարովայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության, իր կողմից կիրառվող մեթոդների և այլ թեմաների մասին։

- Տիկի՛ն Գազարովա, ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ընդունվել ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ, ապա դառնալ նաև դասախոս։ Դա Ձեր մանկության երազա՞նքն էր։

 

 - Որքան էլ ծեծված չհնչի, բայց այո, դա իմ մանկության երազանքն էր։ Այնպես է ստացվել, որ 5 տարեկանից ես կարդում եմ և մինչ օրս չեմ ձանձրացել։ Ես այն երջանիկներից եմ, որը երբեք չի կանգնել ընտրության առջև մասնագիտության հարցում. միշտ հստակ գիտեի, որ ուզում եմ ընդունվել ԵՊՀ և հենց Ռուս բանասիրության ֆակուլտետ։ Ինձ համար այստեղ հետաքրքիր է եղել բոլոր կարգավիճակներում՝ ուսանողի, ասպիրանտի, դասախոսի և դեկանի տեղակալի։ Համալսարանն առաջին հերթին մարդիկ են, և ինձ բախտ է վիճակվել ունենալու  օրինակելի դասախոսներ և հիանալի ուսանողներ։ Մայր բուհում շատ հեշտ է  զգալ ժամանակի զարկերակը՝ մի կողմից կենսուրախ, պայծառ, խելացի երիտասարդություն, մյուս կողմից՝ փորձառու, իմաստուն պրոֆեսորադասախոսական կազմ։ Կարծում եմ՝ սքանչելի համադրություն է։ Ճիշտ է, պետք է միշտ պահպանել հավասարակշռությունը, բայց հենց դա էլ ինձ գրավում է։

 

- Արդեն երկար ժամանակ դասավանդում եք, զբաղվում գիտահետազոտական աշխատանքներով ու կատարում վարչական աշխատանք։ Ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ համար։

 

- Աշխատանքիս յուրաքանչյուր կողմ գրավիչ է և բարդ յուրովի։ Թերևս առաջնայինն ինձ համար դասավանդումն է, քանի որ առանց այդ բաղադրիչի գիտահետազոտական գործունեությունս կարող է անցնել վերացական տիրույթ, կտրվել իրականությունից։ Ըստ իս՝ ցանկալի է, որ գիտությունն ունենա կիրառություն, իսկ դասավանդումն օգնում է այդ գործընթացը հեշտացնել և ի հայտ բերել գիտական վարկածի ուժեղ ու թույլ կողմերը։ Վարչական աշխատանքս շատ ժամանակ է խլում, բայց այն նաև հնարավորություն է տալիս ցանկացած խնդիր դիտարկելու, այսպես ասած, եռաչափ ձևաչափով՝ ուսանողների, դասախոսների և վարչակազմի տեսանկյունից։ Իսկ դա, կարծում եմ, օգնում է գտնել խնդրի ճիշտ լուծումը։

 

- Ձեր սահմանմամբ՝ ի՞նչ է ռուս բանասիրությունը, ի՞նչ է ենթադրում դրա ուսուցումը։

 

- Ինչպես ցանկացած գիտություն, բանասիրությունն առաջին հերթին աշխարհի ճանաչման և անձի ձևավորման միջոցներից մեկն է։ Ռուս բանասիրությունը հնարավորություն է տալիս հաղորդակից դառնալու ռուսական մշակույթին, որը նախ և առաջ գրականակենտրոն է։ Իսկ գրականությունը, կարծում եմ, ամենից շատ է նպաստում քննադատական մտածողության զարգացմանը։ Իրական գրականությունը չպետք է պատրաստի պատասխաններ տա, այն պետք է հարցեր առաջացնի և այս խելահեղ ընթացքի մեջ դրդի ընթերցողին գոնե մի պահ կանգ առնել և մտորել։

 

Ինչ վերաբերում է դասավանդմանը, ապա 21-րդ դարում այնքան շատ է տարատեսակ տեղեկատվությունը, և այնքան բազմազան են հնարավորությունները, որ մենք՝ դասախոսներս, պետք է լինենք ուսանողին ուղղորդողի դերում,  որպեսզի նա չխորտակվի տեղեկատվական այս հոսքում, կարողանա տարբերել իրականն անիրականից, կեղծից (խոսքը միայն նորությունների մասին չէ)։ Շատ կարևոր է տարբերել, օրինակ, տաղանդավոր գրողին, գիտնականին պարզապես լավ գրող մարդուց, իսկ դա հնարավոր է առաջին հերթին այն բառապաշարի շնորհիվ, որը կիրառվում է այս կամ այն լուրի, գիտական հոդվածի, ցանկացած խոսույթի մեջ։ Ահա այս ամենը, և ոչ միայն,  սովորեցնում է բանասիրությունը, նրա հիմնական նպատակը քննադատական մտածողության զարգացումն է։

 

- Այսօր աշխարհում շարունակում է ավելի մեծ տարածում գտնել անգլերենը։ Ըստ Ձեզ՝ այն Հայաստանում մրցակցո՞ւմ է ռուսերենի հետ։

 

- Ոչ, ամենևին։ Հայաստանում այս լեզուների տարածման պատճառները և պատմությունը միանգամայն տարբեր են։ Չեմ կարծում, որ անգլերենն ու ռուսերենը մրցակիցներ են, ընդհանրապես ես միշտ ընկերանալու կողմնակից եմ։ Չէ՞ որ լեզուն ինքնանպատակ չէ, այլ միջոց, շփման, մտքերի արտահայտման, օտար մշակույթները ճանաչելու, բայց նաև ուրիշներին քո երկրի մշակույթին հաղորդակից դարձնելու միջոց։ Մենք՝ լեզվաբաններս, պետք է համագործակցենք, ոչ թե մրցենք, դա ավելի է կարևորվում համաշխարհայնացման այսօրվա պայմաններում։ Օրինակ՝ երբ ես հրավեր էի ստացել դասախոսություններով հանդես գալու Իտալիայի Բոլոնիայի համալսարանում, այդ փորձը եղավ գլոբալացման վառ դրսևորում. հայ դասախոսը մեկնել էր իտալացիներին ռուսաց լեզվի վերաբերյալ անգլերեն դասախոսություններ կարդալու։

Սակայն նշեմ, որ տարբեր լեզուների իմացությունը չպետք է բացասաբար անդրադառնա մայրենիի իմացության վրա, որքան շատ օտար լեզու իմանանք, այդքան լավ, բայց ոչ մայրենիի հաշվին։

 

- Տիկի՛ն Գազարովա, դասավանդման հատուկ սկզբունքներ ունե՞ք։ Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը։

 

- Դասավանդման մեթոդներն ու սկզբունքները կարող են փոփոխվել, և դա կախված է դասավանդվող առարկայից, լսարանի առանձնահատկություններից։ Երևի ամենակարևոր սկզբունքն ու ձգտումն է չկրկնվելը, երբեք տեղում չդոփելը։

Նույնիսկ ամենափորձված մեթոդը կարող է անսպասելի ձևով չաշխատել, քանի որ ամեն անգամ քո առջև նստած են նոր ուսանողներ, որոնց դու պետք է կարողանաս հետաքրքրել քո առարկայով և ներգրավել ուսումնական գործընթացի մեջ։

 

Ուստի ինձ համար շատ կարևոր է ոչ թե զարմանալ այն փաստից, որ ուսանողը, մտնելով լսարան առաջին անգամ, այս կամ այն բանը չգիտի, ոչ թե ժամանակ վատնել վրդովվելու վրա, այլ փորձել փոխել այդ իրավիճակը։ Եվ աշխատել այն ուղղությամբ, որ ուսանողը ոչ միայն քննությանը, այլև հաջորդ իսկ դասին գա՝ նոր գիտելիքներով հարստացած։ Բայց սա, իհարկե, երկկողմանի գործընթաց է. դասախոսի և ուսանողի միջև պետք է երկխոսություն ձևավորվի, կարևոր է, որ մենք կարողանանք լսել միմյանց։ Միայն այդ դեպքում ցանկացած հաղորդակցություն, առավել ևս գիտական հաղորդակցությունը, կարող է լինել հաջողված։

 

- Ի՞նչ գրքեր եք խորհուրդ տալիս Ձեր ուսանողներին։ Ո՞րն է Ձեր սիրելի ստեղծագործությունը։

 

- Շատ տարբեր, որովհետև դա կախված է մեր քննարկումների թեմաներից, ուսանողների նախասիրություններից և նրանց գրական պատրաստվածությունից։ Սովորաբար ես խորհուրդ եմ տալիս ընթերցել ժամանակակից գրողների ստեղծագործությունները, քանի որ դասախոսները միշտ չէ, որ կարողանում են նրանց ընդգրկել ուսումնական ծրագրերում՝ Նարինե Աբգարյան, Մարիամ Պետրոսյան, Ջուլիան Բարնս, Դոննա Տարտ, Յուվալ Նոյ Հարարի և այլն։

 

Ինչ վերաբերում է իմ ամենասիրելի ստեղծագործությանը, ապա կդժվարանամ նշել որևէ մեկը։ Սելինջերը լավ գրողին համեմատում էր լավագույն ընկերոջ հետ, որի հետ կարելի է ցանկացած պահի հեռախոսով զրուցել։ Այդպիսի գրողներից կնշեմ իմ սիրելի քառյակին, որոնց ես ընթերցում եմ տարվա և հոգուս բոլոր եղանակներին՝ Վիլյամ Սարոյան, Իոսիֆ Բրոդսկի, Սերգեյ Դովլաթով և իհարկե Ալեքսանդր Պուշկին։

 

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին։

 

- Երբեք կանգ չառնել և չլինել անտարբեր՝ ո՛չ մասնագիտության մեջ, ո՛չ էլ հատկապես կյանքում։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: