14.07.2017 | 
Կրթություն
«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐ, ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՍԿՍՎԵԼ Է ԱՅՍՏԵՂ…»
«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ, ՏՆՕՐԵՆՆԵՐԸ, ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐ, ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՍԿՍՎԵԼ Է ԱՅՍՏԵՂ…»
«Սփյուռք» ամառային դպրոցում, տեղացի մասնագետներից բացի, դասավանդում են նաև հրավիրյալ դասախոսներ: Նրանցից մեկը Լիբանանի Հայկազյան համալսարանի սոցիալական և վարքային գիտությունների բաժանմունքի (որի կազմում են Մանկավարժության և Հոգեբանության ամբիոնները) վարիչ Հակոբ Յակուբյանն է:

- Պարո՛ն Յակուբյան, առաջին տարին է, որ համագործակցում եք «Սփյուռք» ամառային դպրոցի հետ: Ինչպե՞ս է սկսվել համագործակցությունը:

 

- «Սփյուռք» ամառային դպրոցում դասավանդելու համար ինձ հրավիրել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, և ես մեծ ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը: Այստեղ երկու ուղղություններով եմ դասավանդում. միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին դասավանդում եմ «Քննադատական մտածողության զարգացումը հայագիտական առարկաների դասավանդման ընթացքում» առարկան, այսինքն՝ սովորեցնում եմ մեթոդներ, որոնք երեխաների շրջանում կձևավորեն քննադատական մտածողություն: Կրթական գործի պատասխանատուների խմբին էլ եմ դասավանդել նույն առարկան, սակայն շեշտը դրել եմ այն հանգամանքի վրա, թե իրենք՝ որպես տնօրեններ, ինչպիսի միջավայր են ստեղծելու իրենց դպրոցներում: Դասախոսություններս հիմնված են անցյալ տարի լույս տեսած գրքիս վրա («Քննադատական մտածողութիւնը լիբանանահայ վարժարաններու մէջ»):

 

- Թե ինչպիսի խնդիրներ կան հայաստանյան դպրոցներում, մենք տեղյակ ենք. դրանց մի մասն աստիճանաբար լուծվում է, մյուսների համար դեռ լուծումներ ենք փնտրում: Հետաքրքիր է՝ ի՞նչ խնդիրներ են ծառացած Սփյուռքի հայկական դպրոցների առջև:

 

- Սփյուռքի գաղութներում խնդիրները տարբեր են: Քանի որ Լիբանանից եմ գալիս, շեշտը դնենք այնտեղի վրա: Մինչև անցած տարի մենք ունեինք 27 լիբանանահայ դպրոցներ: Հիմա այդ թիվը պակասել է, քանի որ 5 դպրոցներ միավորվել են նոր ազգային միացյալ վարժարանի մեջ: Դրանից անկախ՝ մարտահրավերները շատ են: Հայագիտական առարկաներին առնչվող դժվարություններից մեկն այն է, որ ուսուցիչների տարիքը միջինից բավականին բարձր է: Այդ ուղղությամբ աշխատում ենք ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ. համաձայնագիր ունենք, որով պետք է նոր կադրեր պատրաստենք գաղութի համար:

 

- Ո՞րն է դրա պատճառը. երիտասարդները չե՞ն ցանկանում մանկավարժ դառնալ, թե՞…

 

- Շատ երիտասարդներ մանկավարժություն ուսանում են, բայց թե ինչի ուսուցիչ են դառնում, դա է հարցը: Նվազագույն թիվ են կազմում նրանք, ովքեր մանկավարժության մեջ ընտրում են հայոց լեզուն կամ հայոց պատմությունը: Հիմա արդեն ունենք մի խումբ, որը Հայկազյանում ստանում է բակալավրիատի վկայական, այնուհետև գալիս են Երևանի պետական համալսարան՝ մագիստրատուրայում սովորելու: Ավարտելուց հետո վերադառնում են և դառնում հայոց լեզվի, հայոց պատմության ուսուցիչ: Այսինքն՝ դժվարությունը կա, բայց, բարեբախտաբար, լուծումն էլ ենք գտել:

Երկրորդ խնդիրը լիբանանահայ դպրոցներում արևմտահայերենի աղբյուրների սակավությունն է: Ուսուցիչները չունեն բավարար քանակով աղբյուրներ, գրականություն: Երբ, օրինակ, անգլերենի ուսուցիչը բազմաթիվ աղբյուրներ ունի, ամեն դասն անցկացնում է նոր մեթոդներով, աշակերտների համար հետաքրքիր է, իսկ եթե հայերենի դասերն անցնեն միանման, նվազագույն աղբյուրներով, ապա հայոց լեզվի ու հայոց պատմության նկատմամբ հետաքրքրությունը կսկսի նվազել:

Մյուս դժվարությունն այն է, որ Լիբանանի պետական կրթական ծրագրում ներառված չեն հայոց լեզուն, հայոց պատմությունը, մշակույթը, հայ եկեղեցու պատմությունը և այլն:

 

- Եթե պետական ծրագրում ներառված չեն այդ առարկաները, ապա ինչպե՞ս է կազմակերպվում դրանց ուսուցանումը:   

   

- Լիբանանյան օրենքն ասում է, որ նվազագույնը պետք է ապահովես պետական ծրագիրը. դրանից դուրս դու ազատ ես առարկաներ ավելացնելու առումով, և մենք ազատորեն դասավանդում ենք հայագիտական առարկաները: Այս դեպքում էլ միակ խնդիրն այն է, որ շաբաթվա ընթացքում, պետական ծրագրին զուգահեռ, այդ առարկաների համար քիչ դասաժամեր են մնում: Թեպետ պետք է ասեմ, որ որոշ հայկական վարժարաններում հայագիտական առարկաների համար սահմանված դասաժամերն ավելի շատ են, քան մյուսներում:

 

- «Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացը տևում է շուրջ մեկ ամիս: Ձեր մասնագիտական գնահատմամբ՝ այդ ժամանակը բավարա՞ր է մասնակիցներին որոշ հմտություններ, գիտելիքներ փոխանցելու համար:

 

- Անշուշտ, դա կարճ ժամանակ է, բայց կարող է դառնալ մեկնակետ: Կարող ենք նրանց մղել մտածելու: Այս ամառային դպրոցն ինձ համար կարևոր է, որովհետև մթնոլորտ ու պայմաններ է ստեղծում, որտեղ մարդիկ մտածում են, հարցադրումներ են կատարում: Հույս ունեմ, որ երբ նրանք գնան իրենց գաղութները, մի բան կփոխեն: Սակայն այդ փոփոխությունը մենք այս մեկ ամսում չենք տեսնի, ավելի երկար ժամանակ է պետք դա նկատելու համար: Ինձ համար կարևոր է, որ ուսուցիչները, տնօրենները, վերադառնալով իրենց երկրներ, շարունակեն այն, ինչ սկսվել է այստեղ, գիտակցաբար բան փոխեն իրենց աշխատանքում:

 

-Թեև Հայաստանում բազմիցս եղել եք, բայց ԵՊՀ-ի հետ առաջին անգամ եք աշխատում: Արդեն հասցրե՞լ եք որոշակի գործնական կապեր հաստատել այստեղ:

 

- Այո՛, սա ինձ համար շատ լավ առիթ էր ծանոթանալու Երևանի պետական համալսարանի գործելաձևին: Իմ դասերից բացի՝ ներկա եմ եղել նաև գործընկերներիս դասերին, որպեսզի հասկանամ՝ իրենք ինչպես են մտածում, ինչ մոտեցումներ ունեն մանկավարժության մեջ, ինչով ենք նման ու տարբեր, ինչպես կարելի է կապեր հաստատել և այլն: Ես շատ բան սովորեցի նաև ուսանողներիցս, որովհետև ամեն մեկն իր հետ իր փորձն էր բերել: Սա ինձ համար անձնական մեկնակետ է: Ծանոթացա Հայաստանի կրթական համակարգին, այցելեցի դպրոց: Հանդիպել եմ նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մանկավարժության ամբիոնի մասնագետների հետ, հուսով եմ՝ հաջորդիվ գործնական քայլերը կլինեն: Ինձ համար շատ կարևոր և շատ խորը նշանակություն ունի նաև այն, որ ես կարողացա Հայաստանում իմ փոքրիկ ներդրումն ունենալ:

 

Զրուցեց Ծովինար Կարապետյանը

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: