07.03.2018 | 
Հասարակություն
ՈՉ ԿԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔ. ՀԱՍՄԻԿ ԹԵԼՈՒՆՑ
ՈՉ ԿԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔ. ՀԱՍՄԻԿ ԹԵԼՈՒՆՑ
Դարեր շարունակ ընտանեկան դաստիարակության խնդիրը կնոջ ուսերին է եղել: Կինը եղել է տան ներսի պատը՝ ընտանիքում ունենալով ավելի մեծ հեղինակություն, քան տղամարդը: Հետագայում կնոջ դերն ու նշանակությունը էական փոփոխությունների ենթարկվեց, վերանայվեց և վերաիմաստավորվեց նրա գործառույթներն ինչպես ընտանիքում, այնպես էլ՝ հասարակաքաղաքական կյանքում:

Կանանց միջազգային տոնին ընդառաջ լրագրող Վարդուհի Զաքարյանը զրուցել է ԵՊՀ անվտանգության համար պատասխանատու «Ալֆա Դելտա» անվտանգության ծառայության աշխատակցուհի Հասմիկ Թելունցի հետ, ով բարեհամբույր ու ժպիտով ողջունում և համբերատար պատասխանում է բոլոր ելումուտ անողների հարցերին:

 

- Տիկի՛ն Թելունց, ի՞նչ մասնագիտություն ունեք:

 

- Ծնվել եմ Իջևանում և միջնակարգ կրթությունս ստացել եմ տեղի դպրոցում՝ միաժամանակ հաճախելով նաև երաժշտական դպրոցը:  Այնուհետև ավարտել եմ Գավառի երաժշտական ուսումնարանը, որտեղ էլ երկար տարիներ աշխատել եմ՝ որպես մանկավարժ և երգչախմբի խմբավար: Ամուսնանալուց հետո բավականին երկար ժամանակ չեմ աշխատել՝ դաստիարակել եմ երեխաներիս, ովքեր այժմ հասուն ու կայացած երիտասարդներ են: Կնոջ կյանքում, անկասկած, կարևորն ընտանիքն է, սակայն դա չի խանգարում կայանալ նաև այլ բնագավառներում:  

 

- Ինչպե՞ս եք սկսել ծառայությունն անվտանգության ոլորտում:

 

- Շատերը պնդում են (ես էլ կհամաձայնվեմ), որ բնավորության բավականին կայուն ու սկզբունքային գծեր ունեմ: Պատասխանատվության մեծ զգացում ունեմ ամեն  ինչի նկատմամբ, իսկ աշխատանքում կազմակերպված եմ և միշտ զգոն: Ամուսնուս ու երեխաներիս աջակցությամբ՝ որոշեցի ուժերս փորձել հենց այս ոլորտում: Չեմ զղջում ընտրությանս համար, քանի որ աշխատանքն ինձ դուր է գալիս: Ընտանիքիս բոլոր անդամները հատուկ կեցվածքով ողջունում են ինձ ամեն առավոտ, երբ համազգեստը հագիս դուրս եմ գալիս տանից (ծիծաղում է): Թոռնուհիս նույնպես շատ է սիրում համազգեստս: Նշեմ, որ շատ շնորհակալ եմ հարազատներիս՝ մասնավորապես ամուսնուս, ամեն հարցում ինձ հասկանալու ու սատար լինելու համար:

 

- Եղե՞լ են արդյոք լուրջ իրավիճակներ աշխատանքի ընթացքում և ինչպե՞ս եք հարթել դրանք:

 

- Արդեն 3 տարի է, ինչ աշխատում եմ անվտանգության ծառայությունում: Շատ արտառոց իրավիճակներ չեն եղել, սակայն փոքր միջադեպերի հաճախ եմ ականատես լինում: Ուսանողության արական սեռի ներկայացուցիչները բավականին տաքարյուն են և աղմկոտ: Վեճեր և տհաճ իրավիճակներ են եղել և՛ հարակից տարածքում, և՛ նույնիսկ գրադարանի մասնաշենքում, որտեղ էլ հիմնականում իրականացնում եմ ծառայությունս: Պետք է ասեմ, որ անվտանգության հատկապես կին աշխատակցից երիտասարդները շատ են սթափվում: Չի եղել մի դեպք, որ մոտենամ աղմկող երիտասարդների խմբին ու վեճերը չհարթվեն: Իսկ Գրադարանում նույնիսկ բավական է միայն ոտքի կանգնելը: Կարծում եմ՝ մասնագիտական հմտություններս ինձ օգնում են լեզու գտնել բոլորի հետ: Մեր երիտասարդների մեջ պահպանվում է հարգանքը մեծի՝ մանավանդ կնոջ հանդեպ: Ընդհանրապես, կարծում եմ՝ ցանկացած բնագավառում, հատկապես տղամարդկանց հատուկ մասնագիտական ոլորտներում, կանանց առկայությունն անհրաժեշտ է, քանի որ կանայք կարծես իրենց ներկայությամբ սաստում են տղամարդկային՝ երբեմն նույնիսկ անտեղի պոռթկումները: Այսօր կանանց իրավունքները լավ պաշտպանված չեն, չնայած որ սահմանափակումներն էլ շատ չեն, սակայն դեռ կատարելագործվելու երկա՜ր  ուղի ունենք անցնելու:

Այլ նորություններ
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ԹԵԺ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ
Այսօր Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները և «Ռեստարտ» ուսանողաքաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էին համաֆակուլտետային հանդիպում-քննարկում: