16.06.2020 | 
Հասարակություն
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱԿԱՍԸ, ՏԵՍԼԱԿԱՆԻ, ԳԱՂԱՓԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»․ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱԿԱՍԸ, ՏԵՍԼԱԿԱՆԻ, ԳԱՂԱՓԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»․ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի հասարակագիտական անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, կրթական հիմնախնդիրների, դրանց լուծման տարբերակների և մասնագիտական այլ հիմնահարցերի մասին։

- Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք 1987 թ. ընդունել և ավարտել եք Փիլիսոփայության և հոգեբանության (այն ժամանակ ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության) ֆակուլտետը: Ինչո՞ւ որոշեցիք սովորել այդ ֆակուլտետում։ Ի՞նչ գիտեիք այդ մասնագիտության մասին։

 

- Ընտրությունս պատահական չէր: Դպրոցական տարիներին դժվարանում էի միանշանակ պատասխանել հաճախ տրվող այն հարցին, թե որն է իմ նախընտրած ու սիրելի առարկան: Դրանցից յուրաքանչյուրը գրավիչ էր յուրովի: Հաջողություններ ունեի թե՛ հումանիտար, թե՛ հասարակագիտական և թե՛ բնագիտական առարկաների բնագավառներում: Աշխատում էի բաց չթողնել պարբերաբար կազմակերպվող առարկայական օլիմպիադաները: Դեռևս չորրորդ դասարանում մասնակցել եմ «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին և շահել մրցանակ, հինգերորդ դասարանում՝ «Աշխարհագրություն», վեցերորդում՝ «Երկրաբանություն» առարկաների օլիմպիադաներին: Նույն ակտիվությամբ և շոշափելի հաջողություններով մասնակցել եմ նաև «Գրականության», «Հասարակագիտության» առարկաների օլիմպիադաներին:

 

Հետաքրքրություններիս «համակողմանիության» հարցում էական դեր են ունեցել նաև ընտանեկան ավանդույթները: Հայրս բանասիրության, իսկ մայրս բնագիտության ոլորտի ճանաչված մասնագետ-մանկավարժներ են:

 

Ի վերջո, ավարտական դասարանում ինձ գրավեց «Հասարակագիտության» դասընթացը, որտեղ նշանակալի էր փիլիսոփայության բաղադրիչը: Երբ եկավ բուհ ընդունվելու ժամանակը, երկընտրանք ունեի՝ Իրավագիտությա՞ն, թե՞ Փիլիսոփայության ֆակուլտետն ընտրել: Հաղթեց փիլիսոփայության հմայքը: Ի դեպ, այդ տարիներին բավականին մեծ մրցույթ կար Փիլիսոփայության ֆակուլտետ ընդունվելու համար՝ մեկ տեղի համար մինչև յոթ հավակնորդներ էին լինում: Ընտրեցի և սիրեցի մասնագիտությունս: Թեև փիլիսոփայությունը սիրելու համար պարտադիր չէ փիլիսոփայական կրթություն ունենալ, այնպես, ինչպես արվեստը սիրելու համար պարտադիր չէ արվեստաբանական կրթություն ունենալը:

 

- Ի՞նչ է փիլիսոփայությունն ընդհանուր առմամբ, հատկապես  Ձեզ համար: Ինչպե՞ս կսահմանեք այն:

  

- Փիլիսոփայության գրավիչ կողմերից մեկը պլյուրալիզմն է՝ խնդիրը տարբեր կողմերից քննելու և միմյանց լրացնող մեկնություններ առաջարկելու կարողությունը: Այդ որակը դրսևորվում է հենց  փիլիսոփայության սահմանումներից սկսած: Դեռևս Դավիթ Անհաղթն իր «Իմաստասիրության սահմանումները» աշխատության մեջ վեց սահմանումներ է քննարկում: Առավել հանրամատչելի են փիլիսոփայություն բառի էթիմոլոգիական մեկնաբանությունը՝ սեր դեպի իմաստությունը և փիլիսոփայության մեկնաբանությունը որպես գիտելիքների համակարգ՝ հավերժական խնդիրների մասին: Կարելի է հավելել՝ փիլիսոփայությունը գիտեիքների համակարգ է երևույթների ու գործընթացների խորքային, էութենական  իրողությունների մասին: Ինձ համար փիլիսոփայությունը մասնագիտություն է, մտածելակերպ ու կենսակերպ:

 

- Ի՞նչ հեռանկարներ ունի մասնագիտությունը Հայաստանում:

 

- Նյութական աղքատությունից ավելի վտանգավոր է փիլիսոփայական մտքի պակասը, տեսլականի, գաղափարի բացակայությունը: Փիլիսոփայական գիտելիքը՝ արտահայտված աշխարհայացքային, մեթոդաբանական, գաղափարական, քննադատական արժեքավորման ու համակարգող գործառույթներով, էական դերակատարություն ունի հասարակական կյանքի գործընթացների կարգավորման և ուղղորդման առումով: Եղել են ժամանակներ, երբ փիլիսոփայության առանցքային դերի ու նշանակության նկատմամբ կասկածներ են հայտնվել, տեսակետ հնչել նրա զառամյալ լինելու, Լիր արքայի նման իր զավակների կողմից մերժվելու մասին, ի դեպ հենց փիլիսոփաների կողմից: Լուրջ հակափաստարկներ կարելի է բերել այս տեսակետների դեմ, ասել, որ առանց արդարության կատեգորիայի ինտերպրետացիոն դաշտի իմացության, արդարադատության համակարգ պատկերացնելը թերի է, առանց զարգացման կատեգորիայի և դրա չափանիշների հստակ պատկերացման, զարգացման մասին խոսելն ու քայլեր անելը՝ անպտուղ։ Բայց բավական է հիշել Դավիթ Անհաղթի այն դիպուկ դիտարկումը, որ փիլիսոփայությունը մերժելը նույնպես յուրօրինակ փիլիսոփայություն է: Անկախ մասնագիտացումից՝ համալսարանական կրթության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի փիլիսոփայական կոփվածքը: Դա մի նոր որակ է տալիս մասնագետին: Իսկ փիլիսոփայական մտքի դարբնոց ունենալն ամեն մի լուրջ համալսարանի վարկանիշի և հեղինակության կարևոր բաղադրիչ է: Ներկայումս միտումներ կան փիլիսոփայական գիտելիքի տարրերը նաև դպրոցական ծրագրերում ընդգրկելու, ինչը, անշուշտ, դրական արդյունքներ է բերելու:

 

- Կրթական ի՞նչ հիմնախնդիրներ կան այսօր՝ ըստ Ձեզ։

 

- Առկա  խնդիրները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ ռազմավարական, մարտավարական և ընթացիկ-առօրյա: Կրթությունը հասարակական կյանքի ու հարաբերությունների այն ոլորտն է, որտեղ կատարվում է առավել բանիմաց և փորձառու խավի, եթե կուզեք՝ ավագ սերնդի գիտելիքների և փորձի կազմակերպված փոխանցում պակաս փորձառու խավերին կամ երիտասարդ սերնդին: Դրա համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Բայց վերջիններս միջոց են գլխավոր նպատակն իրագործելու համար և ոչ թե նպատակ: Բիզնեսը մի ոլորտ է, որտեղ գլխավոր նպատակը շահույթ ստանալն է: Հենց որ կրթության նպատակը դառնում է շահույթ ապահովելը, համակարգը խեղվում է, ձևախեղվում են նաև ենթակառուցվածքներն ու  մեխանիզմները՝ առաջ բերելով նոր խնդիրներ: Այդ առումով, իբրև մարտավարական խնդիր, մտահոգիչ են, օրինակ, գիտելիքների գնահատման հաճախակի փոփոխվող համակարգերը: Հայաստանյան կրթական հաստատություններում չկան գիտելիքների գնահատման ընդհանուր համակարգեր ու փաստարկված սանդղակներ: Որոշ բուհերում գնահատում են 20, մյուսներում՝ 100 միավորանոց սանդղակներով, հանդիպում է նաև 5 միավորանոցը: Իջեցվել է նաև դրական նվազագույն գիտելիքի շեմը: 20 միավորանոց սանդղակի պարագայում դրական նվազագույն գնահատականը համարվում է 8-ը, 10 միավորանոցի դեպքում՝ 4-ը, ինչը կազմում է  սանդղակի 40 %-ը և տեսակարար կշռի իմաստով համապատասխանում է նախկինում լայնորեն կիրառվող 5 միավորանոց համակարգի 2-ին:

 

Իսկ ընթացիկ խնդիրների հետ գործ ենք ունենում ամենօրյա աշխատանքի ընթացքում: Ինչպես, օրինակ, թագավարակի տարածումը կանխելու նպատակով առցանց պարապմունքների անցնելու գործընթացներն էին: Ի դեպ, պետք է ասել, որ մեր կրթական համակարգն արագ ադապտացվեց ստեղծված պայմաններին և պատվով քննություն բռնեց:

 

- Ի՞նչ լուծումներ կառաջարկեք Ձեր նշած խնդիրներին։

 

- Բարեբախտաբար, լուծման եզրեր նկատվում են: Նկատի ունեմ բուհերի գործունեությունն օրենսդրորեն հիմնադրամի իրավակազմակերպչական ձևի և տրամաբանության մեջ դնելու գործընթացները: Երկար քննարկումներից ու բանավեճերից հետո դրական միտումներ կան նաև գիտելիքների գնահատման սանդղակների և համակարգերի բարելավման ուղղությամբ: Քանզի ավանդաբար գործող տրամաբանությունն ու սկզբունքն այն է, որ սովորողի գիտելիքները դրական կարելի է գնահատել, եթե նա յուրացրել է սահմանված ծրագրային նյութի առնվազն կեսից ավելին՝ 60 %-ը: Այնպես որ պատահական կամ «աչքաչափով» չէ, որ 5 միավորանոց սանդղակում «3»-ն է համարվում անցողիկ շեմ:

 

 

- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ մեթոդ եք կիրառում Դուք, որ Ձեր դասախոսություններն առավել հետաքրքիր լինեն։

 

- Առաջին նախապայմանը նյութին խորապես տիրապետելն է: Դրանից հետո միայն կարելի է խոսել մատուցման եղանակների մասին: Մտածողությունը ներքին ձևի տեսակետից երկխոսություն է, քննարկում: Դասախոսություններն առավել տպավորիչ ու հաջողված են, երբ կազմակերպվում են երկխոսության սկզբունքով: Իսկ փիլիսոփայական գիտելիքի պլյուրալիզմը և ունիվերսալությունն առատ հնարավորություն են ընձեռում դասախոսությունը սոկրատեսյան մաևտիկայի  կամ ներունակ բանավեճի սկզբունքով կառուցելու համար: Առաջին դեպքում դասախոսը հմուտ դիտարկումների, դիտողությունների և հարցերի միջոցով օգնում է, որպեսզի սովորողը, ինքնուրույն շտկելով թերությունները, հպատակեցնի միտքը, զարգացնի տեսակետը, գտնի անհրաժեշտ բանաձևումը: Երկրորդ դեպքում նյութի մատուցումն իրականացվում է ներունակ (երբեմն իրական, երբեմն երևակայական) բանավեճի եղանակով՝ ներկայացնելով այս կամ այն տեսակետի և դրա հակոտնյայի կապակցությամբ եղած փաստարկներն ու հակափաստարկները, խթանելով ունկնդիրների մտածողությունը՝ դերային խաղի և կամ գնահատման գործընթացների մեջ ներգրավելով նրանց: Օրինակ, սխալ է ի սկզբանե տալ ճշմարտության որևէ  սահմանում և բավարարվել սովորողների կողմից դրա վերարտադրությամբ: Այդ գործելակերպը չի կարելի խելամիտ և արդյունավետ համարել: Փոխարենը կարելի է ներկայացնել ճշմարտության առօրեական և գիտական ըմբռնումների սպեկտրը, ձևակերպել մի շարք հայեցակարգեր, դրանց օգտին բերվող փաստարկներ ու հիմնավորումներ, փիլիսոփայական բանավեճերի դրվագներ՝ առաջարկելով ուսանողներին դատողություններ անել այդ տեսակետների, փաստարկների և հակափաստարկների վերաբերյալ: Այս մոտեցումը խթանում ու զարգացնում է սովորողների վերլուծական, քննադատական և ստեղծարար մտածողությունը, ինչը կրթության կարևորագույն խնդիրներից մեկը պետք է համարել:

 

- Ձեր թեկնածուական ատենախոսության թեման էր «Վեճը՝ որպես մտավոր հաղորդակցման եղանակ. փիլիսոփայական վերլուծություն»։ Ինչպե՞ս  է վեճը սահմանվում որպես հաղորդակցման եղանակ:

 

- Բանավեճը ֆիզիկական հակամարտություն չէ: Այն շրջապատող իրականության բարդության, դրա ճանաչողության եղանակների, մարդկային մտածողության և շահերի բազմազանության յուրօրինակ դրսևորումն է հաղորդակցման շրջանակում: Մտավոր հաղորդակցման այնպիսի եղանակ է, որին բնորոշ է քննարկվող հարցի շուրջ մասնակից կողմերի բացահայտ հակադրվածությունն ու պայքարը: Ճիշտ մոտեցման դեպքում բանավեճը կարող է նպաստել խնդրի լուծմանը, իսկ ոչ գրագետ մոտեցման պարագայում կարող է թաղել խնդրի լուծումը՝ առաջ բերելով նորանոր խնդիրներ:

 

- Գիտական Ձեր հետաքրքրությունների շրջանակում է նաև սոցիալական հաղորդակցումը: Ի՞նչ է պետք այն արդյունավետ կազմակերպելու համար:

 

- Սոցիալական հաղորդակցման խնդիրները կարելի է դիտարկել ինչպես ինտերակցիոնիստական-միջանձնային, այնպես էլ ինստիտուցիոնալ հաղորդակցման համատեքստերում (երբ հաղորդակցվող կողմերի դերում հանդես են գալիս կուսակցությունները, քաղ. հասարակության կազմակերպությունները, պետական իշխանության կառույցները, շահառու խմբերը և այլն): Հետևաբար, սոցիալական հաղորդակցման որակի և արդյունավետության բարձրացման առումով կարևոր են ինչպես տրամաբանական և արտատրամաբանական՝ էթիկական, գեղագիտական, լեզվախոսքային, արարողակարգային, պերճախոսական որակները, այնպես էլ կոնֆլիկտի էներգիան սոցիալական, քաղաքական երկխոսության ու գործակցության փոխակերպելու առումով նպաստավոր կառուցակարգերն ու ենթակառուցվածքները: Ի դեպ, փիլիսոփայության հայեցակարգերից մեկի համաձայն՝ քաղաքակրթության տարբեր փուլերի ձևավորումն ու առանձնահատկությունները պայմանավորված են տվյալ փուլին բնորոշ հաղորդակցման ձևերով ու մասշտաբներով:

 

- Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր կողմից կարդացվող դասընթացներից մեկը կոչվում է «Քաղաքական բանավեճ»: Այսօր Հայաստանում կա՞ քաղաքական գրագետ բանավեճ:

 

 - Հաջող, ուսանելի դրվագներ, անշուշտ, կան: Սակայն քիչ չեն նաև ապակառուցողական վարքի ու գործելակերպի դրսևորումները, տրամաբանական, էթիկական, արարողակարգային նորմերի խախտումներով ուղեկցվող անպտուղ, երբեմն էլ անցանկալի հետևանքներ գեներացնող բախում-լեզվակռիվները: Առաջին մոտեցմամբ հասարակական երկրորդային ինստիտուտների շարքը դասվող քաղաքական երկխոսության պատշաճ մշակույթի բացակայությունը կարող է ճգնաժամի մեջ գցել գլխավոր ինստիտուտների աշխատանքը: Նաև այդ իրողությունների գիտակցմամբ է պայմանավորված բուհերում բանավեճի, փաստարկման, ճարտասանության հարցերին նվիրված դասընթացների մատուցումը: Ամեն հաջորդ սերունդ ավելի լավը պետք է լինի իր նախորդներից: Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել զարգացման հարատև գործընթացը:

 

- Կարևոր համարո՞ւմ եք մանկավարժական գործունեությանը զուգահեռ իրականացվող գիտահետազոտական աշխատանքը։

 

- Անշուշտ: Ֆրանսիացի մտածողներից մեկի բնութագրմամբ, մարդը կիսատ պրոյեկտ է՝ միտված ապագային: Նա անընդհատ զարգանալու և կատարելագործվելու խնդիր ունի: Դա առավել քան վերաբերում է նաև դասախոս-գիտնականին: Բուհում դասավանդողն անպայման պետք է լինի հետազոտող-գիտնական: Նրա գաղափարները պետք է փորձաքննություն անցնեն ոչ միայն գործընկերների և գիտական հանրության շրջանակում, այլև ուսանողական միջավայրում: Բուհում դասախոսելը և գիտահետազոտական գործունեությունը նույն մեդալի երկու երեսը պետք է համարել: Այլապես անխուսափելի են ճահճացումն ու հետընթացը: Ի դեպ, կարևոր է նաև ուսանողների աստիճանական  ներգրավումը հետազոտական աշխատանքներում և այդ որակների զարգացումը գիտելիքների մատուցման գործընթացին զուգընթաց:

 

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին և գործընկերներին։

 

- Գործընկերներիս ցանկանում եմ հաջողություններ ու ձեռքբերումներ իրենց կարևոր և շնորհակալ գործունեության ասպարեզում: Ուսանողներիս խորհուրդ եմ տալիս չընկճվել դժվարությունների հանդիպելիս, չնահանջել ու չթուլանալ, այլ համառել, բազմապատկել ջանքերը և հաղթահարել դրանք, հիշել, որ մեծ հաղթանակները ձեռք են բերվում հետևողական աշխատանքի և առաջին հայացքից փոքրիկ թվացող ձեռքբերումների ճանապարհով:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: