18.04.2018 | 
Կրթություն
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը պատրաստում է որակյալ մասնագետներ, ովքեր ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են ցեղասպանությունների պատմական, սոցիոլոգիական, քաղաքագիտական և իրավական դաշտերը:

 

ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Նելի Աբրահամյանը ծրագրում է ընդունվել ասպիրանտուրա և հետագայում Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնել միջազգային հարթակներում:

 

Պատմում է Նելի Աբրահամյանը. «ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժինն ավարտելուց հետո որոշեցի մագիստրոսական կրթությունս շարունակել Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ մասնավորապես «Ցեղասպանագիտություն» մասնագիտության շրջանակում: Այսօր լավ և բազմակողմանի զարգացած ցեղասպանագետների պահանջարկ շատ կա: Դեռ դպրոցական տարիքից հետաքրքրվել եմ հայոց պատմությամբ և հիշողությանս մեջ մնացել էր այն կարծրատիպը, որ պատմության ողջ ընթացքում հայերին միշտ կոտորել են, միշտ տանջվել ու զրկանքներ են կրել, եղել զոհի կարգավիճակում: Մտքում միշտ հակադարձել եմ այդ մտքին, քանի որ զոհի հոգեբանությունն ինձ համար չէ: Ուստի որոշեցի ուսումնասիրել ու հասկանալ ցեղասպանության իրական դրդապատճառներն ու հետևանքները:

 

Չեմ զղջում ընտրությանս համար: Ծրագրի շրջանակում ուսանողները խորությամբ ուսումնասիրում են ոլորտը՝ ծանոթանալով խնդրի ոչ միայն պատմական, այլև իրավական, սոցիալական, հոգեբանական և այլ ուղղությունները: Հուսով եմ, որ կկարողանամ ներդրում ունենալ այս բնագավառում, նպաստել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հարկ է նշել, որ առաջնայինը միայն միջազգային ճանաչման հարցը չէ. պետք է հաղթահարել ցեղասպանության հետևանքները, հատկապես հոգեբանական դաշտում: Իհարկե, համոզված եմ՝ երկար ճանապարհ ունեմ անցնելու, հսկայական աշխատանքային փորձ պետք է կուտակեմ, բայց ես պատրաստ եմ անցնել այդ դժվարին ուղին:

 

Ներկայումս ցանկացած մասնագետ, ով պատկերացում ունի ցեղասպանության որևէ ասպեկտի մասին, կարող է որպես ցեղասպանագետ ներկայանալ և վերլուծություններ անել: Սակայն այսուհետ մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո մենք լիիրավ կարող ենք ցեղասպանագետներ կոչել մեզ: Հայաստանում, իրոք, բազմակողմանի զարգացած ցեղասպանագետների պակաս կա, ովքեր կարող են ընդհանուր հարթակ բերել ոլորտի բոլոր ուղղությունները: Հավելեմ նաև, որ համեմատական ցեղասպանագիտության ոլորտը նույնպես բաց է: Իրականացված բոլոր ցեղասպանություններն ընդհանուր նախապատմություններ ունեն: Ցեղասպանությունների հիմքում մի շարք գործընթացներ են ընկած, որոնք շատ ընդհանրություններ ունեն՝ ապամարդկայնացում, գաղափարախոսություն և այլն»:

 

Երիտասարդ մասնագետն ընդգծում է, որ 21-րդ դարում, որքան էլ զարմանալի է, սակայն ցեղասպանությունները շարունակում են. «Առաջին հայացքից թվում է, թե ժամանակակից աշխարհում պետք է  կանխվեն նման վայրագությունները, սակայն ցեղասպանությունները շարունակվում են և մնում անպատիժ: Թեման սպառված չէ, նույնիսկ Հայոց ցեղասպանությունը, որը 100 տարվա պատմություն ունի, լիարժեք ուսումնասիրված չէ»:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել պետական շահով և աշխատաշուկայի տված հնարավորություններով»:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին: