10.07.2018 | 
Կրթություն
«ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԵՎ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐ»
«ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԵՎ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐ»
Այս տարին առանձնահատուկ է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի համար: Լրանում է վերջինիս հիմնադրման 50-ամյակը: Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ արխիվային նյութերին, նախատեսվող հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև խոսեց ամառային դպրոցի մասին:

- Այս տարի լրանում է Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակը: Ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում:

 

- Սկսեմ երևի թե նրանից, որ մենք այս ընթացքում արխիվում աշխատանքներ կատարելիս շատ հետաքրքիր փաստաթղթեր հայտնաբերեցինք: Ես գտա 1968 թվականի ապրիլի 25-ին տրված հրամանը, ըստ որի՝ պետք է ստեղծվեր Արևելագիտության ֆակուլտետը:

 

Արխիվն ուսումնասիրելիս ես գտա նաև ավելի վաղ շրջանի՝1920-ական թվականների որոշ փաստաթղթեր, որտեղ գրված է Արևելագիտության ֆակուլտետի մասին:

 

Հայտնի է, որ համալսարանի ստեղծման օրվանից ԵՊՀ-ում դասավանդվել են արևելագիտական բնույթի առարկաներ, արևելյան լեզուներ, պատմություն:

Բայց, այնուամենայնիվ, մենք համարում ենք, որ, ըստ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի, ֆակուլտետը ստեղծվել է 1968 թվականի ապրիլի 25-ին:

 

Ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ մենք պլանավորել ենք մի շարք միջոցառումներ:

 

Առաջինը կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քանի որ մենք նախատեսում ենք հանդիսավոր նիստ, որին հրավիրվելու են ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, կցուցադրվի նաև ֆիլմի, որը կպատմի ֆակուլտետի դերի, հիմնադրման պատմության, ինչպես նաև տարբեր տարիների շրջանավարտների հաջողությունների մասին:

 

Այս ամենի ուսումնասիրության ընթացքում միտք հղացավ նաև տպագրել փոքրիկ գրքույկ՝ անդրադառնալով հայտնի արևելագետների, որոնք ավարտել են Արևելագիտության ֆակուլտետը: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ամենատարբեր ոլորտներում՝ սկսած քաղաքական ու դիվանագիտական ոլորտներից, վերջացրած տնտեսական ու մշակութային ոլորտներով, մենք ունենք կարևոր դերակատարում ունեցած և ունեցող արևելագետներ՝ նախարարներ, գեներալներ, դեսպաններ, դիվանագետներ:

 

- Իսկ ի՞նչ կարող եք պատմել նախատեսվող գիտաժողովի մասին:

 

- Քանի որ ֆակուլտետը կարևոր դեր ունի նաև երկրի գիտական և վերլուծական կյանքում, մենք որոշեցինք նաև գիտաժողով կազմակերպել, որը կկրի «Առաջին հայկական արևելագիտական միջազգային կոնգրես» խորագիրը: Գիտաժողովին կհրավիրվեն նաև մասնագետներ արտասահմանից :

 

Գիտաժողովի անցկացման կազմկոմիտեի կազմում ընդգրկված են նաև գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ ինչպես Եվրոպայից և ԱՄՆ-ից, այնպես էլ միջինասիական երկրներից:

 

Այն Երևանում և Ծաղկաձորում կանցկացվի նոյեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում: Գիտաժողովի խորագիրը վերաբերելու է Արևելագիտության ֆակուլտետին, բայց կան նաև թեմաներ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի, ինչպես նաև վերջինիս ավարտից հետո նոր Մերձավոր Արևելքի ձևավորման, դրա պատմական, քաղաքական, լեզվային և կրոնական հայեցակետերի մասին: Կլինեն զեկուցումներ իսլամի դերի, 20-րդ դարի սկզբին ստեղված արևելյան պետությունների, մշակութային վերափոխումների մասին:

 

Ծրագրում ենք հրատարակել նաև «Արևելագիտության հարցեր» գիտական հոդվածների ժողովածուի հատուկ համարը, որը կամփոփի գիտաժողովի արդյունքները: Գիտաժողովի ժամանակ կարդացված զեկուցումները լույս կտեսնեն հոդվածների տեսքով:

 

- Արևելագիտության ֆակուլտետն ուսանողների համար կազմակերպել է նաև ամառային դպրոց: Ովքե՞ր են իրականացնում դասընթացները և ի՞նչ խնդիրներ են ուսումնասիրվում դասընթացի ժամանակ:

 

- Հուլիսի 9-ից օգոստոսի 2-ը ֆակուլտետում մենք կազմակերպել ենք դասընթացների տեսքով ամառային դպրոց: Դասընթացն իրականացնում է նաև Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Արի Շեքերյանը:

 

Արին Թուրքիայի քաղաքացի է, ով սովորել է թուրքագիտություն և մեկն է այն ուսանողներից, ովքեր «Լույս» հիմնադրամով կարողացել են ուսանել աշխարհի ամենալավ համալսարաններից մեկում՝ Օքսֆորդում: Արիի պաշտպանած ատենախոսությունը վերաբերում է հայերի քաղաքական դիրքորոշմանը 1918-1920-ական թվականներին՝ այն ժամանակաշրջանին, երբ Օսմանյան կայսրությունը պատերազմում պարտվել էր, սկսվել էին Թուրքայի Հանրապետության ստեղծման խմորումները :

 

Նա՝ որպես մասնագետ, 3 հետաքրքիր առանձնահատկություն ունի:

 

Առաջինն այն է, որ նա Թուրքիայի քաղաքացի է, թուրքական իրականությունը և լեզուն գիտի շատ լավ, երկրորդը, որ նա Ստամբուլի համալսարանում հենց թուրքագիտություն է սովորել, իսկ երրորդը, որ նա աշխարհի լավագույն համալսարաններից մեկում շատ հետաքրքիր թեմայի շրջանակում հետազոտություն է անցկացրել:

 

Ես նրան խնդրել եմ, որ նա մեր ուսանողներին փոխանցի նոր գիտելիքներ նոր մեթոդներով՝ օգտագործելով այս երեք բաղադրիչները:

 

Ամառային դպրոցի ընթացքում Արին ուսանողներին կօգնի ուսումնասիրել խոսակցական թուրքերեն, օսմաներեն և թուրքական պատմագրություն:

 

Եվ չնայած ամառային տապին՝ մենք ունենք դասընթացին գրանցված ուսանողների մեծ քանակ, ընդ որում՝ հերթագրվողների մեջ կային ոչ միայն ներկա, այլ նաև նախկին ուսանողներ:

Այլ նորություններ
«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱՅԼ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ֆարմացիայի ինստիտուտի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպել էր պլենար դասախոսություն, որը վարում էր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁԵԼ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու դասագիրք է հրատարակել։