27.05.2020 | 
Հասարակություն
«ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՆ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
«ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՆ ԻՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է». ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հաղթող է ճանաչվել «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգում: Պարոն Մելքոնյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մանկավարժական գործունեության հետաքրքիր կողմերի ու դժվարությունների մասին:

- Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս հասկացաք, որ պետք է զբաղվեք արևելքի ուսումնասիրությամբ:

 

- Դեռ դպրոցական տարիներին հետաքրքրություն ունեի արևելքի նկատմամբ, ինչը հենված էր մի կողմից՝ ընտանեկան որոշ իրողությունների, իսկ մյուս կողմից՝ հայերիս շրջանում եղած ավանդական պատկերացումների վրա: Դեռ մանկուց մշեցիների մեր ավանդական գերդաստանում շատ եմ լսել պատմություններ Օսմանյան կայսրության, հայերի նկատմամբ քաղաքականության, Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մայրական պապս և տատս 1915 թ. Կիլիկիայից գաղթել են Սիրիա, 1948-ին էլ ներգաղթել Խորհրդային Հայաստան: Մայրական տատիս տանը և թաղամասում՝ Նոր Արեշում, որտեղ բնակվում էին տարբեր երկրներից ներգաղթյալ հայրենադարձներ, զգացվում էր արևելյան միջավայրի ազդեցություն՝ սկսած կենցաղից, խոհանոցից, վերջացրած թուրքերենի և արաբերենի կիրառումով: Այսինքն՝ իմ միջավայրը կարծես դրդում էր ուսումնասիրելու արևելքը, ինչը սկսվեց սիրողական հետաքրքրությունից, ապա դարձավ արդեն մասնագիտություն ու գիտական հետազոտությունների թեմա: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը՝ արևելագիտությունը. այն իմ ինքնության մի մասն է:

 

- Ե՞րբ եք սկսել իրականացնել մանկավարժական գործունեություն: Ի՞նչն է ամենահետաքրքիրն այդ գործում:

 

- Մանկավարժական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 2003 թվականից՝ ասպիրանտուրայում ուսանելու տարիներին: Իմ մանկավարժական ուղին, կարելի է ասել, «դասական արևելագիտական է». ես սկսել եմ դասավանդել թուրքերեն, այնուհետև թուրքական գրականություն, քանի որ թեկնածուական ատենախոսությունս նվիրված էր ժամանակակից թուրք գրականությանը: Դոկտորական ատենախոսությունս նվիրված էր 20-րդ դարի Թուրքիայի պատմությանը, մասնավորապես թուրքական քաղաքականությանն այդ երկրի քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների նկատմամբ: Եվ արդեն տևական ժամանակ է՝ դասավանդում եմ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» առարկան: Հիմա վերադառնամ մանկավարժական ուղուս «դասական արևելագիտական» բնութագրմանը. արևելագիտությունը միջգիտակարգային գիտություն է, և արևելագետը պետք է լավ տիրապետի արևելյան տվյալ երկրի լեզվին, իմանա այդ երկրի պատմությունը, գրականությունը, կրոնը, մշակույթը և այլն: Եվ արևելագետի համար ամենևին էլ խորթ ու զարմանալի չէ դասավանդել և՛ պատմաքաղաքագիտական, և՛ բանասիրական բնույթի առարկաներ: Հիմա զբաղվածությանս պատճառով չեմ հասցնում այլևս թուրքերեն դասավանդել, սակայն մյուս առարկաները դասավանդելիս սիրում եմ երբեմն լեզվական, անգամ լեզվական-քաղաքագիտական անդրադարձներ կատարել: Ահա, հենց այս նշվածներն էլ արևելագիտական-մանկավարժական գործունեությանս հետաքրքիր կողմերից են:

 

- Գիտամանկավարժական գործունեությունից բացի՝ կատարում եք նաև վարչական աշխատանք: Ինչպե՞ս եք համատեղում, ի՞նչ դժվարություններ են ի հայտ գալիս:

 

- Այո՛, վարչական աշխատանք կատարում եմ 2009 թվականից. 2009-2017 թթ. եղել եմ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկանը, իսկ 2017 թ. ընտրվել եմ նույն ֆակուլտետի դեկան: Իրականում վարչական և գիտամանկավարժական գործունեությունները, թվում է, թե կարող են խանգարել իրար. նման կարծիքի համար երևի կա օբյեկտիվ հիմք: Սակայն այս երկու ուղղությունները ես փորձում եմ համատեղել և այդպիսով խուսափել լճացումից: Այսինքն՝ այս միջոցով խուսափում եմ միայն վարչական աշխատող լինելու կամ միայն գիտությամբ զբաղվող և գործնական-կազմակերպչական թույլ հմտություններ ունեցող դասախոս դառնալու հեռանկարից: Ես վարչականը և գիտամանկավարժականը համադրելու համար գտել եմ ինձ համար ներդաշնակ ոճ, և կարծես թե դեռևս ստացվում է:

 

- Ի՞նչ մեթոդներ և սկզբունքներ եք կիրառում դասախոսությունների ընթացքում՝ դրանք առավել հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու նպատակով:

 

 

- Դասախոսություններն իրականացնում եմ իմ և իմ գործընկերների կողմից պատրաստված հայալեզու բուհական դասագրքերի հիման վրա, օգտագործում եմ նաև ցուցադրումներ, որոնք ավելի ամբողջական են դարձնում նյութը: Օգտակար եմ համարում նաև դասախոսությունների ընթացքում կիրառել պատմական դեպքերը կամ գրական ստեղծագործությունները, գրականությունները համադրելու մեթոդը: Պատմաբան-արևելագետի համար կարևոր են նաև մեծ քաղաքականության փոքր մանրուքները, որոնք ճակատագրական են եղել ոչ միայն համաշխարհային քաղաքականության, այլև մեր ազգի համար:

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ուսանողներին և գործընկերներին:

 

- Խորհուրդներ կարող եմ տալ միայն իմ կրտսեր գործընկերներին, իմ ասպիրանտներին, ուսանողներին, իսկ ավագ գործընկերներիցս ես ինքս եմ խորհուրդներ ակնկալում: Ուստի իմ կրտսեր գործընկերներին խորհուրդ կտամ անվերապահ նվիրումով իրականացնել մանկավարժի, այն էլ արևելագետ-մանկավարժի իրենց գործը, քանի որ այն ունի ոչ միայն կրթական, այլև քաղաքական ու անվտանգային նշանակություն: Արևելագետ լավ ուսանողները մեր երկրի անվտանգության վաղվա ապահովողներն են, մեր երկիրն աշխարհում ներկայացնողներն են թե՛ որպես գիտնական, թե՛ որպես դիվանագետ: Իսկ ուսանողներին խորհուրդ կտամ լավագույնս օգտագործել իրենց ժամանակը՝ լավ մասնագետ դառնալու և ապագայում հայրենիքին օգտակար լինելու համար:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայ օգնության ֆոնդ» միավորման Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ համատեղելու իրենց ռեսուրսներն ու ջանքերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացումը խթանելու նպատակով։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: