30.04.2019 | 
Գիտություն
ԴՈԿՏՈՐ ՍՎԱՆՏԵ ԼՈՒՆԴԳՐԵՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՍՈՐԻՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴՈԿՏՈՐ ՍՎԱՆՏԵ ԼՈՒՆԴԳՐԵՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԱՍՈՐԻՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լունդի համալսարանի (Շվեդիա) մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Սվանտե Լունդգրենն ապրիլի 8-18-ը դասախոսությունների շարք կարդաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում:

ysu.am-ը հարցազրույց է անցկացրել Սվանտե Լունդգրենի հետ:

- Պատմեք, խնդրեմ, Ձեր հետազոտության մասին:

- Ես ծագումով Ֆինլանդիայից եմ, այնտեղ եմ ստացել դոկտորի կոչում: Այժմ աշխատում եմ Լունդի համալսարանի (Շվեդիա) Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնում: Ես ուսումնասիրություններ եմ կատարել Հրեական հետազոտությունների ոլորտում, բայց հիմա ավելի շատ կենտրոնացել եմ Միջին Արևելքում քրիստոնեական համայնքների, մասնավորապես՝ հայերի և ասորիների հետազոտությունների վրա:

Նշեմ, որ Շվեդիայում ասորիներն ու Միջին Արևելքի այլ քրիստոնյա համայնքները մեծ թիվ են կազմում: Ես ուսումնասիրում եմ նաև նրանց կյանքի փոփոխությունները Սփյուռքում: Ցավոք, ես լավատես չեմ այս համայնքների ապագայի վերաբերյալ, քանի որ նրանք շատ լուրջ մարտահրավերներ ունեն:

Հայրենիքում՝ Միջագետքի հյուսիսում, նրանց թիվը նվազել է, մանավանդ՝ վերջին 15 տարում: Հյուսիսային Միջագետքում և Իրաքի հյուսիսում ոչ շատ վաղ մոտ մեկ միլիոն ասորի կար, իսկ հիմա հստակ տվյալներ չկան, բայց ըստ ուսումնասիրություններից մեկի՝ ամբողջ Իրաքում նրանց թիվը 250 հազար է:

Այս էթնիկ կրոնական ինքնություն ունեցողների սակավաթվությունը մեծ խնդիր է: Թեև նրանք չունեն պետական իշխանություն և ինքնավարություն, սակայն փորձում են պահպանել իրենց մշակույթը և լեզուն, ինչն օրեցօր դառնում է ավելի բարդ, քանի որ նրանց թիվը նվազում է:

Այսօր ավելի ու ավելի շատ ասորիներ են ապրում Սփյուռքում: Նրանց գոյատևումը Սփյուռքում ևս շատ բարդ է ոչ թե բռնության, այլ այն պարզ պատճառով, որ կյանքը Սփյուռքում ավելի լավն է, և դանդաղ ձուլումն անխուսափելի է: Եթե դու և երեխաներդ չձուլվեք, ապա քո թոռները կձուլվեն: Երկարաժամկետ հեռանկարում քաղաքական իրավիճակի, ծայրահեղական խմբերի, ջիհադիստների և այլ պատճառներով իրենց պատմական հայրենիքում ասորիներն ավելի քիչ են լինելու, քան Սփյուռքում: Սա ևս լուրջ մարտահրավեր է:

- Հիմնական կոնֆլիկտը կրոնական տարբերությու՞նն է:

- Իրաքում՝ այո՛: Վերջին 15 տարվա ընթացքում ասորիների խնդիրների հիմնական պատճառն այն է, որ նրանք քրիստոնեական համայնք են: Այնտեղ ծայրահեղական իսլամիստներ էին, Իսլամական պետությունը, հարյուրավոր ծայրահեղական խմբավորումներ, որոնք ասորիներին որպես թիրախ են տեսնում: Նրանք փորձում են վախեցնել այնքան, որ ասորիները հեռանան: Եվ այս ամենի պատճառը վերջիններիս քրիստոնյա լինելն է:

Կա մեկ ուրիշ կոնֆլիկտ, որն այսչափ դաժան չէ, բայց, միևնույն է, կա: Դա Իրաքի հյուսիսում քրդական ինքնիշխանությունն է: Այստեղ նրանք չեն ենթարկվում ճնշումների կրոնական հիմքով, բայց քրդական բնակչությունը, քրդական ռեժիմը դեմ են ասորիներին և ձգտում են քրդացնել տարածաշրջանը: Քրդերը փոխում են ասորական գյուղերի ավանդական անունները քրդականով, անգամ պատմությունը «քրդականացնելու» փորձեր են արվում, նույնիսկ ասորի երեխաներին դպրոցում քրդական պատմություն են սովորեցնում:

- Իսկ ի՞նչ կասեք ասորիների և իրաքցիների առօրյա հարաբերությունների մասին:

- Դժվար է ասել, կարծում եմ՝ տարբեր մարդիկ տարբեր փորձ ունեն: Ոմանք կասեն, որ լավ հարաբերությունների մեջ են, նրանց մուսուլման հարևանները Սուրբ ծնունդին շնորհավորում են միմյանց: Բայց մենք նույնպես լսել ենք, որ երբ Իսլամական պետությունը հարձակվել է, հարևան սուննի արաբները դավաճանել են, և նրանք այլևս չեն կարող վստահել վերջիններիս: Հարաբերություններն ավելի են բարդացել:

Կարծում եմ՝ Իրաքում ասորիներն ամենալավ հարաբերությունների մեջ են եզդիների հետ, նրանք երկուսն էլ խոցելի փոքրամասնություններ են, որ սատարում են միմյանց այս դժվարին տարիներին:

- Այս ամենը մոտավորապես նման է այն ամենին, ինչ տեղի ունեցավ հայերի հետ Ղարաբաղում: Հայերի ադրբեջանցի հարևանները թաքցրել են նրանց և օգնել փախչել, հայերը դա երախտագիտությամբ են հիշում:

- Այո՛, նմանություններ կան: Դուք նույն ճակատագիրն ունեք: Օրինակ վերցնենք Հարավսլավիան: Սերբերը, խորվաթները, բոսնիացիներն ապրում էին կողք կողքի, շատ էին խառը ամուսնությունները: Նրանք կարծում էին, որ դա խնդիր չէ: Բայց սկսվեց ճգնաժամ՝ իր հետ բերելով խնդիրներ:

Վերադառնանք ասորական և հայկական Սփյուռքի համեմատությանը: Ի՞նչն է մարդկանց միասնական պահում Սփյուռքում. եկեղեցին և լեզուն:

Հայերը բաժանվում են արևելահայերի և արևմտահայերի, բայց պատկանում են մեկ եկեղեցու: Ասորիները բաժանված են, նրանք դավանում են քրիստոնեության արևելյան ասորիական և արևմտյան ասորիական թևերին:

Նրանց խնդիրն ավելի բարդ է: Ինչ վերաբերում է լեզվին, այն շատ կարևոր է, քանի որ խոսքն ինքնության պահպանման մասին է: Ժամանակակից հասարակությունում դա շատ բարդ է, քանի որ ապրելով ԱՄՆ-ում, Գերմանիայում կամ Շվեդիայում՝ մարդիկ շրջապատված են տեղական լեզվով՝ համակարգիչը, հեռախոսը կամ անգլերենով է, կամ տեղական լեզվով:

Կարծում եմ, որ երկրորդ սերունդը կկորցնի լեզուն: Ասորիները չունեն երկիր: Հայերն ունեն երկիր, ենթակառուցվածքներ, դպրոցներ, համալսարաններ, և լեզուն պահպանվում ու զարգանում է:

Սփյուռքի հայերը հնարավորություն ունեն սովորելու իրենց լեզուն: Առանց պետության դա մեծ մարտահրավեր է Սփյուռքում փոքր համայնքների համար, որոնք պայքարում են լեզվի պահպանման համար: Նրանք փորձում են ընտանիքների ներսում խոսել մայրենի լեզվով, բայց երեխաները գնում են դպրոց և սովորում տեղական լեզուն, նրանց ընկերներն այդ լեզվի կրողն են, նրանք հաղորդակցվում են տեղական լեզվով: Նրանք հասկանում են իրենց մայրենին, բայց օտար լեզվով խոսում են ավելի լավ, քան մայրենիով:

- Այս խնդիրն արդիական է նաև հայկական Սփյուռքի համար: Որոշակի երկակիություն կա՝ դպրոցում, համալսարանում, ընկերների հետ մի լեզվով խոսել, իսկ տանը՝ ընտանիքի ու բարեկամների հետ՝ մայրենիով, նրանք երևի երկու լեզվով են մտածում:

- Ասորիներն ազգային շարժում սկսեցին, որը ձևավորվել էր 19-րդ դարի վերջում: Շարժման գաղափարն ազգային ինքնորոշման ու պատմական հայրենիքում սեփական պետություն ստեղծելու իրավունք ունենալն է: Ասորիներից շատերը մնացել են այս պատմական հայրենիքում:

Իմ լավ ընկերներից մեկը տասնամյակներ շարունակ այս շարժման շատ ակտիվ անդամ է:

Եվ երբ հարցնում եմ նրան, թե արդյոք նա հավատում է, որ մի օր իրենք իրենց պետությունը կունենան, նա դրական է պատասխանում. «Գոյատևելու համար մեր պետությունը պետք է ունենանք, այլապես ինչի՞ համար ենք պահպանում մեր ինքնությունը»: Բայց նա միայնակ է իր պայքարում:

Եթե Շվեդիայի ասորիներին դիտարկենք, ապա կտեսնենք, որ նրանցից շատերը հաջողակ են: Նրանք լավ կրթություն, լավ կարիերա ունեն, նրանց ընտանիքներն ապահով կյանքով են ապրում: Եվ եթե հարցնենք՝ հավատու՞մ են արդյոք, որ 10, 20, 30 տարի հետո կունենան եթե ոչ անկախ պետություն, ապա գոնե ինքնիշխանություն, և պատրա՞ստ են տեղափոխվել այնտեղ ապրելու, ապա նրանք կհրաժարվեն՝ ասելով, որ այստեղ կյանքը շատ ավելի լավ է, ինչու՞ վտանգել ամեն ինչ և գնալ մշուշոտ ապագայի հետևից:

Ասորական խնդիրն այն է, որ հիմնված է գաղափարի վրա, շատ ասորիներ սեփական պետություն ունենալը ոչ իրատեսական երազանք են համարում:

- Կա՞ն արդյոք որևէ առավելություններ (գուցե կրթության կամ այլ ոլորտներում) ասորիների համար Շվեդիայում, Ֆինլանդիայում կամ եվրոպական այլ երկրներում։

- Օրինակ՝ Շվեդիայում, որտեղ ասորական Սփյուռքը շատ մեծ է, նրանք ունեն Ազգային ֆեդերացիա՝ տեղական մասնաճյուղերով, ունեն Երիտասարդական ֆեդերացիա, հեռուստաալիքներ, առցանց ամսագրեր: Շվեդիան շատ բաց է այդ կազմակերպություններին աջակցելու հարցում։ Ազգային ֆեդերացիայի բյուջեի մեծ մասը հատկացնում է պետությունը։ Ասորիները Թուրքիայում, Սիրիայում կամ Իրաքում դիտվում են միայն որպես կրոնական համայնքներ, նրանք ունեն միայն եկեղեցի։ Բայց Շվեդիայում նրանք ունեն շենքեր, հարմարություններ և պետական աջակցություն։ Նույնիսկ դպրոցներում նրանք ունեն իրենց մայրենի լեզուն սովորելու իրավունք։ Այսպիսով՝ Շվեդիան իր պետական աջակցությունն է ցուցաբերում ասորի համայնքի հանդեպ՝ ապահովելով վերջինիս այսպիսի կազմակերպություններ հիմնելու և կառավարելու հարցում։

- Արդյո՞ք ասորիները ներգրավված են երկրի ղեկավար օղակներում։

- Այո՛, նրանք բավականին ակտիվ և հաջողակ են Շվեդիայի քաղաքական կյանքում։ Սեպտեմբերին ընտրություններ էին, և կառավարության հինգ անդամ դարձան ասորական ծագումով գործիչներ։ Նաև նախարար կա, որը Թուրքիայում ծնված ասորի է։ Բացի դրանից՝ նրանք շատ ակտիվ են տեղական մակարդակում, մասնավորապես՝ այն քաղաքներում, որտեղ խոշոր ասորական համայնքներ կան։

- Հրաշալի է, որովհետև Հայաստանում, որտեղ եզդիների մեծաթիվ համայնք կա, միայն մեկ եզդի ներկայացուցիչ կա Ազգային Ժողովում։

- Ես կարծում եմ, որ Շվեդիան բարենպաստ պայմաններ ունեցող երկիր է ազգային փոքրամասնությունները մոբիլիզացնելու և ազդեցություն ձեռք բերելու համար։ Պաշտոնական Շվեդիան, քաղաքական կուսակցությունները կողմնակից են այդպիսի ներգրավմանը։ Մենք պետք է ներառենք ազգային փոքրամասնություններին և ներգաղթյալներին մեր կուսակցություններում։

- Որտե՞ղ է իրավիճակն ավելի լուրջ՝ Թուրքիայո՞ւմ, թե՞ Իրաքում։

- Անշուշտ, Իրաքում։ Այնտեղ շատ է բռնությունն ասորիների հանդեպ։ Թուրքիայում չկան բռնություն ու հալածանքներ նրանց հանդեպ կամ որոշակի խտրականություն ոչ թուրքերի, ոչ մուսուլմանների հանդեպ։ Բացի դրանից՝ ասորիների թիվը Թուրքիայում նվազել է, և համայնքը շատ թույլ է։

- Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել խնդիրը:

- Չեմ կարծում, որ իրավիճակը դեպի լավը փոխելու մեծ հույս կա։ Անգամ եթե ԻՊ-ն պարտվի, հակամարտության այլ կողմեր էլ կան։ Իմ կարծիքով, Միջին Արևելքի խնդիրը մտածելակերպի մեջ է։ Մեզ պետք է, որ Իրաքում նոր մտածելակերպ զարգանա, որ հռչակվի «Իրաք՝ բոլորի համար» գաղափարը, մենք պետք է զարգացնենք երկիրն ի շահ բոլոր քաղաքացիների, բոլոր բնակիչների, կրոնական ու էթնիկ բոլոր խմբերի։ Բայց դա ավանդական չէ Միջին Արևելքի համար։ Այստեղ ավանդական է միայն սեփական ցեղատեսակի, սեփական կրոնական և էթնիկական համայնքի շահը վեր դասելը։ Հուսանք, որ կլինի նոր՝ ավելի ժողովրդավարական Իրաք, որը կհասկանա փոքրամասնության իրավունքների գաղափարը, բայց, ինչպես ասում են, Ինշալլահ։ Եկեք հուսանք, որ այլ Բաղդադ կտեսնենք։ Ես այդքան էլ լավատես չեմ այդ հարցում, որովհետև ավանդույթը տարբեր է, և դա տարածվում է ամբողջ Միջին Արևելքում։

Սվանտե Լունդգրենի դասախոսությունը հասանելի է ստորև:

 

Մարի Ռաֆյան


Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒԻՍՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի աշխատասենյակում այսօր կազմակերպվեր էր հանդիպում Իտալիայի Լուիսս համալսարանի պրոֆեսոր, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Մարկետտի հետ:
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻԱՑԻՈՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒ ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Nuclear and Radiation Physics and Materials» («Միջուկային և ռադիացիոն ֆիզիկա և նյութեր») խորագրով միջազգային քառօրյա կոնֆերանսը: