04.04.2018 | 
Հասարակություն
«ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՐՄԱՐՎՈՂԸ ԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՄ, ՈՉ ԹԵ ՄԱՐԴԻԿ ՀԱՐՄԱՐՎԵՆ ԻՆՁ». ԵՊՀ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ ԷԼԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՐՄԱՐՎՈՂԸ ԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՄ, ՈՉ ԹԵ ՄԱՐԴԻԿ ՀԱՐՄԱՐՎԵՆ ԻՆՁ». ԵՊՀ ՍԻՐԻԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂ ԷԼԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Էլինա Հարությունյանը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղագիտություն բաժնի առաջին կուրսում է սովորում: Նա այն սիրիահայ երիտասարդներից մեկն է, ով կրթություն է ստանում ԵՊՀ-ում և իր ապագան տեսնում Հայաստանում:

Հայաստանի մասին

 

Ես ծնվել եմ Երևանում: Սիրիայում ապրել եմ 17 տարի:  Այնտեղ դպրոց եմ հաճախել և պատրաստվում էի ընդունվել համալսարան, բայց պատերազմն ամեն ինչ ընդհատեց, և ես ստիպված տեղափոխվեցի Հայաստան, ընդունվեցի Ֆարմացիայի ինստիտուտ, ավարտելուց հետո էլ ցանկանում եմ մնալ Հայաստանում և հայրիկիս հետ մեր սեփական գործը հիմնադրել:

 

Իհարկե, սկզբում դժվար էր, հիմա էլ է դժվար: Կան բաներ, որոնց հետ, կարծում եմ, երբեք չեմ հարմարվի: Հայաստանում ամեն ինչ ուրիշ է. շատ սուր է ու կտրուկ: Մարդիկ, երբ իմանում են, որ սիրիահայ եմ, կամ շատ մտերմանում են, կամ էլ շուտ հեռանում: Հասկանում եմ, որ հարմարվողը ես պետք է լինեմ, ոչ թե մարդիկ հարմարվեն ինձ:

 

Հայերենի մասին

 

Հայերենի խնդիրը դժվարհաղթահարելի է: Նախկինում նեղվում էի, երբ ընկերներս կատակում էին իմ ր-ն ռ կամ կ-ն գ արտասանելու դեպքում: Մեկ-մեկ, իսկապես, շատ ծիծաղելի պատմություններ են լինում: Հիմա արդեն հարմարվել եմ դրանց: Փորձում եմ շտկել արտասանությունս,  երբեմն մտածում եմ, որ արդեն արևելահայերենը խառնում եմ արևմտահայերենին:

 

Սովորելու մասին

 

Այստեղ սովորելն ինձ համար իսկական մարտահրավեր էր: Ճիշտ է, ես Սիրիայում հայկական դպրոց եմ հաճախել, բայց ուսուցման հիմնական լեզուն արաբերենն է եղել: Իհարկե, դասախոսներն այստեղ ինձ շատ են ընդառաջում, բայց միևնույնն է, ես դեռ փորձում եմ հաղթահարել լեզվական խնդիրները:

 

Պատերազմի մասին

 

Այն ժամանակ հասկացանք, որ պատերազմը սկսվել է, երբ սկսեցինք վախենալով դպրոց գնալ: Հաճախ մեզ զանգահարում էին դպրոցից ու ասում, որ դաս չի լինելու: Դպրոցում վտանգավոր է: Դպրոց գնալն այլևս կանոնավոր բնույթ չէր կրում: Ընտանիքս որոշեց, որ ես կրթությունս պետք է Հայաստանում շարունակեմ:

 

Սիրիայի մասին

 

Սիրիայում վերջին անգամ երկու տարին առաջ եմ եղել: Ամռանն էլ եմ գնալու: Թեև այնտեղ հարազատներ ունեմ, բայց հայրս դեռևս Սիրիայում է: Կարոտում եմ Սիրիայի մթնոլորտը, համայնքին, իմ ընկերներին, չնայած շատերն արդեն ցիրուցան են եղել: Հիմա, կարծում եմ, նրանց Սիրիայում գտնելը հեշտ չէ: Սիրիայում մարդիկ միասնական են. լսարանից ոչ մի ուսանող դուրս չի գա, քանի դեռ վերջին ուսանողը չի հանձնել իր աշխատանքը: Տարօրինակ է, երբ դու քեզ ավելի ուժեղ կարող ես զգալ օտարության մեջ և չհասկացված հայրենիքում:

 

Պարույր Սևակի մասին

 

Պարույր Սևակին շատ եմ սիրում: Սիրիայում, երբ հայկական դպրոց էի գնում, հայերենը և հայ գրականությունը չմոռանալու համար ամենաշատը Սևակի ստեղծագործություններն էի կարդում: Թվում էր՝ ամեն մի տողը հենց ինձ համար էր գրված:

Այլ նորություններ
Ո՞ՐՆ Է ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ ՏՈՀՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ  Է ԵՊՀ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿԱԶ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանի ներկայացրած «Մատենադարանի Լազարյանների արխիվը որպես 18‐19‐րդ դարերի հայոց պատմության սկզբնաղբյուր» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Կալիֆորնիայի համալսարանի կանցլեր Ջեն Բլոկին և պրոֆեսոր Էրիկ Իսրայելյանին: