31.10.2021 | 
Ուսանողական
«ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀԱԳԵՑԱԾ ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ ՀԵՆՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ». ՏԻԳՐԱՆ ԵԳԱՆՅԱՆ
«ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀԱԳԵՑԱԾ ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ ՀԵՆՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ». ՏԻԳՐԱՆ ԵԳԱՆՅԱՆ
Տիգրան Եգանյանը սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Տիգրանը դեռևս 2017 թվականից սկսել է իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, եղել ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: Այս տարի էլ Տիգրանը ներառված է հետազոտական խմբում, որի առաջարկած ծրագիրը երաշխավորվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից: Տիգրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, համալսարանական կյանքի առավելությունների ու դժվարությունների, ինչպես նաև նրա երազանքների ու նպատակների մասին:

- Տիգրա՛ն, ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք ընդունվել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ:

 

- Բնագիտական առարկաների հանդեպ դեռ փոքր ժամանակ սեր ունեի, մտածում էի բժիշկ դառնալու մասին, սակայն ավագ դպրոցում սկսեցի հետաքրքրվել քիմիայով, և ինձ գրավեց այս զարմանահրաշ աշխարհը։ Արդյունքում մտքափոխվեցի, որոշեցի ընդունվել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ և դառնալ քիմիկոս։

 

- Ի՞նչ ակնկալիքներով էիք ընդունվում ԵՊՀ, արդյո՞ք դրանք արդարացել են այստեղ:

 

- Համալսարանն ամբողջովին նոր միջավայր էր ինձ համար, որից ես ունեի բազում ակնկալիքներ՝ ձեռք բերել նոր գիտելիքներ, մասնագիտական հմտություններ, շփվել քիմիայի ոլորտում ՀՀ լավագույն մասնագետների հետ, տեղեկություններ ստանալ ժամանակակից գիտության մասին։ Արդյունքում ԵՊՀ-ում ակնկալիքներս հիմնականում արդարացել են, սակայն ժամանակակից աշխարհում մասնագիտական առաջընթաց ապահովելու գործում մեծ դեր ունի նաև ինքնակրթությունը։

 

- Ձեր սահմանմամբ ի՞նչ է քիմիան: Ինչո՞ւ է այն կարևոր:

 

- Չնայած քիմիան մարդկությանը հայտնի ամենահին գիտություններից մեկն է, սակայն այն մինչ այժմ հստակ սահմանում չունի։ Իմ կարծիքով, այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, քիմիա է։ Առանց քիմիայի բնագավառում գրանցած հաջողությունների ժամանակակից աշխարհը չէր լինի «ժամանակակից»։ Քիմիայի ամենամեծ ձեռքբերումներից են դեղամիջոցները, առանց որոնց այսօր անհնար է պատկերացնել կյանքը։

 

 

- Կպատմե՞ք համալսարանական կյանքի Ձեր փորձառության մասին: Ի՞նչ առավելություններ և բարդություններ կան այստեղ ուսանողների համար:

 

- Մարդու կյանքի ամենահագեցած և կարևոր տարիները հենց ուսանողական տարիներն են։ Այդ ընթացքում բացվում են նոր հնարավորություններ, հաստատվում կապեր, և շատ հաճախ հենց այս շրջանում են մարդիկ գտնում իրենց «ես»-ը։ Սակայն, ինչպես ասում են, մեդալը միշտ երկու կողմ ունի։ Իրար անընդհատ հաջորդող քննությունները, ահռելի քանակությամբ տեղեկությունը շատ կարճ ժամանակում յուրացնելն ուսանողական տարիները միևնույն ժամանակ դարձնում են ամենասթրեսայինը։

 

- Տիգրա՛ն, Դուք եղել եք Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: Կպատմե՞ք այս կառույցի մասին: Ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռում:

  

-Ես ՈՒԳԸ անդամ եմ դեռևս 2017 թվականից։ 2020-2021 թթ. եղել եմ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը: Կառույցի ամենակարևոր գործառույթն ուսանողների ուղղորդումն է դեպի գիտություն։ Ցանկացած նոր գործում, նոր ոլորտում և առհասարակ ամենուր ամենակարևորն առաջին քայլերն են։ Երբեք պետք չէ անտեսել դրանք։ Ինձ հենց ՈՒԳԸ-ն է ուղղորդել դեպի գիտություն, և այս կառույցի շրջանակում են եղել գիտության մեջ իմ առաջին քայլերը, և ոչ միայն իմ, այլև հայաստանյան ու արտասահմանյան տարբեր համալսարաններում, գիտական տարբեր խմբերում, աշխարհահռչակ գիտնականների ղեկավարությամբ աշխատող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներից շատերի:

 

 

- Ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ՝ ԵՊՀ-ում ուսանողական հարթակները հնարավորություն տալի՞ս են ինքնադրսևորվելու և ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու համար:

 

- ԵՊՀ ուսանողական կառույցները, մասնավորապես ՈՒԳԸ-ն, լայն հնարավորություններ են տալիս ուսանողների մասնագիտական որակների զարգացման համար։ ՈՒԳԸ-ն հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու դասընթացներ, արտասահմանյան հռչակավոր դասախոսների վեբինարներ, սեմինարներ, վարպետության դասեր, այցելություններ։ ՈՒԽ-ն հիմնականում կազմակերպում է ուսանողների ժամանցը և հանգիստը, ինչը նույնպես շատ կարևոր է։

 

- Վերջերս ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել էր հերթական մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ԵՊՀ-ից երաշխավորվել էր գիտական 5 թեմա: Թեմաներից մեկի հետազոտական խմբում ներառված եք նաև Դուք: Կպատմե՞ք ծրագրի մասին:

 

- Ծրագիրն ասիմետրիկ սինթեզի կատալիզատորների նախագծման և ստացման մասին է։ Ըստ էության, մենք ծրագրում ենք ստեղծել նոր գործիքներ, որոնք կարող են կիրառվել օրգանական քիմիայի տարբեր ոլորտներում։ Թեմայի արդիականության մասին խոսում է այն փաստը, որ այս տարվա քիմիայի Նոբելյան մրցանակը տրվել է հենց այս ոլորտում գրանցված հաջողությունների համար։

 

- Երբվանի՞ց եք իրականացնում հետազոտություններ: Ո՞րն է գիտական Ձեր հետաքրքրությունների շրջանակը:

 

- Ինչպես արդեն նշեցի, հետազոտություններ սկսել եմ իրականացնել դեռևս 2017 թվականից և շարունակում եմ մինչև հիմա։ Ինձ ավելի շատ դուր են գալիս խաչվող ոլորտները։ Այժմ մեր խմբի աշխատանքները ներառում են և՛ օրգանական, և՛ ֆիզիկական, և՛ անալիտիկ քիմիայի բաղադրիչներ։

 

 

- Ինչպե՞ս եք պատկերացնում գիտության զարգացումը Հայաստանում:

 

- Առաջին քայլը, որն արդեն իսկ իրագործվում է, գիտության ֆինանսավորման բարձրացումն է։ Գիտությամբ զբաղվելը մարդու համար պետք է լինի շահավետ։ Հաջորդ քայլը գիտական համայնքի երիտասարդացումն է, որին պետք է հաջորդեն կիրառական և հիմնարար գիտությունների առանձնացումն ու կիրառական գիտության զարգացումը։ Այս երեք քայլերը, ըստ ինձ, 5-10 տարում կարող են իրագործվել։ Շատ կարևոր է նաև միջազգային դրամաշնորհներին մասնակցությունը։

 

- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք:

 

- Նպատակներ և երազանքներ շատ ունեմ։ Դրանցից կուզենայի առանձնացնել երկու ոտքի վրա ամուր կանգնած, զարգացած, հարուստ և խաղաղ հայրենիք ունենալը։

 

- Ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր դեռ նոր պետք է ընդունվեն ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ:

 

- Միշտ հետևեք ձեր երազանքին, եղեք նպատակասլաց, գնահատեք ձեր ժամանակը, ինքնակրթվեք, միշտ խուսափեք «քառակուսի» մտածելակերպից, ունեցեք սեփական կարծիք, մի՛ խուսափեք սեփական սխալներն ընդունելուց և ամենակարևորը՝ վայելեք ուսանողական տարիները։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: