12.06.2020 | 
Հասարակություն
«ԴԱՍԱԽՈՍՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԻՍԿ ԵԹԵ ՉԻ ԳՐՈՒՄ, ՀԱԿՎԱԾ ԵՄ ԿԱՐԾԵԼՈՒ, ՈՐ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ». ՏԻԳՐԱՆ ՍԻՄՅԱՆ
 «ԴԱՍԱԽՈՍՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ, ԻՍԿ ԵԹԵ ՉԻ ԳՐՈՒՄ, ՀԱԿՎԱԾ ԵՄ ԿԱՐԾԵԼՈՒ, ՈՐ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ». ՏԻԳՐԱՆ ՍԻՄՅԱՆ
Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր Տիգրան Սիմյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. բանասիրական անվանակարգի հաղթողներից է։ Պարոն Սիմյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, իր կողմից կիրառվող մեթոդների, սիրելի գրքերի, գրականության ընթերցման ու գրողին բնորոշ հատկանիշների մասին։

- Պարո՛ն Սիմյան, ինչպե՞ս որոշեցիք, որ բանասիրական ֆակուլտետ պիտի ընդունվեք։ Ի՞նչ պատկերացումներ ունեիք մասնագիտության վերաբերյալ։

 

- Անկեղծ սերն առ ընթերցանությունն է դարձել իմ ապագա մասնագիտական գործունեության հիմքը։ Այլ խոսքով՝ սիրած զբաղմունքը դարձավ հիմնական աշխատանք, ավելի ճիշտ՝ աշխատանք-հոբբի, ինչն ինձ պահում է ներդաշնակության մեջ և դարձնում երջանիկ։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա կարող եմ ասել հետևյալը. քանի որ գիտեի՝ ինչ եմ սովորելու համալսարանում, ապա ուսումնական գործընթացի ժամանակ ոչ մի անակնկալի չեմ հանդիպել։ Ես իմ ուսանողական տարիներին վայելում էի հայ, ռուս և արևմտյան գրականության տեքստերը, իսկ լեզվական առարկաները հետագայում դարձան հենք՝ գրականագիտական հետազոտության գործիքակազմը հարստացնելու համար (Սոսյուր, Ելսլև, Օստին, Սերլ և այլք)։

 

- Որպես հեռանկար՝ մտածե՞լ էիք դասախոս դառնալու մասին։ Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք նաև դասավանդել։

 

- Մոտավորապես երկրորդ կուրսից ես հասկացա, որ ուզում եմ դառնալ դասախոս, քանի որ դասախոսներն իրենց գործունեության բնույթով ավելի շարժուն են և ունեն ավելի շատ ժամանակ՝ մտածելու, խորհելու և ստեղծագործելու։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ ինչպես սկսեցի դասավանդել, ապա ես, ինչպես բոլոր դասախոս-գիտնականները, անցել եմ գրեթե նույն ճանապարհը՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և այլն։ Դասավանդումն ինձ օգնում է ձեռք բերված գիտելիքը, փորձը, աշխատելու հմտությունները փոխանցել ուսանողներին։ Սովորում ենք սովորեցնելով, իսկ այդ գործընթացն անընդհատական շղթա է։ Այս ամենն իր հերթին ապահովում է մասնագիտական, այսպես ասած, եռանդը պահել հնարավորինս «եռման վիճակում»։  

 

- Պարո՛ն Սիմյան, ի՞նչ է ենթադրում գրականության ուսուցումը։ Ի՞նչ մեթոդներ եք կիրառում Դուք։

 

- Երբ ես ներկայացնում եմ եվրոպական որևէ ժամանակաշրջանի գրականություն, ամենից առաջ փորձում եմ այն դարձնել գիտելիքի մատրիցա։ Հարց ենք ձևակերպում ժամանակաշրջանի տեքստերին, որոնք հետաքրքիր են արդի փուլում ապրող ուսանողների համար։ Փորձում ենք միասին քննարկել, թե ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր և անցյալում ապրող բարքերի, մարդկանց պահվածքի, մտածողության միջև։ Բացի դրանից՝ քննարկում ենք՝ ինչն է փոխվել մարդկանց գիտակցության մեջ, ինչու է փոխվել, որ կոդերն են վերացել, և որ նորերն են հայտնվել դրանց փոխարեն։ Ասել է թե՝ գրականության պատմությունը փորձում եմ ներկայացնել որպես մտածողության, մտածելակերպի պատմություն, իսկ ուսանողը, այդ տեքստերն ընթերցելով, ներանձնացնելով իր մեջ, հստակ պատկերացնում է միջնադարի, Վերածննդի, կլասիցիզմի, XVIII, XIX, XX դդ. տարբեր երկրների մարդուն։ Գրական տեքստերի շնորհիվ դառնում ենք ավելի բարդ, միասին հաղթահարում միաչափությունը, միաչափ մարդուն (Հերբերտ Մարկուզե)։

 

Մեթոդները տարբեր են՝ կախված նրանից՝ ինչ հարց է քննարկվում, քանի որ մեթոդով է պայմանավորված, թե ինչ հարց կձևակերպենք գրական ու մշակութային տեքստերին։

 

Իսկ ինչ վերաբերում է մեթոդիկային, ապա այն պայմանավորված է ուսանողների քանակով, առարկայի բնույթով (մտագրոհ, մտաքարտեզագրում, «սատանայի վկա» հնարք, տեսաձայնային հնարքներ...)։ Թվային տեխնոլոգիաներից շուտով կիրառելու եմ «ANKI», «PADLET», «MENTI» հարթակները, ծրագրերը։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության կողմից կազմակերպված «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» դասընթացի բանախոս Սերոբ Խաչատրյանին՝ իր փայլուն դասախոսությունների համար, որոնք նոր գործիքակազմ են ապահովում հատկապես համավարակի համատեքստում հեռավար ուսուցման որակը բարձրացնելու և դասավանդումը որակական այլ հարթության վրա ներկայացնելու առումով։      

 

- Ինչպե՞ս է պետք կարդալ ստեղծագործությունն այն հասկանալու համար։ Կա՞ն որոշակի կանոններ։  

 

- Գրական ստեղծագործությունը կարելի է վայելել որպես գեղագիտական կառույց, որպես ժամանցի միջոց, թեպետ արդի փուլում գեղարվեստական գրականության ընթերցանությունը, դժբախտաբար, այլևս կենտրոնական ժամանցային միջոցներից չէ։ Կարելի է գրականությունը կարդալ զուտ հետաքրքրող հարցերի պատասխաններ գտնելու կամ լիբիդոն «կերակրելու», տոնուսի մեջ պահելու համար. օրինակ՝ զանգվածային գրականության սիրային վեպերը։ Սակայն թվարկված ընթերցումը չի ենթադրում արհեստավարժ ընթերցանություն։ Եթե խոսքը մասնագիտական ընթերցման մասին է, ապա այստեղ հարկավոր է, որ ընթերցողը, բանասերը, հումանիտար գիտությունների ներկայացուցիչը տիրապետեն արդի փուլում եղած բոլոր այն մեթոդներին ու մոտեցումներին, որոնք ապահովում են գրական տեքստի գիտական քննությունը։ Համալսարանական կրթության ընթացքում մեր ուսանողներին մենք պետք է սովորեցնենք առկա բոլոր մեթոդներն ու մոտեցումները ( Ֆրոյդի, Յունգի, Լականի տեսություններ, ֆորմալիստներ, «Նոր քննադատություն», կառուցվածքաբանություն, նշանագիտություն, հետկառուցվածքաբանական տեսություններ, ֆեմինիստական գրականագիտություն, խոսույթի տեսություն և այլն)։

Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցադրմանը, ապա գրական տեքստի վերլուծության հստակ կանոններ չկան։ Յուրաքանչյուր գիտնական, հետազոտող, իր հարցադրումով պայմանավորված, ընտրում է այն մեթոդը կամ մեթոդների «փունջը», որի շնորհիվ հասնում է իր նպատակին։

 

- Ո՞րն է Ձեր սիրելի ստեղծագործությունը։ Ինչո՞ւ։

 

- Սիրելի գրքերը շատ են։ Բայց այս պահին ուզում եմ հիշատակել Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը, քանի որ այս վեպը դառնում է մետալեզու, որ հասկանաս մարդու մեջ եղած կառնավալայինը, ինչն այս պահին իմ հետաքրքրության շրջանակում է։ Շատ եմ սիրում գրական այն երկերը, որտեղ երևան են գալիս քաղաքները։ Այս առումով կուզեի հիշատակել Հակոբ Պարոնյանի «Պտույտ...»-ը, Ֆրանց Կաֆկայի «Դղյակը», Մկրտիչ Արմենի «Երևան», Ալֆրեդ Դյոբլինի «Բեռլին. Ալեքսանդերպլաց», Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառը», Նարինե Աբգարյանի «Понаехавшие» և այլոց վեպերը, որտեղ երևան են գալիս Կոստանդնուպոլիսը, Պրահան, Երևանը, Բեռլինը, Տոկիոն, Մոսկվան։

 

- Որո՞նք են լավ գրողին բնորոշ հատկանիշները։

 

- Կարծում եմ՝ դիտողականությունը, ինտելեկտը, ժամանակը զգալու, տեսնելու ունակությունը։ Գրողը պիտի կարողանա իր կերպարները խոսեցնել տարբեր «լեզուներով»։ Նկատի ունեմ գրական երկում, օրինակ, երիտասարդը («քուչի տղա») վեպում պիտի խոսի ժարգոնով՝ օժանդակ բայերը պետք է լինեն ոչ թե է-ով, այլ ա-ով. օրինակ՝ ասում ա, խոսում ա, իսկ անկանոն բայերը՝ սխալ ձևով կազմված։ Օրինակ՝ գալիս է, լալիս է, տալիս է - գալըմ է/էթըմ է/, լալըմ է, տալըմ է և այլն։ Ընթերցողը պիտի զգա, որ այս կերպարն իր լեզուն ունի։

 

Երբ ընթերցում ես գրական երկերը, պատումը վարողը և կերպարները խոսում են նույն լեզվով։ Ասվածը վկայում է, որ գրողը չի տիրապետում լեզվական ռեգիստրին, հասարակության տարբեր շերտերի «փոքր լեզուներին», խոսույթներին։ Ինչպես Մ. Բախտինն է ժամանակին նկատել, գրական երկում պետք է լինեն բազմաձայնություն, բազմալեզվություն։ Այս չափորոշիչը մի յուրօրինակ լակմուսյան թուղթ է, որով շատ արագ կարելի է ախտորոշել գրողին։ Ի դեպ, այս նույն չափորոշիչը պիտի սկզբունքային լինի նաև թարգմանիչների գործունեությունն ախտորոշելու, գնահատելու առումով։ Ոչ ճիշտ լեզվական գամմայում արված թարգմանությունն ուղղակի սպանում է լավ գրված առաջնային տեքստը, բնագիրը։ Երաժիշտների լեզվով ասած՝ «ֆալշ» նոտայից սկսված թարգմանությունն ընթերցողի մեջ առաջացնում է դիսոնանս, իսկ թարգմանիչը վերածվում է առանց երաժշտական հմտությունների ու տաղանդի մի սուբյեկտի, որը դառնում է «ֆալշ» նոտայի կամ գամմայի մեջ մի երգիչ, երգահան-համահեղինակ. դա, անշուշտ, ուղղակի կարող է փչացնել ցանկացած կայացած գրական ստեղծագործություն։

 

- Պարո՛ն Սիմյան, Դուք ստեղծագործո՞ւմ եք։

 

- Եթե նկատի ունեք՝ գրում եմ արդյոք գրական տեքստեր, թե ոչ, ապա՝ ո՛չ։ Իսկ եթե նկատի ունեք գիտական հոդվածներ, ապա՝ այո՛։ Դասախոսող գիտնականը պարտավոր է ստեղծագործել, իսկ եթե չի գրում, հակված եմ կարծելու, որ ասելիք չունի գիտական հանրությանը։ Իսկ եթե ասելիք չունի, ապա դասավանդող գիտնականը վերածվում է վարժապետի, որը չի համապատասխանում արդի փուլում գիտնականին ներկայացվող պահանջներին։ Պատկերացնո՞ւմ եք Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Նիդերլանդների բուհերում դասավանդող մի գիտնական-դասախոսի, որը չի գրում հոդվածներ։ Ես՝ ո՛չ, քանի որ մրցակցությունը շատ բարձր է, նրան առաջին իսկ մրցույթի ժամանակ մրցակիցները դուրս կմղեն համալսարանական միջավայրից։ Հատկապես բուհում դասախոսող գիտնականը պիտի ծանոթ լինի միտումներին, իր մասնագիտական բնագավառում լինի մրցունակ և առաջատար։ Ավելին՝ նա պիտի փորձի նոր մոտեցումներ ու գործիքակազմ մշակել՝ նոր հետազոտական հորիզոններ գտնելու առումով։

 

-  Ծանո՞թ եք ժամանակակից հայ գրողների աշխատանքներին: Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա գրականության մասին։

 

- Անկեղծ ասած՝ չեմ հասցնում հետևել ժամանակակից հայ գրական դաշտի «գործող անձանց» ստեղծագործական ընթացքին, քանի որ իմ հետաքրքրության թեմատիկան այլ է, սակայն կուզենայի առանձնացնել ավագ սերնդից Հենրիկ Էդոյանի, Լևոն Ջավախյանի, իսկ երիտասարդներից՝ Արամ Պաչյանի անունները։ Ինչպես ասվում է Ֆորշի՝ հայտնի «Այսպես էլ ապրում ենք» երգում, «թող ինձ ներեն բոլոր այն տղերքը, ում անունները ես չեմ նշում»։ Շատ կարևոր եմ համարում, որ գրական տեքստում ասելիքը, տեքստը «փաթեթավորվեն» պատկերներով, ասելիքով, ինտելեկտով, տաղանդով, միջմշակութային կապերով, ինչը շատ հաճախ չեմ տեսնում։

 

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին։                        

 

- Ես ուսանողությանը կհորդորեմ, որ համալսարանական տարիներն օգտագործեն առավելագույնս արդյունավետ. նրանք պետք է կենտրոնանան իրենց ուսման վրա, ձեռք բերեն գիտելիք, վարպետանան իրենց մասնագիտության մեջ։ Սթափ պլանավորեն իրենց անելիքները և անեն այն, ինչ լավ է ստացվում իրենց մոտ, ոչ թե անեն այն, ինչ սիրում են։ Իսկ եթե լավ ստացվածին գումարվի նաև սերը, ապա այն կարող է դառնալ երջանկության անկյունաքարերից մեկը։

 

 Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԵՊՀ աշխատանքային խումբն այսօր քննարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում մեկնարկած «Armdoct» եռամյա նախագծի աշխատանքները:
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է: