13.07.2021 | 
Հասարակություն
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»․ ՎԱՀԱԳՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»․ ՎԱՀԱԳՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահագն Միքայելյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի ֆիզիկամաթեմատիկական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Միքայելյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մաթեմատիկայի ուսուցման, մաքուր և կիրառական մաթեմատիկայի տեսակետների միջև տարանջատումների, ոլորտի հեռանկարների և այլ թեմաների մասին։

- Պարո՛ն Միքայելյան, ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Կա՞ մեկը, որը ոգեշնչել է Ձեզ:

 

- Այո՛, իհարկե: Իմ հայրիկը՝ պրոֆեսոր Համլետ Միքայելյանը, շատ լավ մաթեմատիկոս է, և ես մեծացել եմ մի տան մեջ, որտեղ մի քանի պատ զբաղված է գրադարակներով: Ինձ վրա ազդեցություն են թողել նաև 1980-90-ականներին Ռուսաստանից հաճա­խակի Հայաստան այցելող հանրահաշվի առաջատար մասնագետները: Նրանք տարբերվում էին երևանյան դասախոսի ավանդական կերպարից, քանի որ նրանց խոսակցությունների ժամանակ անընդհատ շեշտվում էր, թե իրենք ինչ բարդ պրոբլեմներ են լուծել, ինչ գիտաժողովների են զեկուցել այդ մասին և այլն: Այսինքն՝ նրանց գոր­ծու­նե­ութ­յան ա­ռանց­քը ոչ այնքան համալսարաններում դասավանդելն էր, որքան գի­տութ­յամբ զբաղ­վելը: Այս նպատակն իմ մեջ ձևավորվեց ցածր կուրսերում և այլևս թույլ չտվեց, որ որևէ այլ ուղղությամբ գնամ: Ինձ ոգե­շն­չող­նե­րի թվում կուզենայի նաև նշել Մոսկվայի համալսարանում իմ գիտական ղե­կա­վար պրոֆեսոր Ա. Յու. Օլշանսկուն և Գերմանիայում իմ հետազոտական աշխա­տան­քի ղե­կա­վար պրոֆեսոր Հ. Հայնեկենին:

 

- Ինչպե՞ս կսահմանեք մաթեմատիկան:

 

- Բարդ հարց է: Ըստ Գ. Կանտորի՝ մաթեմատիկայի էությունն ազատությունն է….

 

- Ինչպե՞ս պետք է այն ուսուցանել՝ ըստ Ձեզ: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:

 

- Չխուսափել մաթեմատիկայի բարդություններից, լավագույն ուսանողներին ոգե­­շնչել սովորել ավելին, քան նշված է դասընթացում, միշտ ձգտել դեպի վեր:

 

- Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ. լուծել խնդիրնե՞ր, թե՞ զարգացնել տեսություններ:

 

- Խնդիրների և պրոբլեմների լուծումն առաջնային է, քա­նի որ այն մոտիվացնում է մնացածը: Նման պրոբլեմները կարող են մա­թեմատիկոսի մտքում սե­փական կյանքով ապրել տարիներ շարունակ՝ ստի­պելով, որ դրանց լուծման համար նա նոր գործիքներ յուրացնի՝ հաճախ «ավելորդ» ամիսներ ծախսելով: Բայց եթե   պրոբ­լեմի լուծման հեռավոր, մշուշոտ հնարավորություն է ուր­վա­գծ­վում, դա առաջացնում է նոր էներգիայի այնպիսի մի էյֆորիկ ալիք, որը ոչ միայն թույլ է տալիս խնդիրը լուծել, այլև դիմակայել մեր առօրյա կյանքի այլ բար­դութ­յուն­նե­րին ևս:

 

- Պարո՛ն Միքայելյան, ըստ Ձեզ՝ այսօր՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման այս փուլում, մաթեմատիկան՝ որպես գիտության առանձին ճյուղ, դեռ ար­դի­ա­կա՞ն է և կլինի՞ այդպիսին մոտ ապագայում, թե՞ ոչ

 

- Քանի որ տեխնոլոգիաների զարգացումը հենց մաթեմատիկայի վրա է հենվում, այն միայն շեշտում է մաթեմատիկայի դերը: Իհարկե հնացող թեմաներ էլ կան (ինչպես «Բրադիսի աղյուսակները», որոնցով տարիներ առաջ sin (x) էին հաշ­վում, երբ համակարգիչներ չկային), բայց ընդհանուր առմամբ մեր օրերում գնա­լով մաթեմատիկայի ավելի ու ավելի լայն շերտեր են ներգրավվում տեխ­նո­լո­գիա­յի, ինֆորմատիկայի, տվյալագիտության, արհեստական ինտե­լեկ­տի աս­պա­րեզներում:

 

- Իսկ մաքուր և կիրառական մաթեմատիկայի տեսակետների միջև տարանջա­տում­­ներն այսօր շա՞տ են:

 

- Այդ տարանջատումը մեր օրերում անընդհատ նվազող, նահանջող գծի է վերած­վում: Ի նկատի ունեմ այն, որ մաթեմատիկայի շատ բաժիններ, որոնք    տաս­ն­ամ­յակներ առաջ զուտ տեսական հետաքրքրություն ունեին, այժմ կիրառվում են տար­բեր ոլորտներում: Ընդ որում՝ կիրառվում են ոչ միայն ինչ-որ տեղ, օրինակ՝ Սթեն­ֆոր­դում, այլ նաև Երևանում: Օրինակ՝ մատրիցի SVD-վեր­լու­ծութ­յունն իմ ուսա­նո­ղա­կան տարիներին ընկալել եմ միայն որպես բարդ ար­տա­պատ­կերումները նկա­րագրելու եղանակ, այնինչ այն հիմա տվյալները «սեղ­մե­լու» հիմնական մե­թոդ­ներից է. ձեր համակարգիչն արդեն մի քա­նի անգամ կի­րա­ռե­ց այդ մեթոդը, քանի դեռ կարդում էիք այս տողերը: Նույ­նը վերաբերում է Ֆուրյեի շարքերին, ֆունկ­ցիայի գրադիենտին և այլն:

 

- Ըստ Ձեզ՝ կիրառական մաթեմատիկան Հայաստանում այսօր գրավի՞չ է: Ձեր կարծիքով, զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի այն:

 

- Վերջին տարիներին ինձ ամենաշատն ուրախացնող միտումներից մեկը հենց այն է, որ մեր ուսանողներն իսկապես սկսում են հասկանալ, որ եթե անգամ իրենք որոշել են «զուտ ծրագրավորմամբ» զբաղվել, ապա իրենց դարձյալ ան­հրա­ժեշտ է մաթեմատիկայի լուրջ իմացություն: Մոտ 7-10 տարի առաջ ԻԿՄ-ում դեռ կային «զուտ ծրագրավորող» դառնալ ձգտող ուսանողներ, որոնք խու­սա­փում էին մաթեմատիկա սովորելուց, քանի որ «դե դա C++ լեզվի մեջ պետք չէ»: Հիմա բարեբախտաբար արդեն այդպես չէ: ԻԿՄ մագիստրատուրայի «Ալ­գորիթմական հանրահաշիվ» առարկայի շրջանակում ուսանողներն ինձ վերջերս զար­մաց­րին մաթեմատիկայի հանդեպ շատ լուրջ վերաբերմունքով: Ընդ որում՝ իրենց մոտիվացիան գալիս է հենց կիրառական մաթեմատիկայից. ինքնուրույն սովորել էին արհեստական ինտելեկտի, նեյրոնային ցանցերի համար անհրաժեշտ գրադիեն­տային վայրէջքի մեթոդները և այլն…. Այսինքն՝ շատ ուսանողներ ոչ միայն ավե­լորդ չեն համարում մեր դասավանդած մաթեմատիկան, այլև ինքնուրույն յու­րացնում են այլ բաժիններ ևս:

  

- Պարո՛ն Միքայելյան, ի՞նչ խորհուրդ կտայիք կրթության կազմակերպիչներին:

 

- Ամեն ինչ անել՝ երիտասարդ կադրերին համալսարաններ բերելու: Եթե սերն­դա­փո­խության բնական ընթացք չլինի, ապա....

 

- Իսկ ի՞նչ կփոխեիք գիտության ոլորտում:

 

- Այդ ոլորտը, ի տարբերություն կրթության ոլորտի, ավելի ունիվերսալ-էյկումե­նիկ բնույթ ունի և ղեկավարվում է արտաքին, ոչ հայաստանյան լծակներով: Մեր խնդիրն է հասկանալ այդ լծակները և օգտագործել դրանք ինչպես հարկն է: Օրինակ՝ գիտական աշխատանքի գնահատման համար գնալով ավելի կենտրոնական դեր են ստանում ազդեցության գործակցով հրապարակումները: Հա­յաս­տա­նում պետք է այդ համակարգն էապես ավելի շատ կիրառվի համալսարան­նե­րի աշխատակիցների աշխատանքի գնահատման համար: Դրանից բացի՝ երի­­տասարդ կադրերի պատրաստման համար պետք է ավելի շատ օգտա­գործ­վեն արտասահմանյան գիտական կենտրոնները Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր: Պետք է ավելի շատ մեխանիզմներ ստեղծվեն, որոնցով լավագույն ուսա­­­նողները կկարողանան ուսումը շարունակել այնտեղ (իհարկե, հետա­գա­յում աշխատանքը Հայաստանում շարունակելու երաշխիքներով):

  

- Պարո՛ն Միքայելյան, հայտնի մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան ասել է. «Պոետը պետք է տեսնի այնինչ չեն տեսնում ուրիշները։ Եվ նույնը պարտավոր է մաթեմատիկոսը»։

Համաձա՞յն եք այս մտքի հետ։ Ըստ Ձեզ՝ մաթեմատիկոսը պե՞տք է նաև պոետ լինի։

 

- Եկեք այդ հարցին պատասխանեմ Ս. Կովալևսկայայի ուսուցչի՝ Կ. Վայերշտրա­սի խոսքերով. «Այն մաթեմատիկոսը, որը մի քիչ պոետ չէ, երբեք չի դառ­նա կա­տար­յալ մաթեմատիկոս»:

  

- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին և գործընկներներին:

 

- Ձգտել միայն ամենաբարձր ցուցանիշներին: Երբեք չհուսահատվել անհաջող­ություններից, չվախենալ ծանր աշխատանքից:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը
Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված էքսպոյի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ և ավելի քան 2500 դպրոցական:
ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐՎԱՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն այցելեցին Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղ՝ ծանոթանալու Հայաստանում մոլոկան համայնքի ներկայացուցիչների կյանքին ու մշակույթին, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու նրանց բարբառի արդի լեզվավիճակը։