15.04.2020 | 
Կրթություն
«ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է, ԻՆՉԸ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ Է». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
«ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է, ԻՆՉԸ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ Է». ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը ներկայացրել է առաջարկություն՝ կապված քննաշրջանի, ինչպես նաև ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունների գնահատման կարգի հետ:

Դեռևս օրեր առաջ մեզ հետ զրույցում Վահրամ Դումանյանը նշել էր, որ իրականացվող հեռավար ուսումնական գործընթացի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն: Ըստ նրա՝ այսօր էլ այդ հարցերը շարունակում են արդիական մնալ:

 

Մեզ հետ զրույցում դեկանը փաստեց, որ այսօր իրավիճակն է փոքր-ինչ փոխվել. «Այն ժամանակ իրավիճակն ավելի սթրեսային էր, քանի որ հոգեբանորեն մենք պատրաստ չէինք: Բայց այս ընթացքում մենք, ուզած թե չուզած, հարմարվել ենք ստեղծված վիճակին, հաղթահարել հոգեբանական պատնեշը և առաջընթաց արձանագրել. ուսանողների հետ քննարկումները կանոնավոր կազմակերպվում են, ղեկավարության շրջանում էլ քննարկվում են ի հայտ եկած խնդիրների լուծման տարբերակներ»:

 

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ, արտակարգ դրության երկարացմանը զուգահեռ, այսօր ի հայտ է եկել ամենամեծ խնդիրը, որը վերաբերում է քննաշրջանի, ինչպես նաև ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունների կազմակերպման և անցկացման հարցին:

 

«Մեր նախորդ զրույցում ես նշել էի, որ ունեմ առաջարկություններ՝ խնդիրների լուծման հետ կապված: Տվյալ հարցի վերաբերյալ նույնպես ունեմ առաջարկություն, որն արդեն ներկայացրել եմ ինչպես «Facebook» սոցիալական հարթակում, այնպես էլ «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի հետ ունեցած զրույցում: Ես առաջարկում եմ քննաշրջանը հեռավար կերպով կազմակերպելու դեպքում 20 բալանոց գնահատման համակարգը փոխարինել հանձնել է/չի հանձնել գնահատման կարգով, իսկ ավարտական աշխատանքների պաշտպանությունների դեպքում՝ պաշտպանել է/չի պաշտպանել կարգով»,- ասաց Վահրամ Դումանյանը:

 

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի խոսքով, իր առաջարկն ակտիվորեն քննարկվել է սոցիալական հարթակներում և հիմնականում դրական արձագանքներ ստացել. «Բոլորը հասկանում են, որ կա լրջագույն խնդիր: Իմ առաջարկությունն ընդունելու դեպքում ռիսկերն էականորեն կնվազեն, քանի որ չսահմանված չափորոշիչներով, անհասկանալի վերահսկողությամբ, տարբեր գործիքակազմերով հեռավար քննություն անցկացնելու դեպքում 20 բալանոց գնահատման համակարգն ավելի շատ խնդիրներ կարող է առաջացնել»:

 

Վահրամ Դումանյանը մեզ տեղեկացրեց, որ իր առաջարկությունը երկուշաբթի  քննարկվել է նաև ֆակուլտետի հեռավար անցկացված գիտական խորհրդի նիստում և հավանության արժանացել. «Ուսանողներին հիմնականում մտահոգում է ռոտացիայի հարցը, ինչը ես առաջարկում եմ իրականացնել առաջին կիսամյակի գնահատականների հիման վրա: Իսկ այն պնդումները, թե կան ուսանողներ, որոնք պլանավորել էին երկրորդ կիսամյակում ավելի բարձր գնահատականներ ստանալ, դրանք միայն կանխագուշակումներ են. նրանք կարող էին, ընդհակառակը, ավելի ցածր արդյունք գրանցել: Մրցակցության դեպքում արդարության հիմնական սկզբունքը հավասար պայմաններ ապահովելն է, ինչը չկանոնակարգված հեռավար գործընթացի դեպքում տարակուսելի է»:

 

Այս առաջարկը, ըստ դեկանի, միտված է ոչ թե զարգացում ապահովելուն, այլ արտակարգ դրության պայմաններում խնդրին օպերատիվ լուծում տալուն. «Ի դեպ, սա այն հարցն է, որի լուծման համար համալսարանը պետք է դրսևորի իր ինքնավարությունը: Կարծում եմ՝ սա հենց այդ առիթն է, երբ վերջերս այդքան քննարկված ինքնավարությունը գործնականում կերևա: Հարցը գուցե ընդունվի գիտխորհրդի կողմից, կամ այլ լուծում տրվի դրան»:

 

ԻԿՄ ֆակուլտետի դեկանն այս ընթացքում ուսումնասիրել է նաև ամերիկյան բազմաթիվ առաջատար բուհերում իրականացվող գործընթացը և պարզել, որ դրանք ևս ներդրել են հանձնել է/չի հանձնել համակարգը. «Սա նշանակում է, որ առաջարկության տրամաբանությունը ճիշտ է: Ի դեպ, ամերիկյան առաջատար այդ բուհերի համար հեռավար ուսուցման գործընթացն առավել հարազատ է, քան մեզ համար: Նրանք կրթության կազմակերպման էական շատ տարրեր վաղուց իրականացնում են հեռավար ձևով: Այսինքն՝ նույնիսկ այդ պայմաններում այդ բուհերը գնահատման ձևաչափը փոխել են: Հետևաբար, մենք առավել ևս պետք է փոխենք»:

 

Վահրամ Դումանյանն ասաց նաև, որ առաջարկը քննարկել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հետ. «Այժմ նա ուսումնասիրում է հարցը: Հույս ունեմ, որ շուտով կիմանանք նաև նրա դիրքորոշումը»:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է «Բրենդի կառավարում» հեղինակային առաջին գրքերից մեկը: Ավելի քան տասը տարի ԵՊՀ-ում դասավանդող տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք իր գործունեության և հեղինակած գրքի մասին:
«…ՈՐՊԵՍԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄՈՏ ԼԻՆԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ԳԻՏԵԼԻՔԻՆ»․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելությունները շարունակվում են։ Այս անգամ աշակերտները եղել են համալսարանում, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտը՝ դպրոցում։