07.05.2018 | 
Ուսանողական
ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ. «ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՈՒԳԸ-Ն ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂ ԿԱՌՈՒՅՑ»
ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ. «ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՈՒԳԸ-Ն ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂ ԿԱՌՈՒՅՑ»
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Արևելագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վանատուր Շերենցը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:

- Վանատուր, շնորհավորում ենք ՈՒԳԸ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կպատմե՞ք այս կառույցում Ձեր անցած ճանապարհի մասին:

- Ուսանողական գիտական ընկերությանն անդամակցում եմ ուսումնառությանս առաջին իսկ տարվանից: Ակտիվորեն ներգրավված եմ եղել Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի աշխատանքներում, կազմակերպել եմ գիտահանրամատչելի միջոցառումներ և ինտերակտիվ սեմինարներ: 2016 թ.-ի փետրվարին նշանակվել եմ ՈՒԳԸ կենտրոնական կառույցի քարտուղար` ի պաշտոնե կազմակերպելով ուսանողական կառույցի փաստաթղթաշրջանառությունն ու համակարգելով ֆակուլտետային ՈՒԳԸ ստորաբաժանումների աշխատանքը: 2017 թ.-ի ապրիլին զբաղեցրել եմ ՈՒԳԸ փոխնախագահի պաշտոնը, իսկ մայիսի 3-ին կայացած ԵՊՀ գիտխորհրդի նիստում միաձայն ընտրվել եմ ՈՒԳԸ նախագահ:

 

- Ինչպե՞ս կսահմանեք կառույցի հիմնական գործառույթները և ըստ Ձեզ՝ դրանք վերանայելու կարիք կա՞ն:

- Ուսանողական գիտական ընկերության նպատակներն ու հիմնական գործառույթները սահմանվել են առնվազն 75 տարի առաջ` մինչ այսօր պահպանելով իրենց կարևոր դերն ու նշանակությունը: Տարիների ընթացքում գործառութային որոշակի փոփոխությունների ենթարկվելով հանդերձ՝ ՈՒԳԸ-ն հավատարիմ է իր կոչմանը` միավորել ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին ու հայցորդներին, աջակցել գիտական, հոգևոր ու ստեղծագործական զարգացմանը, բացահայտել գիտական ներուժ ունեցող կադրերին ու նպաստել վերջիններիս կայացմանը: Այդ նպատակով կազմակերպվել և կազմակերպվելու են հանրապետական ու միջազգային բնույթ ունեցող գիտաժողովներ, սեմինար-դասախոսություններ ու աշխատաժողովներ: Ոչ պակաս կարևոր է նաև գիտական նստաշրջանների ժամանակ զեկուցված գիտական հոդվածների խմբագրումն ու տպագրությունը, մանավանդ, որ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներն ընդգրկված են ԲՈՀ-ի ցանկում: Այս տեսանկյունից փոփոխությունների կարիք չեմ տեսնում, սակայն ֆակուլտետային բոլոր այն միջոցառումները, որոնք չեն համապատասխանում ՈՒԳԸ-ի ոգուն ու նպատակին, անշուշտ, պետք է ոչ միայն վերանայվեն, այլև` չեղարկվեն: Այսինքն՝ գործառութային առումով ՈՒԳԸ-ն պետք է դարձնել բացառապես գիտությանը ծառայող կառույց:

 

- Որպես նորընտիր նախագահ՝ ծրագրային ի՞նչ քայլեր եք նախատեսել:

- Բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ ունեմ, որոնք ըստ կարևորության բաժանել եմ առաջնային և երկրորդական, ըստ կատարման ժամկետների` մոտակա և հեռակա պայմանական կատեգորիաների: Այդ արդյունքներին հասնելու համար նախատեսում են ՈՒԳԸ կանոնադրության ու աշխատակարգերի վերանայում ու մի շարք դրույթների փոփոխություններ: Առհասարակ, տասնամյակների ընթացքում ՈՒԳԸ-ականները հրաշալի ավանդույթներ են ձևավորել, որոնք լավագույնս պահպանվել և զարգացրել են նաև ՈՒԳԸ վերջին նախագահների` Միքայել Մալխասյանի և Մհեր Հակոբյանի ղեկավարման տարիներին: Սակայն ինչպես մարդը, այնպես էլ այս պարագայում` ուսանողական կառույցը, պետք է ժամանակին համարժեք քայլի` հաշվի առնելով այդ ժամանակի միտումները: Հետևապես փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: ՈՒԳԸ-ն առաջին հերթին պետք է դառնա բաց, բաց` բոլորի համար ու անկախ ամեն ինչից: Հիմա կառույցը, ցավոք, բավականին փակ է ու մեկուսացած: Երկրորդ՝ կառույցն ինքնակառավարվող չէ, հետևապես պետք է բարձրանա նաև հաշվետվողականության մակարդակը, ընդ որում՝ սա բխում է թե՛ կառույցի անդամների, թե՛ վարչական ապարատի շահերից: Երրորդ՝ պետք է նվազագույնի հասցնել ներքին փաստաթղթաշրջանառությունը, հնարավորինս ազատվել բյուրոկրատական մնացորդներից, արագացնել տպագրության գործընթացը, խստացնել տպագրության ուղարկվող հոդվածների պահանջները, փոփոխել հոդվածների չափորոշիչները, մշտադիտարկում իրականացնել ՈՒԳԸ համակարգողների, գիտական հոդվածների ղեկավարների շրջանում, լուսաբանումներն իրականացնել երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Վերջին նպատակների իրականացմանն են նպաստելու թարգմանչական հարցերի և մոնիթորինգի ու գնահատման ենթահանձնաժողովների ստեղծումը:

 

- Ցանկալի արդյունքների հասնելու համար կառուցվածքային այլ փոփոխություններ ու նոր նշանակումներ նախատեսո՞ւմ եք:

- Ինչպես արդեն նշեցի, նախատեսվում է նոր ստորաբաժանումների ստեղծում, որն էլ իր հերթին, բնականաբար, ենթադրում է կանոնադրության ու աշխատակարգի փոփոխություն, պարտավորությունների սահմանում ու հստակեցում: Բոլոր ծրագրերն անխտիր քննարկվելու են ՈՒԳԸ ԳԽ նիստերի ընթացքում, կատարվելու են դիտողություններ, նկատառումներ, հնչելու են առաջարկություններ, նշվելու են դրական և բացասական կողմերը, հաշվի է առնվելու մասնագիտական և վարչական մոտեցումն ու միայն դրանից հետո կանոնադրության ու աշխատակարգի փոփոխված տարբերակները ներկայացվելու են բուհի գիտխորհրդի հաստատմանը: Սրա գլխավոր նպատակը լինելու է ՈՒԳԸ-ի թիրախավորված աշխատանքը, քանի որ որևէ լուրջ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեկ կամ երկու մարդ շարունակեն համակարգել ոչ թե կոնկրետ ու նպատակաուղղված, այլ ընդհանուր աշխատանք: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, նախ պետք է նշեմ, որ այսուհետև թափուր հաստիքներն անմիջապես լրացվելու են համապատասխան կադրերով, քանի որ նրանց բացակայությունն ուղղակիորեն իր բացասական ազդեցությունն է ունենում կազմակերպչական աշխատանքների վրա: Իսկ ինչ վերաբերում է նոր նշանակումներին, ապա դրանց մասին շատ շուտով ՈՒԳԸ-ն կներկայանա համապատասխան հայտարարությամբ:

 

-  Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել առաջիկայում:

- Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, հետևապես հիմա ոչ այնքան նպատակահարմար եմ գտնում խոսել ծրագրերից, որքան կիսամյակը պատշաճ մակարդակով ավարտելու կարևորությունից: Սակայն նշեմ, որ նոր ուսումնական տարվանից ֆակուլտետային բոլոր ՈՒԳԸ-ների համար պարտադիր են դառնալու 3 սեմինարների անցկացումը` գիտական հոդված գրելու, ՈՒԳԸ պատմության, գործառույթների, համագործակցության շրջանակների և կառույցի ընձեռած հնարավորությունների, ինչպես նաև ՈՒԳԸ կանոնադրության ու աշխատակարգի սերտմանն ուղղված սեմինարներ: Վերջինս նախատեսված է լինելու հիմնականում ՈՒԳԸ անդամների համար: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ որոշում է կայացվել ՈՒԳԸ ամփոփիչ նիստը բաժանել երկու օրերի միջև: Ճշգրիտ և բնագիտամաթեմատիկական ուղղվածություն ունեցող ստորաբաժանումները կիսամյակի ընթացքում ծավալած աշխատանքների վերաբերյալ կզեկուցեն մայիսի 17-ին, իսկ հումանիտար և հասարակագիտական ստորաբաժանումները` մայիսի 18-ին: Իսկ ընդլայնված նիստը տեղի է ունենալու մայիսի 25-ին, որին, ի դեպ, կարող է մասնակցել ՈՒԳԸ գործունեությամբ հետաքրքրված յուրաքանչյուր անձ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր մեկնարկեց ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամների ուխտագնացությունը դեպի Արցախ: ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին նվիրված ուխտագնացությունն Արցախում շարունակվելու է մինչև օգոստոսի 9-ը:
«ԴՈՒՔ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր արարողակարգով ստացան իրենց ավարտական վկայականները: