07.05.2018 | 
Հասարակություն
«ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ». ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ
«ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ». ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆԵՐԿԱ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վարդան Այվազյանի մամուլի ասուլիսը Հայաստանում սահմանադրական խնդիրների, հնարավոր ճգնաժամի ու դրանից խուսափելու ուղիների մասին էր:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում սահմանադրագետը մինչև վերը նշված հարցերին անդրադառնալը նախ նշեց, որ ներկայումս ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ իրավական համակարգն ունակ չեն կարգավորելու առաջ քաշված խնդիրները, ինչը պայմանավորված է դրանց նախագծման ու ձևավորման ոչ ամբողջական ու ոչ բավարար լինելու հանգամանքով: Ուստի այսօրվա իշխանության և հանրության համար մեկ առաջնահերթ խնդիր կա. ոչ մի գործընթաց չպետք է դուրս մնա սահմանադրական կամ իրավական դաշտից:

 

«Հասարակություն-իշխանություն հակամարտությունը բոլոր առումներով դուրս է սահմանադրական և իրավական կարգավորման շրջանակներից: Ժողովուրդը մի կողմից բողոքի միջոցով սահմանադրությամբ իրեն ամրագրված իրավունքի ուժով իրականացնում է իշխանափոխություն, իսկ մյուս կողմից իշխանությունն իրականացնում է սահմանադրությամբ սահմանված հասարակական կարգի պահպանման պարտականությունը: Ի վերջո ոչ մի իրավական ակտ չի նկարագրում՝ ինչ է խաղաղ անհնազանդությունը կամ նման իրավիճակներում ինչն է օրինական, ինչը՝ ոչ»,- փաստում է բանախոսը և հավելում, որ ըստ էության ցանկացած բախում, ընդհուպ փողոցների փակումն ու պետական նշանակության կառույցների շրջափակումը դուրս են մնում իրավական կարգավորումից:

 

«Վաղը ԱԺ-ում, այնուամենայնիվ, վարչապետի ընտրությունը կկայանա՝ ապահովելով պահանջվող նվազագույն ձայների շեմը: 2-րդ փուլով պետք է ձևավորվի կառավարությունը, որից հետո ԱԺ անդամների քննարկմանն ու հաստատմանը կներկայացվի կազմավորված կառավարության ծրագիր: Եթե այս պահին քիչ թե շատ կանխատեսելի է վարչապետի ընտրության արդյունքները, ապա դրան հաջորդող գործընթացների մասին նույնը պնդել չի կարելի, քանի որ ներկայումս Ազգային ժողովում կայուն մեծամասնություն են կազմում ՀՀԿ անդամները: Դա նշանակում է, որ նոր կառավարության ծրագիրը կարող է չհաստատվել՝ ձախողելով գործընթացը: Այս պարագայում կառավարությունը հրաժարական պետք է տա, որին կհաջորդի նոր վարչապետի ընտրություն և այսպես շարունակ: Մենք կհայտնվենք փակուղում. սա մեր սահմանադրության բացն է»,- ասում է բանախոսը և հավելում, որ փաստացի ժողովուրդն իր իրավունքի ուժով իրականացնում է իշխանափոխություն՝ այլընտրանք չթողնելով քաղաքական մեծամասնությանը:

 

Վարդան Այվազյանն ընդգծում է, որ քաղաքական ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, որ վարչապետ է ընտրվում փոքրամասնության ներկայացուցիչներից, իսկ քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում դառնում է ընդդիմադիր: Այս պարադոքսը հստակ գիտակցելով՝ ապագա վարչապետի թեկնածուն պարբերաբար ընդգծում է, որ նոր կառավարությունը բացառապես ժամանակավոր է և հանդես է գալու որպես հետագայում խորհրդարանական արտահերթ ընտրություններն ազատ, թափանցիկ ու պատշաճ իրականացնելու երաշխիք:

 

«Այս խնդիրը նույնպես լուրջ է, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը համարվում է սահմանադրական օրենք, որում փոփոխություններ կատարելու համար պահանջվում է Ազգային ժողովի անդամների  3/5-ի ձայները: Այսինքն` քաղաքական մեծամասնությունն այս հարցում նույնպես կարող է խոչընդոտ հանդիսանալ»:

 

Անդրադառնալով ապագա վարչապետի և ձևավորված կառավարության ծրագրին՝ Վարդան Այվազյանը նշեց, որ կարևոր հարցերից է նաև ծրագրի մասնագիտական մոտեցումները:

 

«Այդ տեսանկյունից, կարծում եմ, մեր հանրությունը, հատկապես գիտական շրջանակն իր ողջ ներուժը պետք է մեկտեղի՝ օգնելու ու աջակցելու մեր պետականության կառուցմանն ու որակական բարելավմանը: Որպեսզի քաղաքական դաշտում չունենք ճգնաժամ և փակուղային իրավիճակ, անհրաժեշտ է հստակ ու գիտակցական մոտեցում ցուցաբերել պետականության կերտման դժվարին գործում: Ընդհանրապես պետականության կերտման հարցում բազմակարծությունն այնքան էլ օգտակար չէ: Դրա հիմքում բացառապես պետք է լինի գիտությունը՝ մի կողմ թողնելով ամբիցիաներն ու սեփական շահը: Այս հարցում մեծ անելիքներ ունի նաև Մայր բուհը, որն իր գիտական պոտենցիալով պետք է աջակցի նոր կառավարությանը»,- վստահեցնում է մասնագետը:

 

Բանախոսն ընդգծեց նաև, որ նոր իշխանությունները նախ և առաջ պետք է հստակեցնեն պետության մոդելը. «Մենք պետք է հասկանանք, թե զարգացման որ ուղիով ենք առաջ շարժվում և ինչ գաղափարներով ենք առաջնորդվում: Ուստի պետք է սահմանադրական մակարդակով հստակեցվի հայ ազգի ինքնանույնականության խնդիրը. ով է հայը, որն է հայկական պետականությունը, որոնք էլ պետք է դրվեն որդեգրած քաղաքականության հիմքում»:

 

Վարդան Այվազյանը պնդում է, որ բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, առանց որոնց ոչ մի խնդիր իր լուծումը չի ստանա: Ներկայիս Սահմանադրությունն այս հարցերի պատասխանները չունի:

 

«Սա հեղափոխություն չէ, այլ՝ իշխանափոխություն: Եթե արդյունքում մենք կարողանանք, ի վերջո, հասնել ցանկալի արդյունքների ու քաղաքական բնագավառում դրական տեղաշարժեր գրանցենք, համաշխարհային մասշտաբով այս աննախադեպ ժողովրդական շարժումը կարող է հեղափոխություն դառնալ: Այս պարագայում մենք ամբողջ աշխարհում կդառնանք քաղաքական բրենդ, ազգ, որը քաղաքակրթություն է կերտում»,- ամփոփեց Վ. Այվազյանը:

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: