15.06.2017 | 
Գիտություն
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ «Հայոց լեզու. Մաշտոցից մինչև մեր օրերը» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը:

Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը ներգրավված էին հանրապետության տարբեր բուհերի, ինչպես նաև Արցախի, Վրաստանի, Սիրիայից Հայաստան ներգաղթած երիտասարդներ:

 

Ծրագրի նպատակն էր հանրապետության երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, հայցորդների, մագիստրոսների համար ճանաչված լեզվաբանների կողմից գիտական զեկուցումներ, դասախոսություններ, հաղորդումներ ներկայացնելը: Զեկուցումները վերաբերում էին հայոց լեզվի զարգացման տարբեր փուլերին առնչվող զանազան հիմնահարցերի, հնչյունաբանական, բառապաշարային, քերականական, լեզվաոճական տարբեր իրողությունների, վիճահարույց խնդիրների:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ով իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի ինչպես ներկա, այնպես էլ հետագա գոյության հարցում լեզվի ունեցած կարևոր դերին և նշանակությանը:

 

Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Ռուզան Ասատրյանը: Վերջինս միջոցառման մասնակիցներին ներկայացրեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ողջույնի խոսքը:

 

Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորեց երիտասարդ գիտնականների դպրոց կազմակերպելու գաղափարը. «Կարծում ենք՝ այս միջոցառումը օգտակար և շահեկան կլինի ունկնդիրների համար իրենց գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելիս, կարդացվելիք զեկուցումները նոր գիտելիքներ կփոխանցեն երիտասարդներին»:

 

Ամբիոնի վարիչը հանդես եկավ «Լեզվական մեղանչումներ» թեմայով զեկուցմամբ: Լեզվաբանը անդրադարձել էր մի շարք լեզվական խնդիրների, որոնք աղավաղում են մեր լեզվի անաղարտությունը. «Լեզվական մեղանչումների դեմ պայքարին պետք է աջակցի նաև երիտասարդ լեզվաբանների այս լսարանը»: 

 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ ներկաներին հուզող հարցերին զեկուցման հեղինակները տվեցին սպառիչ պատասխաններ:

Այլ նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը:
ՈՒԳԸ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՐԹԱԿ ԷՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին մեկնարկած ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: