13.04.2017 | 
Գիտություն
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովը կազմակերպել էր «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ), ՀՀ ԳԱԱ-ի, Հայաստանի պետական մանկավարժական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների, ՀՀ ազգային արխիվի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների, Վանաձորի և Արցախի պետական համալսարանների հետ գործակցությամբ:

 

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը: Նա նշեց, որ պատմագիտության այն հարցերը, որոնք պահանջում են նոր մոտեցումներ և հակասական ներուժ են կրում, պետք է քննարկվեն կլոր սեղանների, գիտաժողովների միջոցով և ստանան որոշակի պատասխաններ՝ հետագա գործընթացները կազմակերպելու համար:


«Շնորհակալ ենք, որ արձագանքեցիք մեր կոչին և հետաքրքրություն ցուցաբերեցիք գիտաժողովի թեմայի հանդեպ: Այս խնդիրը բոլորիս մշտապես հետաքրքրել և այսօր էլ հետաքրքրում է: Պատմության պարբերացման մոտեցումների բազմազանությունը շփոթ է առաջացրել պատմագիտության մեջ, և միշտ էլ եղել են տարբեր մոտեցումներ՝ սկսած հին աշխարհից, հին հունական և հռոմեական պատմիչներից, մարդկանցից, ովքեր թվում է, թե պատմության հետ որևէ առնչություն չունեն, օրինակ՝ Պյութագորասը, ով նույնպես անդրադարձել է այս խնդիրներին»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 


Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին 6 զեկուցումներ: Քննարկման թեմաները առնչվում էին Հայաստանի հելլենիզմի առանձնահատկությունների, պատմության միջնադարի ժամանակահատվածի պարբերացմանը:

 

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան հարց ու պատասխանի միջոցով պարզաբանել մտահոգող հարցերը:

 

Հավելենք, որ գիտաժողովը կշարունակվի նաև վաղը, որի ընթացքում կներկայացվեն մնացած 4 զեկուցումները, որոնք վերաբերում են Խորհրդային Հայաստանի և Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության պարբերացմանը: Առանձին զեկուցումով անդրադարձ կկատարվի նաև Սփյուռքի պատմության շրջափուլերին: 

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
Ավելի քան 10 երկրների 50-ից ավելի գիտնականներ հավաքվել են Երևանում՝ քննարկելու ֆիզիկայում սիմետրիայի մեթոդների ուսումնասիրման վերջին ձեռքբերումները:
ԿԱՅԱՑԱՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հունիսի 27-ից հուլիսի 4-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կազմակերպել էր «Մաթեմատիկա և կիրառություններ» թեմայով չորրորդ ամառային դպրոցը: