13.10.2017 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը:

Միջազգային գիտաժողովի նպատակն է մասնագիտական հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության մարտահրավերները, ինչպես նաև նպաստել տարբեր երկրների հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը, մասնագիտական կապերի հաստատմանն ու համագործակցության ընդլայնմանը: Գիտաժողովին մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների մասնագետներ:

 

Նախ հյուրերին և գործընկերներին ողջունեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, ով ռեկտորատի անունից արդյունավետ և բովանդակալից աշխատանքային օր մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

 

Այնուհետև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, գիտաժողովի կազմակերպիչ Հրանտ Ավանեսյանը ներկայացրեց պլենար նիստի մասնակիցներին, ովքեր էլ անդրադարձան իրենց հետազոտություններին ու տեսություններին:

 

Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց կմասնակցեն ոչ միայն գիտաժողովի մասնակիցները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև ուսանողները:

 

Նախատեսվում է նաև «Ձեռներեցության մտորումներ», «Սուգգեստիվ տեխնիկաների համադրում. յոգա, մեդիտացիա, ինքնազարգացում», «Մոտիվացիոն հարցազրույցը հոգեթերապիայում», «Միջնորդության հոգեբանական ենթատեքստը (կոնֆլիկտների գնահատում և կանխարգելում)» և «Ուսանողների հոգեբանական անվտանգություն և հեքիաթ-թերապիա. կիրառական հոգեբանությունը բանասիրական կրթության համատեքստում» թեմաներով վարպետության դասեր:

 

 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերի ընթացքում: Տարբեր թեմատիկ բաժանմունքներում մասնագետները հանդես կգան կոնֆլիկտաբանությանը, տարիքային, սոցիալական, միջանձնային հոգեբանությանը, ընտանեկան դաստիարակությանը, հոգեկան առողջությանը և մի շարք այլ ճյուղերի կիրառական ու տեսական հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումներով:

 

Հավելենք, որ միջազգային գիտաժողովն անցկացնում է 2007 թ.-ից՝ մեկտեղելով 12-ից ավելի երկրների առաջատար մասնագետների և փորձագետների: Յուրաքանչյուր տարի գիտաժողովի թեմատիկան ընդգրկում է արդիական հիմնախնդիրներ՝ հոգեբանական կրթությունից մինչև լայնամասշտաբ հետազոտություններ և պրակտիկայի տարբեր ուղղություններ:

 

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Հոկտեմբերի 18-19-ը ԵՊՀ այցելեցին Գրոնինգենի կիրառական գիտությունների Հենզի համալսարանի (Նիդերլանդներ) պատվիրության անդամները:
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: