10.10.2014 | 
Հասարակություն
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Հոկտեմբերի 7-9-ը ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնության սոցիալ-մշակութային և կառուցվածքային գործոնները» թեմայով թրեյնինգը:

Այն վարում էր Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր, Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի փոխնախագահ Սեսիլիա Մենջիվարը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է կանանց նկատմամբ բռնության գործոնների ուսումնասիրությամբ:

 

Պրոֆեսոր Մենջիվարը ներկայացրեց Գվատեմալայում իրականացված իր հետազոտության արդյունքները, որոնք նվիրված էին ընտանիքում կանանց նկատմամբ բռնության արտահայտման ձևերին, հասարակության կողմից կանանց  իրավունքների սահմանափակմանը և ոտնահարմանը: Առանձին անդրադարձ կատարվեց նաև այն գործոններին և միջավայրերին, որոնցում արտահայտվում էր վերոնշյալ բռնությունը:

 

Թրեյնինգի առաջին օրվա ընթացքում շոշափվեցին բռնության նորմալիզացումը և բռնություններից բխող հիվանդությունների, բռնության վերահսկման, ինչպես նաև հասարակական վերահսկման թեմաները: Իսկ երկրորդ օրվա թեմաները ընդգրկում էին տուն, ընտանիք, ամուսնություն ու մարդկանց շրջանում ստեղծված ընտանեկան բռնության հետ ասոցացվող այլ երևույթները: Թրեյնինգի երրորդ օրը նվիրված էր կանանց գործունեության ավելի լայն ինստիտուտներին, աշխատանքին և այդ ինստիտուտներում կանանց նկատմամբ վերաբերմունքին:

 

«Կանանց նկատմամբ բռնությունը սկսվում է հայրական ընտանիքում և շարունակվում ամուսնու ընտանիքում: Կնոջ դիտարկումը՝ որպես սեփականություն, շարունակվում է վերջինիս ամբողջ կյանքի ընթացքում՝ այդպիսով իսկ նպաստելով նրա իրավունքների ոտնահարման խորացմանը»,- նշեց Սեսիլիա Մենջիվարը և հավելեց, որ անգամ արտագնա աշխատանքի մեկնելու դեպքում տղամարդը մնում է ոչ միայն ընտանիքում հիմնական որոշում կայացնողը, այլև շարունակում է լինել կնոջ կյանքը և գործողությունները «կառավարող» հիմնական օղակը:

 

Հատկանշական է, որ թրեյնինգի ընթացքում բոլոր մասնակիցները մատնանշում էին երկու երկրների՝ Գվատեմալայի և Հայաստանի իրավիճակների միջև նմանությունները կանանց նկատմամբ բռնության տիպերի և արտահայտման ձևերի տեսանկյունից:

 

Հետազոտության հեղինակի վստահեցմամբ՝ չնայած երկու երկրների միջև հեռավորություններին և կենսամակարդակների տարբերություններին՝ կանանց իրավունքների և գործողությունների սահմանափակման, նրանց նկատմամբ բռնության արտահայտման ձևերի, դրանց հետևանքով առաջացող հոգեսոմատիկ արտահայտումների, տղա երեխայի նախընտրության, կնոջ թերագնահատման, երեխայի խնամքին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ միանշանակ առկա են թե՛ Հայաստանի, թե՛ Գվատեմալայի հասարակությունում:

 

Թրեյնինգի վերջում պրոֆեսոր Մենջիվարը Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնին նվիրեց իր «Հարատև բռնություն» մենագրությունը: 

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով: