Բանախոսը «ՀՌԿԿ-Հայաստանի» հետազոտող Պետեր Պալ Կրանցինն էր, ով Պազմանի Պետեր կաթոլիկ համալսարանի ասպիրանտ է:
«Շահարկելով փախստականների խաղաքարտը. փախստականները և ներքին տեղահանվածները Հարավային Կովկասում՝ որպես հակամարտության լուծման հիմնական գործոն» վերտառությամբ ուսումնասիրության առանցքը Հարավային Կովկասում առկա հակամարտություններում փախստականների և ներքին տեղահանվածների դերն էր:
Բանախոսին նախ ներկայացրեց «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Դիանա Հովակիմյանը, ով շեշտեց, որ ուսումնասիրության թեման արդիական և հրատապ է ամբողջ տարածաշրջանի համար:
Պետեր Պալ Կրանցինի ուսումնասիրությունը բավականին ընդգրկուն էր, քանի որ պարունակում էր պատմական փաստեր, վիճակագրական տվյալներ, քաղաքական վերլուծություններ և միջազգային արձագանքներ:
«Փախստականների կամ ներքին տեղահանվածների առկայությունն ինքնին սադրիչ տարր է, քանի որ պետությունները սառեցված հակամարտություններում երկխոսություն սկսելու ժամանակ այդ հարցը որպես խաղաքարտ են օգտագործում»,- նշեց հետազոտողը:
Ուսումնասիրության մեջ բանախոսն անդրադարձել էր նաև խնդրի իրավական կարգավորմանը վերաբերող հարցերին, որոնք առկա են հետխորհրդային երկրներում:
Միջոցառման ավարտին մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին բանախոսին, հետո քննարկվեցին ուսումնասիրության հետաքրքրաշարժ տվյալներն ու վերլուծությունները, ինչպես նաև բացթողումները: