25.10.2010 | 
Կրթություն
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄ ՄԵԿ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄ ՄԵԿ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր պաշտոնապես մեկնարկեց Երեւանի պետական եւ Ռոստոկի համալսարանների «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը:

«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ-ում կմեկնարկի 2010-2011 ուսումնական տարում: Նախագծի շրջանակում նախատեսվում է 2011-2012 եւ 2012-2013 ուս. տարիներում ԵՊՀ-ում այլ մագիստրոսական ծրագրերի ներդրում եւս: Ուսումնառության արդյունքում ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՌՀ մագիստրոսի աստիճան, որի նախադեպը չի եղել Հայաստանում: Բացառիկ այս ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանն այսօր ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը, Ռոստոկի համալսարանի պատվիրակությունը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը, ծրագրի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

 

«21-րդ դարի համալսարանն առանց փոխհամագործակցության հնարավոր չէ պատկերացնել: Հույս ունեմ, որ այս ծրագիրը կնպաստի ոչ միայն մեր երկու համալսարանների համագործակցության խորացմանը, այլ նաեւ թույլ կտա տարածաշրջանում վիզուալ հաշվարկի գծով ունենալու մի կենտրոն, որտեղ կձգտեն գալ հարեւան երկրների ուսանողները եւս»,-իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը: Ռոստոկի համալսարանի պատվիրակությունը ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը ներկայացնում էր Ռոստոկի համալսարանի կանցլեր տիկին Դագմար Բրոյները, ով շատ բարձր է գնահատում գերմանական համալսարանների համագործակցությունը հատկապես Արեւելքի երկրների համալսարանների միջեւ: «Գաղափարը հետեւյալն է` միասին մենք ավելի ուժեղ ենք»,- ընդգծեց Ռոստոկի համալսարանի կանցլերը` խոսելով ԵՊՀ-ի եւ ՌՀ-ի միջեւ ձեւավորված համագործակցության մասին: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը համալսարանում այս ծրագրի ներդրումը երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող սերտ համագործակցության եւս մեկ դրսեւորում է համարում: «Հպարտությամբ եմ նշում, որ 77 հայաստանցի ուսանողների այս տարի կրթաթոշակ է տրվել` ուսումը Գերմանիայում շարունակելու համար, ինչը բավական զգալի ցուցանիշ է Հայաստանի նման փոքրիկ պետության համար»,- նշեց փոխդեսպանը: Ծրագրի հանդիսավոր բացմանն իրենց ողջույնի խոսքերն ասացին նաեւ ծրագրի երկու համահեղինակները` ԵՊՀ կողմից նախագծի համակարգող, ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը եւ ՌՀ-ի ինֆորմատիկայի եւ էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետի դեկան, ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Ջամշիդ Թավանգարիանը:

 

Հենց նրանց նախաձեռնության ու երկար տարիների համագործակցության շնորհիվ էլ իրականություն է դարձել Հայաստանում եզակի այս ծրագիրը: «Այս ծրագրով մենք փորձեցինք նոր փուլ թեւակոխել մեր երկու համալսարանների միջեւ 40 տարի տեւած համագործակցության ընթացքում»,- նշեց Ջամշիդ Թավանգարիանը: «Այս մասնագիտացման պահանջը իսկապես կար Հայաստանում, քանի որ շատ սակավ էին մասնագետները: Միեւնույն ժամանակ շատ ընկերություններ կան շուկայում, որոնք այդ մասնագետների կարիքն ունեն: Հասկանալով, որ կրթությունը միայն հեռավոր ձեւով կարող էր բավարար արդյունավետ չլինել, մենք համակցել ենք ուսուցման ավանդական ձեւերը եւս, մասնավորապես կլինեն սեմինարներ, ամառային դպրոցներ եւ այլն»,- ասաց ԵՊՀ-ի կողմից ծրագրի պատասխանատու Սամվել Շուքուրյանը: Միջոցառման հյուրերին իր ողջույնի խոսքն էր հղել նաեւ Ռոստոկի համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Վոլֆգանգ Շարեկը:

 

Վերջինս իր ելույթում ներկայացրեց 15.000 ուսանող եւ 590 տարվա պատմություն ունեցող բուհի ներկան ու զարգացման հեռանկարները: «Համալսարանում գործում են 9 ֆակուլտետներ, որոնց գիտնականներն ու ուսանողները համագործակցում են «Կյանքը, լույսը եւ նյութը», «Ծովային համակարգեր», «Ծերացման գիտությունը եւ մարդասիրությունը» ուղղություններում հայտնագործություններ անելու համար»,- իր տեսաելույթում նշեց Ռոստոկի համալսարանի ռեկտորը: ԵՊՀ եւ Ռոստոկի համալսարանի կողմից ներկայացված համատեղ մագիստրոսական ծրագրերի նախագիծը Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալության` DAAD-ի կողմից հաստատվել է դեռեւս անցյալ տարի: Համաձայն այս նախագծի` ուսանողները 3 կիսամյակ սովորելու են ԵՊՀ-ում եւ մեկ կիսամյակ ՌՀ-ում, որտեղ և պաշտպանելու են մագիստրոսական թեզ: Դասավանդումը կազմակերպվելու է ՌՀ եւ ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում` ՌՀ դասախոսների կողմից ուսուցումը կլինի հեռահար եղանակով` ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ: Ուսումնառության արդյունքում ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՌՀ մագիստրոսի աստիճան, ինչն էլ ապահովում է այս ծրագրի «բացառիկությունը» Հայաստանում: «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրին կարող են մասնակցել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները` այդ թվում նաեւ արտերկրից: Վիզուալ հաշվարկը ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր ուղղություն է, որը հենվում է հետևյալ բնագավառների վրա` մեքենայական գրաֆիկա, մեքենայական տեսողություն եւ պատկերների մշակում:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: