13.10.2008 | 
ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԽԵԼԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԽԵԼԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները գրավել են մրցանակային տեղեր:
Հոկտեմբերի 11-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Բրեյն ռինգ» միջհամալսարանական ինտելեկտուալ խաղը: Մասնակցում էր 36 թիմ Երեւանի տարբեր բուհերից: Ամեն թիմ 6-ական անդամ ուներ: Կազմակերպիչը համալսարանի «Բրեյն ռինգի» հավաքական «Մաֆիոզի» թիմն էր: Խաղն ընթացավ 3 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում տրվեց 15-ական հարց: Սխալ պատասխանող թիմը լքում էր խաղը: 45 հարցից 17-ին ճիշտ պատասխանած «Բելգիա-Հայաստան – 0:3» թիմը գրանցեց ամենաբարձր արդյունքները` դառնալով խաղի չեմպիոն: Ֆիզիկոս ուսանողները մրցույթի մասին իմացել էին հայտարարություններից, հետո դիմել մասնակցության համար եւ հաղթել: «Թիմի անվան ընտրությունն էր հետաքրքիր: Մենք չէինք ուզում որեւէ կրկնվող անուն դնել` Արարատ, Կայծակ: Սկզբում հակված էինք ֆիզիկայի ոլորտին վերաբերող անվան, սակայն խաղի օրը հասկացանք, որ կարելի է ավելի օրիգինալ լինել: Այդ օրը Բելգիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն էր: Մենք էլ ֆուտբոլասեր մարդիկ ենք, որոշեցինք հենց դա էլ դարձնել մեր թիմի անունը: Իսկ անվանման «0;3» մասը վերաբերում էր մեր ցանկությանը. ըստ մեզ` ֆուտբոլային հանդիպումը պետք է այդպես ավարտվեր»,- պատմում է հաղթող թիմի ավագ, 3-րդ կուրսեցի Մուրադ Թովմասյանը: Թիմի անդամներին ընտրել էր հենց թիմի ավագը: Իր իսկ խոսքերով` փորձել էր ընդգրկել տարբեր ոլորտներով հետաքրքրվող մարդկանց: Օրինակ` Տիգրան Գրիգորյանի հոբբին երաժշտությունն է, մասնագիտական կրթություն ունի: Կաղում էին միայն աշխարհագրությունից, բայց կարողացան հաղթել: Հարցերից շատերը ֆիզիկոսների թիմին շատ էին դուր եկել, մեկին էլ պատասխանել էին հենց այնպես` առանց հարցի բովանդակությունը հասկանալու: Իսկ հարցն առնչվում էր հայկական գաղութներին: «Բրեյն ռինգ» մրցույթի արդյունքում 2-րդ տեղը գրավեց «Մեսի» միջբուհական հավաքական թիմը, իսկ 3-րդ տեղը կիսեցին Ֆիզիկայի ֆակուլտետի «Մենք մերոնցով» եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի«Մաֆիոզի 2» թիմերը: ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Մարիաննա Գալոյանն ասաց, որ բոլոր մրցանակակիրները ստացան ԵՊՀ-ի կողմից պատրաստված նվերներ` թանկարժեք եւ շատ օգտակար գրքեր. «Խաղի նպատակը մեր բուհի խելացի ուսանողներին հայտնաբերելը եւ ԵՊՀ հավաքականի կազմը համալրելն է»: