05.12.2007 | 
ԿՈՄԱՆԴՈՍԻ ՄԱՍԻՆ ԼԵԳԵՆԴԸ
ԿՈՄԱՆԴՈՍԻ ՄԱՍԻՆ ԼԵԳԵՆԴԸ
Նրա մասին դեռ երկար պիտի խոսեն, պիտի պատմեն, հավատան կամ ոչ, նրան դեռ այնքան հարց պիտի տան… Իսկ ինքը շատ խոսել չի սիրում:
Նոյեմբերի 4-ին Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հյուրը Արցախյան հերոսամարտի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն էր, նույն ինքը` Կոմանդոսը: Նա, ով ծրագրել է Շուշիի ազատագրումը, նա, ով բոլոր փորձությունների միջից դուրս է եկել հաղթանակով, նա, ում ժամանակակիցը համարվելը յուրաքանչյուր հայի համար պատիվ է: Թիֆլիսում ծնված, Բաքվում ուսում առած ու Հայաստանի համար արյուն թափած այդ մարդն այսօր Հայաստանի ԴՈՍԱԱՖ-ի պետն է, ում մոտ ամեն տարի զինվորական պատրաստվածություն է անցնում Հայաստանի զինված ուժերի տասը տոկոսը: «Պատերազմը սարսափելի բան է: Ձեր տարիքի ոչ մի երիտասարդ չպետք է զոհվի, ու ոչ մի մայր չի կարող, չի ուզում հասկանալ, թե ինչու պիտի զոհվի իր զավակը»,- ասաց գեներալը: Ի պատասխան այն հարցին, թե ինչու իր ծառայությունները անհրաժեշտ չեն մեր երկրին, նա ասաց. «Աստված չանի, որ իմ անհրաժեշտությունը զգացվի: Դա նշանակում է պատերազմ, ռազմի դաշտ: Մեզ խաղաղություն է պետք: Մեզ ամուր բանակ է պետք: Մեզ ուժեղ ոգով մարդիկ, հայրենասերներ են պետք»: Ինքը դա հաստատ գիտի: Պատերազմում թուրքերի կատարած գազանություններն այնքան անտանելի էին, որ նույնիսկ նրանց կողմից կռվող խորհրդային բանակի զինվորները սարսափում էին դրանցից: «Դա ցեղասպանություն էր: Չգիտես ինչու, մենք չկարողացանք այդ պատերազմն աշխարհին ճիշտ ներկայացնել: Իսկ խորհրդային զորքերը, որ հենց սկզբից Ադրբեջանին էին օգնում, Հայաստանի կողմն անցան միայն քաղաքական մեծ խաղերի ժամանակ»,- պատմում է Կոմանդոսը: Այն ժամանակ նա վստահ էր, որ խորհրդային բանակի դեմ պետք չէ պայքարել. թշնամին Ադրբեջանն էր: « Բայց սխալվեցի: Մենք մի կարեւոր թշնամի էլ ունեինք, ում դեմ պետք էր պայքարել, բայց ես այդ հանգամանքը հաշվի չէի առել. քաղաքական գործիչներն էին»: Հիմա, երբ շրջանառվում է ինչ-ինչ տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը, պատերազմը հաղթած զինվորի համար այդ միտքը ցավալի է, նույնիսկ` վիրավորական: «Նման հարցերը լուծում են քաղաքական գործիչները: Իսկ զինվորականները թնդանոթի միս են. ապրեցին` լավ, զոհվեցին, դե...:» Թե ինչու է ժողովուրդն իրեն Կոմանդոս կոչել, գեներալը համեստորեն շրջանցեց: Ասաց միայն, որ ռազմական գործում մի հասկացություն կա` ռազմական գործողություններ իրականացնել փոքրաթիվ ուժերով: Դրա հիմնադիրը անգլիացի գնդապետ է` Կոմանդոս անունով: «Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին…»,- ասաց նա ու մի քանի հետաքրքիր դրվագ պատմեց իրենց հնարամիտ գործողություններից: Խորհրդային կարգերի ժամանակ ծնված, «պիոներ ու կոմսոմոլ» եղած Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ իրենց ժամանակ երիտասարդների հայրենասիրական դաստիարակության համար պետական քաղաքականություն էր տարվում: Իսկ այսօրվա երիտասարդին կրթում են հեռուստատեսությունը, դիսկոտեկները, ինտերնետը: «Մեր ու ձեր սերունդը խիստ տարբեր է: Բայց հասարակության զարգացումն ամեն դեպքում ապացուցում է, որ ամեն հաջորդ սերունդ գերազանցում է նախորդին,- ասաց հրամանատարը:- Հավատում եմ, որ ձեր մեջ հաստատ կգտնվեն մարդիկ, որ վաղը, եթե պետք լինի, կգնան պաշտպանելու երկիրը: Այդպիսի մարդիկ չեն խոսում, գործում են»: