11.04.2008 | 
Հասարակություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
«Հայաստանի ամենակարեւոր քաղաքացին պետք է լինի տաղանդավոր երիտասարդը, տաղանդավոր աշակերտը, տաղանդավոր երեխան»:

Սա զարգացած Հայաստան ձեւավորելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայեցակարգն է: Նա մասնակցում էր ապրիլի 11-ին Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի եւ ԵՊՀ շրջանավարտների միավորման կազմակերպած բանկային եւ ֆինանսական ոլորտի առաջին աշխատանքային տոնավաճառին:

«Սա բարեփոխումների այն կարեւորագույն ոլորտն է, որը պետք է ապահովի մեր երկրի առաջընթացը: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է այն պարզ պատճառով, որ մեր հիմնական ռեսուրսը հայ մարդու ինտելեկտն է»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Նա վստահ է, որ արմատական փոփոխություններրի համար անհրաժեշտ է հասարակության վերաբերմունքի փոփոխություն. չպետք է թույլ տալ, որ հասարակությունում իշխեն տգետ մարդիկ: Գիտելիքի գնահատման եւ ուսանողներին աշխատանքով ապահովելու ճանապարհին ՀՀ կենտրոնական բանկն ընտրել է երկու ռազմավարական գործընկեր` ԵՊՀ-ն եւ ԵՊՏՀ-ն: «Փորձը ցույց է տվել, որ այդ բուհերի «արտադրանքը» քննություն է բռնում մեզ մոտ աշխատանքի հայտ ներկայացնելիս»,- ասաց ՀՀ նորանշանակ վարչապետը:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Նանե Ամիրյանը եկել է պարզապես տեսնելու, թե ինչ է առաջարկում այսօրվա աշխատանքային շուկան: «Ես ուզում եմ աշխատել HSBC բանկում, քանի որ նրա հեղինակությունը, սպասարկման որակը ստիպում են հարգանքով խոսել այդ բանկի մասին: Բացի այդ, նաեւ բարձր են վարձատրում»: Նանեն գերազանց տիրապետում է անգլերենին եւ համակարգչային մի շարք ծրագրերի: Իսկ նույն ֆակուլտետի ուսանող Վարուժան Կյուրեղյանը անգլերեն չգիտի, տարիներ շարունակ գերմաներեն է ուսումնասիրել: Աշխատանքի հարցում այս հանգամանքը մշտապես խոչընդոտ է եղել: Ստիպված սկսել է անգլերեն ուսումնասիրել: Ամեն դեպքում, նման աշխատանքային տոնավաճառը նա համարում է շատ կարեւոր ու օգտակար:

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի համար նման տոնավաճառները նորություն չեն: Դեռ ուսանող տարիներին` 1991-ին, Ստոկհոլմում մասնակցել է այսպիսի նախաձեռնության եւ շատ ոգեւորված վերադարձել Հայաստան:

«Երբ հիացած պատմեցի տոնավաճառի մասին, այն ժամանակվա ամբիոնի վարիչ Անուշավան Կիրակոսյանն ասաց. «Տղա՛ ջան, КВН ե՞ս գնացել»»: Նախարարը կարեւորեց աշխատանքային տոնավաճառ կազմակերպելու նախաձեռնությունը: Նշեց, որ կա հավակնություն, նախաձեռնություն եւ հետեւողականություն: Ուստի հաջողությունն ապահովված է: Տոնավաճառը տեւեց մեկ օր:

Մասնակից 15 կազմակերպությունները մանրամասնորեն ներկայացրին իրենց առաջարկները, իսկ ուսանողները եւ շրջանավարտները, ովքեր աշխատանք գտնելու հույսով եկել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, հնարավորություն ունեցան մասնակցելու թեմատիկ քննարկումների բանկային եւ ֆինանսական ոլորտի, Հայաստանի կապիտալի, հիպոթեքային ծրագրերի վերաբերյալ:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։