16.03.2010 | 
Ուսանողական, Քաղաքականություն, Կրթություն
ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ
ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ
Եվրոպական գրեթե բոլոր երկրներում կրթական խնդիրները միատեսակ են:

«Բոլոնյան գործընթացի տասնամյակի ամփոփում. ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրի շրջանակներում Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողներին ներկայացրին Բուդապեշտ եւ Վիեննա կատարած այցին վերաբերող մանրամասներ:

 

Նշենք, որ առաջին անգամն է, որ հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ ուսանողության ներկայացուցիչներ: Կրթության եւ գիտության նախարարը, ներկայացնելով այցի մանրամասները, ասաց, որ եվրոպական գրեթե բոլոր երկրների նախարարները նույն մտահոգությունն են հայտնել Բոլոնյան գործընթացի վերաբերյալ: Ուսանողների իրազեկման եւ ներգրավվածության պակաս, պրոֆեսորադասախոսական կազմի դժվար ադապտացում, իրավական դաշտի անհամապատասխանեցում ու օրենսդրական հիմքերի բացակայություն. ահա այն խնդիրները, որոնք ծառացած են Բոլոնյան գործընթացին միացած 47 երկրների առջեւ:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր այդ խնդիրները հաղթահարել, եւ հենց նմանատիպ հանդիպումներն են, որ նպաստում են գիտակրթական ոլորտում առաջացած հիմնահարցերի լուծմանը: ԵՊՀ ռեկտորն ասաց, որ պետք է հնարավորինս պահպանել այն արժեքները, որոնք առկա են եւ ընդունելի մեր հասարակության կողմից, եւ պետք է դրանք «միահյուսել» համաեվրոպական արժեքներին: Պատասխանելով լրագրողի հարցին` Մայր բուհի ռեկտորն ասաց, որ դեռեւս 1989 թվականին ԵՊՀ նախկին ռեկտոր Սերգեյ Համբարձումյանը 20 ռեկտորների հետ ստորագրել է Բոլոնյան կրթակարգի նախնական փաստաթուղթը, իսկ 1995-96 ուստարում փորձնականորեն ԵՊՀ սոցիոլոգիայի եւ տնտեսագիտության ֆակուլտետներում ներդրվել է եռաստիճան կրթական համակարգը: Եռօրյա այցի ընթացքում մեր պատվիրակությունը, Բոլոնյան կրթակարգին վերաբերող քննարկումներից բացի, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների կրթության նախարարների հետ. մասնավորապես սկանդինավյան որոշ երկրների բարձրագույն կրթության նախարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջպետական պայմանագրերի ստեղծման վերաբերյալ:

 

Նշենք, որ առաջիկայում Բոլոնյան գործընթացները կազմակերպվելու են համանախագահության սկզբունքով: 2011 թվականի հուլիսի 1-ից մինչեւ այդ տարվա ավարտը Հայաստանը Լեհաստանի հետ մեկտեղ համանախագահելու է Բոլոնիայի գործընթացը: Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ Լեհաստանի իր պաշտոնակցի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել աշխատանքային խումբ ստեղծելու եւ այդ վեց ամիսների ընթացքում հնարավորինս արդյունավետ համանախագահելու վերաբերյալ: Նախարարի կարծիքով, սա լավագույն հնարավորությունն է` Եվրոպայի բարձրագույն կրթության տարածքում եւս մեկ անգամ կոնկրետ միջոցառումներ կազմակերպելու եւ նախաձեռնություններով հանդես գալու համար:

 

Նույնիսկ արդեն պլանավորված է համաեվրոպական երկու խոշոր գիտաժողովների կազմակերպման հարցը: Հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու 2012 թվականին Բուխարեստում, իսկ մինչ այդ բազում անելիքներ կան, որին բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուները ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։