29.11.2018 | 
Գիտություն
«ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
«ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը, որը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Համաժողովին ներկա էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, դատավորներ, փաստաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, գիտնականներ, միջազգային կառույցների և ՀԿ ներկայացուցիչներ:

 

ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. դոկտոր Աննա Մարգարյանի խոսքով, համաժողովի նպատակն է մեկ հարթակի շուրջ հավաքել օրենքի հետ խնդիր ունեցած անչափահասների խնդիրներով մտահոգ գիտնական-մասնագետներին, գործնական աշխատողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև քննարկել ՀՀ-ում անչափահասների արդարադատությանն առնչվող հիմնախնդիրները՝ ներկայացնելով դրանց ինչպես գիտական, այնպես էլ գործնական ասպեկտները:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և նշեց, որ այս համաժողովն ունի շատ կարևոր նշանակություն, քանի որ անչափահասները մեր երկրի ապագան են, նրանց կողմից կատարված նույնիսկ մեկ հանցագործություն հետագայում վտանգում է վերջիններիս ապագան. «Շատ ավելի կարևոր է կանխարգելել և այնպիսի պայմաններ ստեղծել, որ անչափահասները հանցագործություններ չգործեն, քան հետո փորձել պայքարել նրանց կողմից կատարած գործողությունները պատժելու համար: Մեր երկրում այնպես, ինչպես քաղաքակիրթ շատ երկրներում, դեռևս ձևավորված չէ անչափահասների արդարադատություն համակարգը:

 

Ղազինյանի խոսքով, այս միջոցառումն առանձնահատուկ է, քանի որ համաժողովին մասնակցում են ոչ միայն ոլորտին առնչվող մասնագետներ, այլև գիտնականներ, միջազգային կառույցների և տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախ ողջունեց հյուրերին և նշեց, որ անչափահասների արդարադատության զարգացման կարևորագույն  ուղղություններից պետք է լինեն վերապատրաստման դասընթացները, քանի որ միջազգային չափանիշներն այդ ոլորտում շատ արագ են զարգանում:

 

«Անչափահասների արդարադատության ոլորտում կարևոր ուղղություններից է, օրինակ, ազատազրկման վայրերում անչափահասների իրավունքների պաշտպանությունը: Կարևոր խնդիրներից է նաև ազատազրկման վայրերում կրթական ծրագրերի բացակայությունը, անչափահասների հետ տարվող անարդյունավետ սոցիալ-հոգեբանական աշխատանքները: Պետք է կրթական ծրագրերի ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեն: Բացի դրանցից՝ ՀՀ-ում չկան անչափահասների համար նախատեսված հատուկ խցեր: Շատ կարևոր է նաև ազատազրկման վայրում անչափահասի նկատմամբ անհատական մոտեցումը: Մեր երկրում պետք է իրականացվեն կանխարգելիչ աշխատանքներ, որ անչափահասները հնարավորինս քիչ առնչվեն իրավախախտումների հետ»,- հավելեց նա:

 

 

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, կարևորելով այս համաժողովը, նշեց, որ վերջին տարիներին անչափահասների արդարադատության զարգացմանը նվիրված նման մեծ միջոցառում չի կազմակերպվել: «Տարիներ շարունակ, ցավոք, անչափահասների արդարադատության խնդիրները շատ քիչ ուշադրության են արժանացել, սակայն վերջին տարիներին որոշ փոփոխություններ կատարվել են այս ոլորտում:  Կան օրենսդրական կարգավորումներ, սակայն ոլորտում գործնական մեխանիզմների կիրառման խնդիր ունենք»,- հավելեց նա:

 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն էլ ասաց. «Շնորհակալություն համաժողովի կազմակերպիչներին՝ քրեական և քրեադատավարական իրավունքի ամենազգայուն հարցերը քննարկելու այսպիսի նախաձեռնության և ՀՀ դատախազությանը դրան ներգրավելու համար:

Անչափահասների արդարադատությունը լայն իմաստով, ներառյալ անչափահասների հանցավորության կանխման, նրանց կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ վարույթի, նրանց նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցների, դրանց կատարման ընթացքում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը քրեական արդարադատության համակարգի ամենանուրբ, բայց և ամենակնճռոտ հարցերից մեկն է: Անչափահասների և չափահասության շեմը նոր հաղթահարած անձանց զարգացման տարիքային և այլ առանձնահատկությունները նշված բոլոր հարցերի իրավակարգավորումների և վերջիններիս գործնական կիրառության ընթացքում պահանջում են նուրբ, զգուշավոր, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման  ավելի ճշգրիտ լուծումներ ենթադրող մոտեցումներ: Կարևորելով անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթի կատարելագործումը, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգի անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքների զարգացմանն ուղղված ցանկացած միջոց՝ հուսով եմ, որ համաժողովը դառնալու է այդ նպատակներին ծառայող նոր մոտեցումների և գաղափարների աղբյուր»:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նույնպես կարևորեց այս միջոցառումը. «Շատ ողջունելի է, որ մասնագիտացած կառույցների ուշադրությունը հրավիրվել է անչափահասների արդարադատության խնդիրներին: Այսօր մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք ոչ միայն քրեական պատասխանատվության հետ կապված հիմնահարցերին, այլև այն գործիքներին և մեխանիզմներին, որոնք հնարավորություն կտան հեռու պահել անչափահասներին հանցագործություն կատարելու մտադրությունից»:

 

Ողջույնի խոսքերից հետո գիտաժողովի մասնակիցները ներկայացրեցին անչափահասների իրավունքների ոլորտին առնչվող մի շարք զեկուցումներ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

 

Այլ նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Գևորգ Շահխաթունու կողմից ներկայացրած «Կիսահաղորդչային կառուցվածքների հետազոտումը իմպեդանսային սպեկտրասկոպիայի եղանակով» գիտական թեման: