20.02.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ՄԵՐ ԼԵԶՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
ՄԵՐ ԼԵԶՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
«Տասը լեզու իմացի´ր, քսան լեզու իմացի´ր, բայց Մայրենի լեզուդ ղայիմ պահի´ր»:

Խաչատուր Աբովյանի այս խոսքերը մեջ բերեց «Քո մայր լեզուն չմոռանաս» խորագիրը կրող կլոր սեղանի մասնակիցներից մեկը: Քանի որ ՄԱԿ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փետրվարի 21-ը հռչակված է Մայրենի լեզվի միջազգային օր, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության համատեղ միջոցառումը նվիրված էր Հայոց լեզվի պահպանմանը:

 

Հանդիպմանը ներկա ՀՀ լեզվի պետական տեսչության ղեկավար Լավրենտի Միրզոյանը, ողջունելով նախաձեռնությունը, իր մտահոգությունը հայտնեց մեր երկրում մայրենի լեզվի պահպանման վերաբերյալ: Նրա կարծիքով, այսօր պետությունը պատշաճ հոգածություն չի ցուցաբերում լեզվի մաքրության պրոպագանդման համար: «Մի շարք խոշոր կազմակերպություններ քաղաքում ոչ հայատառ պաստառներ տեղադրելու համար տուգանվել են հարյուր հազարական դրամով:

 

Նրանք վճարել են այդ տուգանքը, բայց չեն հրաժարվել իրենց 5000 դոլարանոց պաստառից: Սա նշանակում է, որ այդպիսի միջոցներով հնարավոր չէ պայքարել լեզուն աղավաղողների դեմ»,- ասում է Լավրենտի Միրզոյանը: Այս մտահոգությունից էլ բխեց կլոր սեղանի գլխավոր հարցադրումը` ինչպես պահպանել Մայրենի լեզուն եւ նրա անաղարտությունը: Կազմակերպիչներն ակնկալում էին ներկաների ակտիվ մասնակցություն քննարկմանը: Սակայն քննարկում այդպես էլ տեղի չունեցավ: Այլ մի քանի մասնագետներ միայն արտահայտեցին իրենց կարծիքները բարձրացված խնդրի վերաբերյալ:

 

Մասնավորապես նրանք մտահոգություն հայտնեցին եթերում, մամուլում եւ կրթօջախներում հնչող ոչ գրագետ խոսքի վերաբերյալ: «Մենք անընդհատ խոսում ենք, քննարկումներ ենք կազմակերպում, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ժամանակն է, որ այսպիսի միջոցառումները տեղափոխվեն ավելի գործնական հարթություն: Այսօր թարգմանիչն ավելի լավ է տիրապետում անգլերենին, ֆրանսերենին կամ գերմաներենին, քան իր Մայրենի լեզվին: Նշանակում է, որ լեզվի պահպանումը պետք է ապահովվի դպրոցական նստարանից»,- ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը:

 

Իսկ Բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը առաջարկեց ոչ թե բավարարվել հերթական քննարկումով, այլ ներկաներից կազմել մի հանձնաժողով եւ բաց նամակով դիմել ԿԳ նախարարին կամ ՀՀ Կառավարությանը: Առաջարկությունն ընդունվեց ծափահարություններով: Ինչպես հավաստիացրեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Կարո Կարապետյանը, մոտ օրերս կկազմվի փաստաթուղթ` համապատասխան դիտարկումներով ու առաջարկություններով, եւ կներկայացվի պատկան մարմիններին:

Այլ նորություններ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ‹‹ԿԱՌԱՎԱՐՈՒՄ›› ԵՎ ‹‹ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ›› ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Մարքեթինգ» առարկայի շրջանակում տեղի է ունեցել վարպետության դաս, որը կրել է «Թվային մարքեթինգի գործիքների կիրառումը բիզնեսի առաջխաղացման համար» խորագիրը։
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆ ՔՐԻՍԹԵԼ ԿՈԼՈՄԲԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Մեծահասակների նյարդահոգեբանական գնահատում. նպատակը, մեթոդները և գործիքները» թեմայով դասախոսություն: