08.11.2017 | 
Հասարակություն
ԵՐԲ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ
ԵՐԲ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ
Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Կալավանի վերածնունդը. կայուն զբոսաշրջային հաջողություններ» խորագրով հանդիպում-քննարկումը:

Միջոցառումը կազմակերպվել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի «Կայուն զբոսաշրջություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողների  նախաձեռնությամբ:

 

Ներկաներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Կալավան համայնքի զբոսաշրջության զարգացման պատմությանը, հաջողություններին:

 

Հանդիպմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի բնակիչ, «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար և խոսեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների մասին. «Ճիշտ է՝ մեր երկրի հնարավորությունները մեծ չեն, բայց Հայաստանի բնությունը, մարդկանց ջերմությունն ու փոխհարաբերությունները, ազգային ճաշատեսակները հոյակապ պայմաններ են ստեղծում համայնքներում տուրիզմի զարգացման համար: Այդպիսով հնարավորություն է ընձեռվում ինչ-որ չափով լուծել մարդկանց կենցաղային, տնտեսական հարցերը»:

 

 

Սերվիսի ամիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն էլ ասաց, որ այսօրինակ միջոցառումները օգնում են բացահայտել ուսանողների հմտություններն ու կարողությունները, և ընդգծեց, որ համայնքը, գյուղը համարվում են «ազգի ողնաշարը».«Առանց գյուղի մենք ոչինչ ենք և գյուղ ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն բնակավայրը, այլև ամբողջ կոլորիտը»:

 

Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց Կալավան համայնքի զարգացման պատմությունը և այն պայմանները, որոնց մեջ իրենք հաջողության են հասել. «2013 թ.-ին անգամ չէինք պատկերացնում, որ կարող էինք այսպես զարգացնել զբոսաշրջությունը մեր համայնքում: Ունենք շատ վատ ճանապարհներ, համայնքում՝ ընդամենը 20 ընտանիք, իսկ դպրոցում սովորում են 18 աշակերտներ»:

 

Առաջին փորձը, ըստ Ռոբորտ Ղուկասյանի, հնագիտական տուրիզմի մեկնարկն էր. «Սարքեցինք փոքրիկ նեոլիթյան կացարան և փորձեցինք ցույց տալ, թե մարդն ինչպես է ապրել այդ ժամանակաշրջանում: Մեկ ամսում այցելեցին 102 զբոսաշրջիկներ: Ընթացքում բախվեցինք տարբեր խնդիրների: Երկար ժամանակ պահանջվեց տուրիզմը խոչընդոտող երևույթների վերացման համար: Զբոսաշրջությունը ինքն իրեն զարգանալ չի կարող, այդ պատճառով էլ մենք սկսեցինք նախևառաջ զարգացնել համայնքը: Կազմեցինք համայնքի զարգացման տասնամյա ծրագիր»:

 

Ռոբերտ Ղուկասյանը նշում է, որ իրենք մշակել են մի մոդել, որով փորձում են զարգացնել նաև այլ համայնքներ. կարևորը՝ հնարավոր բոլոր ռեսուրսներն օգտագործելն է, իրենք առաջնորդվում են «գումարելիների տեղերը փոխելիս գումարը փոխվում է» կարգախոսով. «Հարկավոր է անել ուժեղ և թույլ կողմերի համադրություն, այդ ժամանակ թույլ կողմերը վերածվում են մրցակցային առավելության: Անգամ վատ պայմաններն օգտագործելով՝ հնարավոր է զբոսաշրջությունը զարգացնել: Օրինակ՝ դժվարանցանելի ճանապարհները և հարուստ բնությունը կարող են զարգացնել արկածային տուրիզմը»:

 

Հանդիպման ընթացքում ներկաներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը Ռոբերտ Ղուկասյանին:

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ». ՃԱՌԱԳԻՐ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հյուրն էր հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը: