26.09.2018 | 
Գիտություն
ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԸ
ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԸ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 7-ը ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:

«Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի որակի և հողերի աղակալման վրա դրանց ազդեցության գնահատումը ոռոգման ջրերի որակի ցուցանիշի (IWQI) և երկրավիճակագրական մեթոդների կիրառմամբ» գիտական ծրագիրը ներկայացրել է   Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնը:

 

Վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գիտական խումբը բաղկացած է 5 անձից: Ավելացնենք, որ խմբում ընդգրկված է Կենսաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրոս Սուսաննա Անտոնյանը, ով արդեն երեք տարի է ակտիվորեն մասնակցում ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:

 

Կարեն Ղազարյանը նշեց, որ նախագծի հիմնական նպատակն է գնահատել Արարատյան դաշտի ոռոգման համար օգտագործվող ստորերկրյա ջրերի որակը, դրանց ազդեցությունը հողերի աղակալման վրա, ինչպես նաև հիմնվելով երկրավիճակագրական վերլուծության վրա՝ ստեղծել այդ ջրերի որակի վերաբերյալ թեմատիկ քարտեզներ:

 

«Հաշվի առնելով կլիմայական առանձնահատկությունները, հողերի տիպերը և ստորերկրյա ջրերի որակը՝ ծրագրի շրջանակում առաջարկվելու է ոռոգման օպտիմալ մեթոդներ, որոնք կօգնեն նվազեցնել հողերի աղակալման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով հողերի աղակալման հիմնական աղբյուրները՝ առաջարկվելու է համալիր կառավարման ռազմավարություն մշակել հողերի աղակալումը կանխելու նպատակով»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Կարեն Ղազարյանը, խոսելով գիտական ծրագրի արդյունավետության մասին, նշեց, որ գիտական ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտության արդյունքները հնարավորություն կտան բացահայտելու Արարատյան դաշտի էկոլոգիապես առավել ռիսկային ջրհորները, որոնց ջուրն օգտագործվում է այդ շրջանում հողերի ոռոգման համար:

 

«Այս ծրագրի շրջանակում մենք նախատեսվում ենք տեղեկատվություն տրամադրել Արարատյան դաշտի ռիսկային շրջանների համայնքների և համապատասխան կազմակերպությունների հիմնական ջրհորների ջրի որակի վերաբերյալ, ինչը կնպաստի այդ շրջաններում գյուղատնտեսական աշխատանքների ճիշտ կազմակերպմանը»,- պատմեց ԵՊՀ դոցենտը:

 

Նրա խոսքով, ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նաև առաջարկել համապատասխան բնապահպանական միջոցառումներ ինչպես հողի վիճակը բարելավելու, այնպես էլ հողի աղակալումը կանխելու ուղղությամբ, քանի որ տնտեսապես շատ ավելի արդյունավետ է կանխել հողերի աղակալումը, քան մաքրել արդեն աղակալված հողերը»,- հավելեց ծրագրի ղեկավարը:

 

Կարեն Ղազարյանն ընդգծեց, որ հետազոտության վերջնական արդյունքները կնպաստեն հողի դեգրադացիայի դեմ ուղղված միջոցառումների ավելի արդյունավետ իրականացմանը՝ հնարավորություն տալով այս տարածաշրջանում կազմակերպել և ապահովել ջրային ու հողային պաշարների արդյունավետ կառավարման զարգացումը:

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԵԹՈԴՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Գևորգ Շահխաթունու կողմից ներկայացրած «Կիսահաղորդչային կառուցվածքների հետազոտումը իմպեդանսային սպեկտրասկոպիայի եղանակով» գիտական թեման: