10.06.2019 | 
Կրթություն
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄՈՒՄ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄՈՒՄ
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Թռչունյանն ընտրվել է Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Nature» հրատարակչության «Scientific Reports» հանդեսի խմբագրական խորհրդի կազմում։

Հանդեսն ընդգրկում է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և բնագիտության այլ ուղղությունները, ինչպես նաև բժշկագիտությունը։ Մեզ հետ զրույցում Կարեն Թռչունյանը հայտնեց, որ «Scientific Reports» հանդեսը գնահատում է հոդվածի բացառապես գիտական արժեքն ու հիմնավորվածությունը, ոչ թե նրա հնարավոր գործնական կարևորությունը կամ կիրառելիությունը։ Գրախոսվող այդ հանդեսի ազդեցության գործակիցը ներկայումս գերազանցում է 4-ը։

 

ԵՊՀ դասախոսը նշեց, որ տարածաշրջանի երկրների գիտնականներից միայն ինքն է ընդգրկվել նշված ամսագրի խորհրդի կազմում:

 

«Կարծում եմ՝ ընտրության համար նրանք հաշվի են առել իմ անցած ճանապարհը, քանի որ տարբեր ազդեցության գործակից ունեցող միջազգային մի շարք պարբերականներում ունեմ հրատարակած բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև հանդես եմ եկել որպես գրախոս»,- ասաց գիտնականը:

 

Որպես «Scientific Reports» հանդեսի խորհրդի անդամ՝ նա պատասխանատու է լինելու որոշ ուղղվածության հոդվածների համար, ինքն է որոշելու՝ արդյոք տվյալ հոդվածն արժանի է տպագրման, թե ոչ:

 

«Ես՝ որպես այս խմբագրական խորհրդի անդամ, այսուհետև ավելի մասնագիտորեն կարող եմ ուղղորդել ուսանողներին և խորհուրդներ տալ, թե կենսաբանության ոլորտում ինչ հետազոտություններ իրականացնեն, որ ուղղություններն են այսօր արդիական, ինչպես պետք է հոդվածը գրել, որպեսզի հետաքրքրություն առաջացնի և տպագրվի միջազգային պարբերականներում: Սա ինձ համար գիտելիքների ձեռքբերման ևս մեկ աղբյուր է»,- հավելեց Կ. Թռչունյանը:

 

Ըստ գիտնականի՝ այս ընտրությունը ևս կնպաստի ԵՊՀ միջազգային հեղինակության բարձրացմանը, Հայաստանում տարվող գիտական հետազոտությունների միջազգայնացմանը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարանում։ Էքսկուրսիան անցկացրեց թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Լիլիթ Հովհաննիսյանը:
ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս օրերին տեղի են ունենում քննարկումներ «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի շուրջ: Արտահայտվեցին բազմաթիվ հայագետներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Հարցը քննարկվել է նաև ֆակուլտետի գիտխորհրդի նիստում: