14.10.2008 | 
ԼԵՀԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՆԿՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԼԵՀԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ԱՆԿՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Ուսանողները լեհերեն լեզվին եւ գրականությանը կարող են ծանոթանալ ֆակուլտետի նորաբաց լսարանում:
Լեհաստանի Հանրապետության Սենատի միջոցներով, «Վսպուլնոտա Պոլսկա» ընկերության ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ ԵՊՀ ղեկավարության օժանդակությամբ բացվեց Յան Կոխանովսկու անվան լեհերեն լեզվի լսարան: Այն նախատեսված է ավելի խորացնել լեհերեն լեզվի դասավանդումը ԵՊՀ-ում: Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու ոչ միայն լեհերենը, այլեւ ավելի մոտիկից ծանոթնալու լեհ պատմությանն ու մշակույթին: «Նման լսարանի բացումն իմ առջեւ դրված կարեւոր խնդիրներից մեկն էր, քանի որ այն հնարավորություն կընձեռնի ավելի ամուր հիմքերի վրա դնելու մեր համագործակցությունը: Կարծում եմ` առաջին քայլն արդեն արված է, որպեսզի մեր ուսանողները կարողանան ձեռնամուխ լինել լեհերենի ուսումնասիրությանը»,- լսարանի բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Կնոտեն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, իր հերթին կարեւորելով լեհերեն լեզվի լսարանի բացումը, ավելացրեց, որ այս նախաձեռնությունը հերթական լսարանի բացում չէ. «Մենք ցանկանում ենք ստեղծել լեհերեն լեզվի եւ պատմության կենտրոն: Հավատացած եմ, որ այն կխթանի մեր կապերի ավելի խորացմանն ու ամրապնդմանը, եւ 4-5 տարի հետո մենք կունենանք լեհերենից հայերեն, հայերենից լեհերեն թարգմանող շրջանավարտներ: Ինչպես նաեւ ինձ շատ է ուրախացնում այս ֆակուլտետի առաջխաղացումը, այն կարծես վերածվել է սլավոնական ուղղվածությամբ ֆակուլտետի»: Իսկ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը հավատացած է, որ Համալսարանում բացված լեհական փոքրիկ անկյունը սիրված վայր կդառնա հայ ուսանողների համար: Ի դեպ, երկու ժողովուրդների պատմական համատեղ դրվագները, մշակութային ընդհանրությունները ներկայացնելու համար հայ եւ լեհ գիտնականները Վարշավայում կանցկացնեն համատեղ գիտաժողով: ԵՊՀ-ից Վարշավա կմեկնի Փիլիսոփայության եւ հոգեբանության դեկան Հրաչիկ Միրզոյանը: