11.01.2011 | 
Ուսանողական, Կրթություն
ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆՆ ՍԿՍՎԱԾ Է
ՁՄԵՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆՆ ՍԿՍՎԱԾ Է
Հունվարի 10-ից մինչեւ փետրվարի 1-ը ԵՊՀ ուսանողների հերթական փորձության շրջանն է:

Այս քննաշրջանը, սակայն, շատ առումներով տարբերվում է մի քանի տարի առաջ անցկացվող քննաշրջաններից: Պատճառը համալսարանում կրեդիտային համակարգով կազմակերպվող ուսուցումն է, որը թույլ է տալիս ուսանողներին քննություններին պատրաստվել ոչ թե մեկ կամ մի քանի օրում, այլ ամբողջ կիսամյակի ընթացքում:

 

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն ասում է, որ շատ դեպքերում ուսանողներն ընթացիկ քննությունների արդյունքներով եւ հաճախելիության ցուցանիշով արդեն իսկ վաստակում են իրենց դրական միավորը եւ չեն մասնակցում բանավոր ամփոփիչ քննությանը` բավարարվելով արդեն իսկ վաստակած թվանշանով: Պարոն Ժամհարյանը նաեւ նկատեց, որ կրեդիտային համակարգի ներդրմամբ պայմանավորված` վերջին տարիներին մեծացել է ուսանողների հաճախելիությունը դասերին, ինչը նաեւ դրականորեն է ազդում ուսանողների` քննության պատրաստվածության վրա: Այս քննաշրջանի ընթացքում ամենաանհանգիստը, թերեւս, առաջին կուրսեցիներն են, ովքեր առաջին անգամ են առնչվում «ամփոփիչ քննություն» կոչված երեւույթի հետ:

 

Նրանց մասին, ինչպես վստահեցնում է Ուսումնամեթոդական վարչության պետը, նախապես հոգ են տանում, այսպես կոչված, խորհրդատուները, ովքեր հիմնականում ֆակուլտետի փորձառու դասախոսներն են եւ իրականացնում են դպրոցի դասղեկի գործառույթները: Նրանք ուսանողներին ծանոթացնում են բուհի ուսումնառության առանձնահատկություններին, խորհուրդներ տալիս, թե ինչպես ամբողջ կիսամյակի ընթացքում վաստակել կրեդիտներ ու պատրաստվել ամփոփիչ քննությանը: Այս տարի կրեդիտային համակարգով են քննություն հանձնում բակալավրիատի առաջինից երրորդ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողները:

 

Ի դեպ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաեւ քննությանը անհարգի բացակայությունները բացառելու խնդրին: Ուսանողների համար անաչառ ու հավասար պայմաններ ապահովելու նպատակով ֆակուլտետների դեկանատները քննությանը չներկայացած ուսանողներից ընդունում են միայն ստացիոնար բուժման հետ կապված տեղեկանքներ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։